Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միայն հրեշտակներն են, որ գիտեն…

Հունվար 30,2013 13:42

Երբ կիրակի է, եւ անձրեւում է,

Եվ երբ մենակ ես, պարզապես մենակ,

Բոլորի դեմ բաց,

Երբ, սակայն, տունդ չեն մտնում նույնիսկ չարագործները,

Դուռդ չի բախում նույնիսկ թշնամիդ եւ կամ հարբածը,

Երբ կիրակի է, եւ անձրեւում է, երբ ամբողջովին

դու ինքդ քոնն ես,

Զրույց չի լինում քո եւ քո միջեւ…

 

Կիրակի չէ, ու ոչ էլ անձրեւ։ Ձմեռ է՝ անսովոր խիստ, անսովոր ճերմակ՝ բոհեմի հավերժական պերճանքով շնչող այս քաղաքի համար։ Եվ մենք՝ գրականության ու մշակույթի հայ եւ չեխ սիրահարներս, հավաքվել ենք Պրահայի Նա Պիսկախ գողտրիկ փողոցի վրա գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպանատան մտերմիկ դահլիճում, ուր արվեստի ղողանջող լռության մեջ, սիրո ու անմահության սուրբ ուժով, երկար լռությունից հետո մեր սրտերում հնչում է երկու ժողովուրդների գրականության վերստին նորոգված ոգու հրեղեն զանգը։

…Գիրքը ձեռքումդ է, բայց խոսքերն արդեն հրաժարվում են։

Չեխ բանաստեղծ Վլադիմիր Հոլանի այս նրբին բանաստեղծությունը բնագրից թարգմանել է մեր Չեխ Հովոն՝ չեխական գրականության խենթ նվիրյալ Հովհաննես Հարությունյանը։ «Ես Չեխին շատ լավ գիտեի։ Մեր կյանքը Պրահայում աղջիկներն էին, գինին ու գրականությունը։ Հովիկը բոհեմի կյանքով ապրող մարդ էր, սիրում էր Պրահան ու մեր մշակույթը։ Խոսում էինք կանանց ու գրականության մասին»։ Հայ-չեխական գրական կապերին նվիրված այսօրվա հյուրերից մեկի՝ չեխ բանաստեղծ եւ Հովիկի մտերիմ ընկեր Յարոսլավ Հոլուբեկի սրտի խոսքն է։ Առողջ, թիկնեղ ու թավ բեղերով կարմրաթուշ մի տղամարդ, սարից նոր իջածի զուլալ անկեղծությամբ։ Ու տխրում եմ, շատ եմ տխրում։ Այս հեռավոր ու հրաշալի երկրում, այս դահլիճում, երեւի միայն երկուսս ենք անձամբ ճանաչել Հովիկին ու ես էլ մտովի, նույն վիճակի մեջ տեսնում եմ Հովիկին՝ երեւանյան մեր սերնդին հայտնի բոհեմում՝ «Առագաստ» սրճարանի Նինայանոցում։ Հովիկն արդեն հուշ է դարձել, բայց մեր հոգիներում կենդանի է նրա՝ անխղճորեն կարճ կյանքը լուսավորող վսեմ ճառագայթը, որ կամրջում է երկու ազգերի մշակութային հետագիծը, մատնանշում հոգեւոր արժեքների ճշմարիտ ճանապարհը։ «Գրում էր բանաստեղծություններ, սակայն իր ստեղծագործական հոգսերից առավել կարեւոր էր համարում Չեխիայում հայ գրականության տարածումը՝ սկսած հնագույն բանահյուսությունից, մինչեւ արդի գրական նորույթները։ Իր գործունեությամբ նա ոգեշնչում եւ կամրջում էր երկու գրականություն, երկու երկիր, երկու ժողովուրդ։ Ամենուր նա փնտրում էր հայ ժողովրդի բարեկամներին, եւ եթե իր կամքին թողնվեր, յուրաքանչյուր չեխի հայագետ կդարձներ»։ Բանաստեղծ Իրժի Ժաչեկի հուշերից մի հատված է՝ «Գարուն» ամսագրի՝ չեխական գրականությանը նվիրված համարից, որի բնագրային թարգմանությունների մեծ մասը իր ժամանակին կատարել է Հովհաննես Հարությունյանը։ Հովիկի անձնական հմայքը, նրա գրական-թարգմանական անուրանալի վաստակը չի մոռացվել արվեստների շքեղ առատությամբ շնչող այս երկրում՝ Չեխիայում։

