Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններից առաջ՝ գնաճ

Հունվար 30,2013 13:39

Անգամ նախընտրական ամիսը գնաճը չի զսպում. թանկացել են հացը, ձեթն ու մակարոնեղենը

Մեր երկրում տարիների փորձը ցույց է տալիս, որ սպասվող ընտրությունների նախաշեմին թեեւ ժամանակավոր, բայց գնանկում է տեղի ունենում: Այդ մասին փաստում են ոչ միայն քաղաքացիները, այլեւ նախորդ տարիների վիճակագրական ծառայության տվյալները: Սակայն փետրվարին սպասվելիք ՀՀ նախագահի ընտրություններից առաջ ճիշտ հակառակն է. մի շարք ապրանքատեսակներ թանկացել են: Սա մեզ հետ զրույցում հաստատեցին նաեւ քաղաքացիները: Մեր ուսումնասիրությունները մայրաքաղաքի կենտրոնի եւ որոշ ծայրամասերի խանութներում ցույց տվեցին, որ հիմնականում թանկացել են տեղական արտադրության ապրանքները՝ հացը՝ քաշը նվազեցնելու հաշվին, հատիկավոր մշակաբույսերը՝ մոտ 50 դրամով, յուղի որոշ տեսակներ, ձեթը՝ 30-40 դրամով, մակարոնեղենը՝ 50-60 դրամով եւ մսամթերքի որոշ տեսակներ:

Հագուստի տոնավաճառներում վաճառողները նույնպես փաստեցին, որ իրենց ապրանքները թանկացրել են. «Մեզ ասել են, որ նախագահական ընտրություններից հետո «տամոժնյան» գները բարձրացնելու է, մենք էլ մի քիչ թանկ ենք ծախում, որ հետո կարողանանք շարունակել առեւտուրը, մեր գլուխը պահել»,- մեզ հետ զրույցում հագուստեղենի թանկացման պատճառն էլ այսպես բացատրեց «Սուրմալու» տոնավաճառի վաճառող Գագիկը։

Այս տարվա ՀՀ նախագահի նախընտրական շրջանը եթե համեմատելու լինենք անցած խորհրդարանական ընտրությունների նախաշեմի հետ, ապա ինչպես վիճակագրությունն է փաստում՝ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ մարտին, 1%-ով գնանկում է արձանագրվել:

Նախորդ նախընտրական տարիների վիճակագրությունը նույնպես հօգուտ սպառողների է: 2008 թվականի նախագահի ընտրություններից հետո՝ փետրվարին, վիճվարչությունը հունվարի նկատմամբ կրկին գնաճ էր արձանագրել՝ 1.1%:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը «Առավոտի» հետ զրույցում գնաճը կամ գնանկումը այնքան էլ չի պայմանավորում նախընտրական տարով. «Կարող է ինչպես գնանկում, այնպես էլ գնաճ արձանագրվել, որը, բնականաբար, չի կարելի միայն քաղաքական զարգացումներով պայմանավորել։ Թեեւ քաղաքական գործընթացներն էլ իրենց ազդեցությունը թողնում են: Ես կարծում եմ, որ եկող եռամսյակի տվյալների տենդենցը կլինի դեպի ավելի շատ գնաճը»: Գուցե իսկապես ՀՀ նախագահի այս ընտրությունները մրցակցային չեն, ինչպես որ պնդում են մի շարք քաղաքագետներ եւ քաղաքական գործիչներ: Հակառակ դեպքում գոնե ընտրողների սրտերն ու ձայները շահելու համար իշխանությունները ձեւականորեն գնաճը կզսպեին:

ՍԻՐՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031