Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նալբանդյանին Փարիզում հաջողվել է որոշակի առաջխաղացում գրանցել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցում». քաղաքագետ

Հունվար 30,2013 13:37

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով` հունվարի 28-ին Փարիզում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը:

«Դատելով հետագա զարգացումներից, մասնավորապես` նախագահի երեկվա հայտարարությունից` թե Ստեփանակերտի օդանավակայանը շուտով

կբացվի, կարելի է եզրակացնել, որ արտգործնախարարների հանդիպման ժամանակ հաջողվել է որոշակի առաջխաղացում գրանցել այս հարցում»,- այսօր, «Տեսակետ» ակումբում վերլուծելով արտգործնախարարների հանդիպումը, ընդգծեց քաղաքագետը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով` Հայաստանի դիրքորոշումը ԼՂՀ հարցի վերաբերյալ բավական համահունչ է միջազգային հանրության դիրքորոշումների հետ, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին:

Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք Ստեփանակերտի օդանավակայանի բացման հետաձգումը ունի միայն տեխնիկակա՞ն պատճառներ, քաղաքագետը պատասխանեց. «Այդ տեխնիկական պատճառների մեջ տեսնում եմ նաեւ դիվանագիտական դեռեւս մինչեւ վերջ չլուծված խնդիրներ: Միանշանակ է, որ Ադրբեջանի դիրքորոշումը դեռեւս խանգարող գործոն է հանդիսանում, եւ չեմ բացառում, որ տեխնիկական խնդիրներից բացի, հաշվի է առնվում նաեւ այս փաստը»:

Անդրադառնալով վերջերս Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում անվտանգության ուժերի ու քաղաքացիների միջեւ տեղի ունեցած բախումների թեմային` քաղաքագետը նշեց.

«Զարգացումները, որոնց մենք ականատես եղանք Իսմայիլիում, անցած տարի տեղի էին ունեցել նաեւ Ղուբայում: Այդ շրջաններում հիմնականում ապրում են լեզգիներ, որոնք իրենց շատ ճնշված են զգում: Չնայած ադրբեջանական իշխանությունները այդ բախումները կապում են սոցիալ-տնտեսական հարցերի հետ, բայց, փաստորեն, կա նաեւ ազգային խնդիր»:

Aravot.am-ի այն հարցին, թե որքանո՞վ է հավանականությունը, որ Ադրբեջանի իշխանությունները լեզգիների հետ կվարվեն այնպես, ինչպես վարվեցին հայերի հետ Սումգայիթում, քաղաքագետը պատասխանեց.

«Կոտորածների հասնելու չափ դեռ չի սրվել լեզգիների հարցը, բայց ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի լեզգիներին հանեն իրենց պատմական տարածքից: Անցած տարի երկու լեզգիական գյուղերի բնակիչները նույնիսկ բաց նամակով դիմել էին հայկական լրատվամիջոցներին՝ իրենց սատարելու նպատակով»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ` բանակցային գործընթացի ինտենսիվությունը այս տարի ավելի ցածր կլինի, քան նախորդ երկու տարիներին, քանի որ եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են լինելու:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Փարիզում կայացել էր

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յան Քելիի, Իգոր Պոպովի եւ Ժակ Ֆորի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031