Իսկ Հայաստանո՞ւմ…

Հայ-չեխական գրական երեկոն ոգեկոչեց հայ գրականությանն ու մշակույթին նվիրված մեկ այլ թանկ անուն՝ հայ ժողովրդի չեխ դուստր, հայ գրականության գանձարանի ամենաթանկ գոհարները չեխ ընթերցողին բերած, հայագետ, թարգմանչուհի Լյուդմիլա Մոտալովային։ Տասնամյակներ առաջ, հայ մշակույթի մեծ երախտավոր, չեխաբնակ Նշան Մարտիրոսյանի ու անվանի գիտնական, հայագետ Յարոմիր Յեդլիչկայի ջանքերով Կառլի համալսարանի փիլիսոփայության բաժնում բացվում է հայագիտության ամբիոն, ուր հայերեն է սովորել նաեւ Լյուդմիլա Մոտալովան։ «Լյուդմիլան ամուսնացած էր Հայաստանի հետ,- գրում է հայագետ Վացլավ Չեռնին,- նա ծառայում էր հայ ազգին ու խենթի պես սիրում էր Հայաստանը։ Ես նույնպես հայագետ էի, բայց երբ Մոտալովան ասպարեզ եկավ, ինձ խեղճ զգացի նրա կողքին եւ կամովին սուսուփուս հեռացա հայագետների խմբից»։ Իսահակյան, Պարույր Սեւակ, Գեղամ Սարյան, Կապուտիկյան, Մարո Մարգարյան։ Ահա ոչ լրիվ ցանկը։ Բազմաթիվ հոդվածներ, այդ թվում՝ հայերի ցեղասպանության մասին, ելույթներ, գրախոսություններ, հարուստ նամականի։ Մի ամբողջ գիտական ինստիտուտի տիտանական աշխատանք է վերցրել իր փխրուն ուսերին Լյուդմիլա Մոտալովան ու ծանր հիվանդությամբ ուղեկցվող իր կարճ կյանքում հասցրել ահռելի գործ կատարել հայ թարգմանական գրականության ու մշակույթի համար, որը հնարավորինս հավաքվել ու ամփոփվել է Երեւանի Իսահակյանի անվան գրադարանի՝ Մոտալովայի անունը կրող 3-րդ մասնաճյուղում։ Նրա հիշատակին այդ փոքրիկ հուշարձանը, թերեւս, ավելի հարուստ ու համակողմանի կլիներ, եթե այստեղ՝ Պրահայում, նրա մահից հետո, չթալանվեր ու չյուրացվեր Մոտալովայի տան հարուստ գրադարանը, անձնական նվիրատվություններն ու միգուցե նաեւ անտիպ ձեռագրերը։ Անհայտ է նաեւ Կառլի համալսարանում 1995թ. կրկին վերաբացված ու մի քանի տարի առաջ վերստին փակված հայագիտության ամբիոնի Մոտալովայի անվան գրադարանի ճակատագիրը։ Եվ այս առումով, կարծում ենք, մեր դեսպանատունը մեծ անելիքներ ունի։ Ճակատագի՞ր էր, թե՞ նախախնամություն, հրեշտակի թեւերին ապրող Լյուդմիլան, իսկ ավելի ուշ, բոհեմի պոետիկ ասպետ Հովիկը, կյանքից հեռացան շատ վաղ, թողնելով, սակայն, մշակութային մերձեցման այն հզոր ջահը, որն ապագայի առաջադիմության համար այսօր փորձում են բոցավառել նոր սերնդի հայ եւ չեխ թարգմանիչները։ Մնում է ավելացնել, որ մշակութային այս ձեռնարկը, որին ներկա էին տարբեր քաղաքներից եկած այսօրինակ միջոցառումներին կարոտ հայեր, ինչպես նաեւ չեխական ռադիոն ու հեռուստատեսությունը, կազմակերպել էր Չեխիայում Հայաստանի դեսպանատան խորհրդական Նունե Զաստուխովան եւ Չեխիայում ապրող հայ գրականության ու մշակույթի ջատագովների մի փոքրիկ խումբ, ովքեր օժանդակողն ու մասնակիցը եղան երեկոյի կազմակերպման ու անցկացման խնդրում։

ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Պրահա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031