Դեղին պետհամարանիշով տաքսիների վարորդները պահանջում են «սպիտակներին» էլ անհապաղ բերել օրենքի դաշտ
Մի քանի տարի առաջ, երբ հազարավոր տաքսիների վարորդներ կառավարության շենքի մոտ մեծամասշտաբ բողոքի ակցիա կազմակերպեցին՝ պահանջելով մեքենաների տարիքային սահմանափակումն ու լիցենզիայի համար 200 հազար դրամ պետտուրքը նվազեցնել, կառավարությունն ընդառաջեց, սակայն սա կառավարության եզակի բարեհոգություններից էր: Ընդ որում, անխտիր բոլոր վարորդներին պարտադրված է որպես տաքսի մեքենա շահագործել միայն դեղին պետհամարանիշներով, սակայն այն ժամանակ էլ կառավարությունը մեղմ մոտեցավ, հայտարարելով՝ քանի որ սոցիալական լուրջ խնդիր կառաջանա բոլոր տաքսիներին կարճ ժամկետում պարտադրել դեղին պետհամարանիշ ունենալ եւ մտնել օրինական դաշտ, ուստի ողջամիտ ժամկետ կտրամադրվի «փափախ» տաքսիստներին օրինական դաշտ մտնելու համար: Կառավարության այս մեղմ ու բարեհոգի մոտեցումը, սակայն, կեղծ դուրս եկավ, քանի որ հայտարարությունից ամիսներ անց կապի եւ տրանսպորտի նախարարության տրանսպորտի տեսչության աշխատակիցները ճանապարհային ոստիկանության հետ ժամանակ առ ժամանակ «ռեյդի» էին դուրս գալիս եւ տուգանում սպիտակ պետհամարանիշներով տաքսու վարորդներին:
Այսօր արդեն այդ ողջամիտ ժամկետը կարելի է համարել լրացած, եւ ժամանակն է բոլոր տաքսիների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծել, առավել եւս, որ հունվարի 1-ից գործող եկամտային հարկի եւ արտոնագրային հարկի «շնորհիվ» տաքսիների հարկերն ավելացել են:
Եթե մինչեւ հունվարի 1-ը տաքսիների արտոնագրային վճարը 7 հազար դրամ էր, ապա այժմ՝ 9,500 դրամ, սրան էլ գումարած եկամտային հարկը՝ 5000 դրամ, տարեկան պետտուրքը՝ 25 հազար դրամ եւ միջինը 38 հազար դրամ ԱՊՊԱ-ն, ապա տաքսիստները կլորիկ գումար են վճարում, ինչը անօրինական տաքսիստները չեն վճարում, իսկ ԱՊՊԱ-ի համար դեղին պետհամարանիշով տաքսիների վճարը սպիտակ համարներից մոտ 40% բարձր է:
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ զրույցում «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության ղեկավար Գեւորգ Դոստուրյանն ասաց, որ իրենց կազմակերպություն են դիմել բազմաթիվ վարորդներ, որոնք, իհարկե, չեն հրաժարվում հարկեր վճարելուց, սակայն պահանջում են, որպեսզի կառավարությունը բոլոր տաքսիների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծի եւ բոլորին օրենքի դաշտ բերի. «Եթե առաջ կառավարությունը պատճառաբանում էր, որ չի կարելի կտրուկ լուծումների գնալ, սոցիալական խնդիրներ կան եւ այլն, դա հասկանալի էր: Կարելի է ըմբռնումով մոտենալ «24»-ով կամ «ջորիով» տաքսու վարորդի նկատմամբ, որը օրը մի 2-3 հազար դրամի հարց է լուծում, բայց ինչ զիջման մասին կարող է խոսք լինել 8000-10 000 դոլարանոց մեքենայով անօրինական տաքսավատ անող վարորդի նկատմամբ»: Պարոն Դոստուրյանի համոզմամբ՝ կառավարությունը եթե մտքին դնի, ամենաշատը 1 ամսում խնդիրը կլուծի:
«Քաղաքացիական դիրքորոշում» հ/կ-ն հավասար մրցակցային դաշտ ապահովելու համար մի քանի օր է՝ դիմել է նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարությանը:
«Առավոտը» եւս գրավոր հարցում է արել նախարարությանը, մասնավորապես հետաքրքրվել ենք, թե վերջապես ե՞րբ բոլոր տաքսիները կգործեն հավասար պայմաններով, եւ այլեւս հանրապետությունում չեն լինի սպիտակ պետհամարանիշով անօրինական տաքսիներ: Մեր այս հարցին վերաբերող ոչ մի կոնկրետ պատասխան նախարարությունը չի տվել, ընդամենը նշել է, որ տաքսիների տարիքային սահմանափակումն են վերացրել, նվազեցրել են ներկայացվող փաստաթղթերի քանակը եւ տեղեկացրել են, թե որքան տաքսիներ են այս տարի լիցենզավորվել: Նախարարությունից նաեւ հետաքրքրվել էինք, թե մինչ օրս քանի՞ սպիտակ պետհամարանիշով տաքսիներ են ենթարկվել պատասխանատվության, եւ ի՞նչ ընթացքում է անօրինական տաքսիների դեմ պայքարը: Այս առնչությամբ նախարարությունը հայտնել է, որ սպիտակ պետհամարանիշով տաքսիների նկատմամբ կազմվել է 3,740 վերահսկողության արդյունքների ամփոփման արձանագրություն, եւ տեսչական վերահսկողական գործառույթները շարունակվում են: Այսպիսով՝ թե երբ տաքսիների համար կապահովվի հավասար մրցակցային դաշտ, նախարարությունից այդպես էլ ոչինչ չասացին: Փոխարենը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանը Գեւորգ Դոստուրյանի հետ հանդիպման ժամանակ, ինչպես վստահեցրեց հ/կ-ի ղեկավարը, խոստացել է խնդրին անդրադառնալ նախագահի ընտրություններից հետո:
Թե փետրվարի 18-ից հետո տաքսիների մրցակցային պայմաններն ինչպես կապահովվեն՝ դժվար է ասել, բայց օրինական գործող տաքսիների վարորդները՝ վճռական տրամադրված, հաստատեցին մեզ հետ զրույցում. «Եթե խնդիրը չլուծվի, մենք էլ կհրաժարվենք հարկեր վճարելուց, մենք էլ անօրինական դաշտ կմտնենք»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