Լրահոս
Օրվա լրահոսը

Նժդեհ «ստանալու» համար գոռալը պարտադիր չէ

Հունվար 30,2013 13:51

Njdeh_ Njdeh_3Որոշ էպիզոդիկ դերեր խաղացողներն ավելի համոզիչ էին

Հունվարի 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Հրաչ Քեշիշյանի նկարած «Գարեգին Նժդեհ» ֆիլմի «փակ» դիտումը, իսկ հունվարի 28-ին՝ պրեմիերան, որը, ինչպես նշեց ռեժիսորը, նվիրված էր հայոց բանակի ազգային տոնին: Այսօրվանից այն կինոէկրանին է: Ֆիլմում նկարահանվել են Արտաշես Ալեքսանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Չուլպան Խամատովան, Միխայիլ Եֆրեմովը եւ ուրիշներ:

Ռեժիսորը փորձել է ոչ միայն Գարեգին Նժդեհի անցած ուղին պատկերել, այլեւ նրա կյանքի ոչ այնքան լուսաբանված դրվագները: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար, նշենք, որ ով էլ համարձակվեր «ձեռք տալ» Նժդեհի «տրամաչափի» մտածողին ու ռազմական գործչին, քննադատվելու էր, արված գործն էլ համարվելու էր անկատար: Բայց ցանկացած թեմա ու նպատակ էլ հաղթահարելի է, եթե համոզիչ է:

Ինչ վերաբերում է Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեին», նկարը բաղկացած էր ընդամենը հաջողված կտորներից: Այն տեսարաններում, որտեղ փորձ էր արվում ներկայացնել Գարեգին Նժդեհ մարդուն, «իրավիճակն» ավելի բարվոք էր, ռազմական տեսարանները, սակայն, «խեղճ» էին, եւ բնավ կարիքը չկար, որ Նժդեհը կամ նրա մարտիկները գլուխներ թռցնեին, որպեսզի հանդիսատեսը հասկանար, որ կռվիվ է: Լեռնահայաստանը երեւում էր ողջ հմայքով, ու դա ավելի խոսուն էր, քան հերոսների՝ հանուն այդ հողի մեռնելու երբեմն ծամծված խոսքերը: Կոպիտ էին անցումները, մի տեսակ կտրտված էր ստացվել ֆիլմը, անընդհատ «ցատկերով» էին կտորները միմյանց «կպնում»: Մոտ 3 ժամանոց ֆիլմում տեղին չէին Նժդեհի պաթետիկ-հայրենասիրական երկարաշունչ մենախոսությունները: Հաջող էր Նժդեհի՝ հայր դառնալու մասին լուրն իմանալու կտորը, հուզիչ՝ թոռան հետ հանդիպման պահը եւ այլն: Ի տարբերություն Հրաչ Քեշիշյանի նախորդ ֆիլմերում ունեցած իր մյուս դերերի, այս անգամ բավական հասուն էր Պողոսին մարմնավորած Խորեն Լեւոնյանի խաղը, սակայն ծիծաղելի էր նրա մատ թափ տալը Նժդեհի վրա: Չստացված էր Հովհաննես Դեւեջյանը՝ Վիգեն Ստեփանյանի կերպարը: Սրա կողքին փոքրիկ կտորում շատ վառ ու կենդանի էր ստացվել Երվանդ Մանարյանի հերոսը: Ֆիլմում համարյա բոլոր «էպիզոդիկ» կանայք լավ էին խաղում: Ի դեպ, երիտասարդ տարիքում Նժդեհին մարմնավորած, բայց Արտաշես Ալեքսանյանի ձայնով «խոսող» Շանթ Հովհաննիսյանը լավ էր «նայվում» ու լավ էլ խաղում էր: Ինչ վերաբերում է ինձ համար շատ սիրելի դերասան Արտաշես Ալեքսանյանին, ֆիլմում մի քիչ շատ էր նրա գոռգոռոցը. հասկանալի է, որ բարդ ճակատագիր ունեցող հզոր անհատի էր մարմնավորել՝ կյանքի բարդագույն փուլում, մարդու, որն անմնացորդ նվիրվել է հայրենիքին ու ժողովրդին, սակայն, վերջին հաշվով պատասխան էր տալիս հայրենասեր լինելու համար: Բայց այս ամենը գոռալով խաղալու պատրվակ չէին: Համոզիչ չէր նաեւ անվտանգության ծառայության բարեհամբույր սպան, որին շեֆերն անընդհատ գաղտնալսում էին Նժդեհի հետ ջերմ զրուցելիս, սակայն մատով չէին դիպչում. դա այն ժամանակների համար ֆանտաստիկայի ժանրից է:

Կարճ ասած՝ Նժդեհը մի քիչ «լացկան» էր ստացվել, հասկանալի էր, որ այդ աներեր ու խրոխտ էակն էլ մարդ է, տառապող մարդ, բայց նա հաստատ վեր է կանգնած եղել սովորական մարդկային թուլություններից ու չի երկնչել ոչնչից: Ֆիլմում կիքսեր էլ կային. Նազենի Հովհաննիսյանը մի դրվագում խոսում է արեւմտահայերեն, մյուսում՝ արեւելահայերեն, Նժդեհը մի տեսարանում երկրպագում է հեթանոս աստվածներին ու Վահագնին, մյուսում՝ սուրն օծել է տալիս քրիստոնյա հոգեւորականի մոտ…

«Իմ հոգին զույգ հենարան ունի՝ Աստված եւ Հայրենիք»,- կարծում ենք այսպես մտածող գործիչն ավելի լավ վերաբերմունքի էր արժանի:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031