Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նժդեհի մասին խոսելով՝ Նժդեհներ չենք ունենալու»

Հունվար 30,2013 13:25

Սմբատ Այվազյանն ազգային անվտանգության նոր հայեցակարգ է առաջարկում

Սկիզբը

– Ո՞րն է Ձեր առաջարկի էությունը:

– Իմ առաջարկի էությունը հետեւյալն է. առաջին՝ սահմանամերձ գոտու յուրաքանչյուր բնակիչ պետք է ունենա իրեն եւ իր ընտանիքը պաշտպանելու հնարավորություն: Նա պետք է համարվի աշխարհազորային եւ ստանա դրան համապատասխան կարգավիճակ: Նրա սահմանամերձ գոտում ապրած ամեն օրը պետք է հավասարեցվի բանակային ծառայության հետ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Նաեւ՝ սահմանամերձ գոտում պետք է ստեղծվեն ռազմականացված բազա-բնակավայրեր, որոնք կկատարեն յուրօրինակ բուֆերի դեր ամբողջ սահմանային գոտու համար: Եվ երրորդ՝ բազա-բնակավայրերը պետք է նոր տիպի, նոր կենցաղով գրավիչ բնակավայրեր լինեն եւ դառնան քաղաքացու նոր տիպ ձեւավորող բջիջներ:

Հիմնականը սա է: Սրանով սկսվում է քաղաքացուն իր երկրի նվիրյալը դարձնելու գործընթացը: Սրանով սկսվում է քաղաքացու այդ տեսակը ձեւավորելու գործընթացը: Մինչեւ այժմ մեզանում քաղաքացու այդ տեսակը ձեւավորվել է միայն արհավիրքների ժամանակ: Պետք է վերջ դնել այդ տխուր ավանդույթին եւ քաղաքացու այդ տեսակը ձեւավորել, պահպանել ու զորացնել ամեն օր: Եթե մենք չունենանք քաղաքացի, որը ամեն օր ապրում է որպես իր հողի զինվոր, որը մտածում է որպես իր երկրի զինվոր եւ դա անում է առանց պարտադրանքի՝ հավատալով իր արածի ճշմարիտ լինելուն, ապա մենք անվտանգությունից երբեք չենք կարողանալու խոսել: Իսկ դրան հասնելու մեխանիզմը այնպիսի պայմանների ստեղծումն ու ապահովումն է, որոնք քաղաքացուն դարձնում են իրականում Երկրի Տերն ու Երկրապահը եւ քաղաքացու համար ապահովում են դրան համապատասխանող կարգավիճակ:

Չմոռանանք, որ միշտ հաղթում են այն բանակները, ում թիկունքում մարտունակ ժողովուրդ կա: Հաղթում են այն ժողովուրդները, որտեղ քաղաքացին զինվոր է, որտեղ ժողովուրդը բանակի շարունակությունն է:

Այն, ինչ այսօր ես ասում եմ, մեր նախնիները հասկացել էին 2000 տարի առաջ՝ հայոց պետություններում սահմանամերձ գոտիների համար սահմանելով մյուս տարածքներից տարբերվող կարգավիճակ:

– Այն, ինչ Դուք ասում եք, տարբերվում է մինչեւ այժմ ընդունված եւ հայտարարվող չափանիշներից:

– Մենք չպետք է ստանդարտներով մտածենք ու պետք է հասկանանք, որ մենք պարտադրված ենք ունենալ ուժեղ քաղաքացի ու լինել ուժեղ ժողովուրդ: Մենք պետք է մտածենք անընդհատ հզորանալու մասին, եւ այդ պրոցեսը մեզ համար չպետք է վերջ ունենա: Ճակատագիրը մեզ այլընտրանք չի տվել:

Ավելին ասեմ: Մենք պետք է լինենք այնքան ուժեղ, որ տարածաշրջանում խնդիրների եւ հարաբերությունների կարգավորումը իրականացվի մեր մասնակցությամբ եւ մեր միջոցով: Մենք պետք է վերջապես հասկանանք, որ բանակը ոչ թե պաշտպանության, այլ հարձակման գործիք է, եւ դրանում է որպես պաշտպանական համակարգի էլեմենտ՝ բանակի դերը:

Մենք պետք է ունենանք պաշտպանունակ, ուժեղ, իր հողին կառչած քաղաքացի, ամրացված, ապահով տարածք, շատ ուժեղ բանակ, ուժի պահպանմանն ու բազմապատկմանը միտված տնտեսվարում ու այդ ճանապարհով ընթացող պետություն եւ իշխանություն:

Իհարկե, այս ամենի հետեւում պետք է լինեն ծրագրեր, որոնցով ասածներս դառնում են ռեալություններ: Այդ ճանապարհը մենք միանգամից չենք անցնելու: Պետք է գնանք քայլ առ քայլ: Բայց այս երկրի քաղաքացին պետք է այդ քայլը տեսնի, որ կարողանա իրենից վանել անվստահությունն ու վախը:

Իսկ ինչ է տեսնում այսօր մեր երկրի քաղաքացին: Այսօր մեր երկրի քաղաքացին տեսնում է դատարկվող սահմանամերձ գոտի: Տեսնում է սահմանամերձ գոտում ապրող բնակչի, որը իր անձի, ընտանիքի եւ տարածքի պաշտպանության խնդիրների հետ որեւէ առնչություն չունի: Տեսնում է սահմանամերձ գոտում ապրող բնակչի, որը նյութապես բացարձակ անապահով վիճակում է: Եվ տեսնում է, որ չկա որեւէ գործուն ծրագիր, որով մեր սահմանամերձ տարածքները դառնան գրավիչ, որով այդտեղ բնակվելը դառնա ապահով, որով այդ տարածքի բնակիչը դառնա թե իր, թե իր ընտանիքի եւ թե այդ տարածքի ու ամբողջ երկրի պաշտպանության մասնակիցը եւ երաշխավորը:

Իհարկե, ես հեռու եմ այն մտքից, որ իմ առաջարկները լավագույնն են, սակայն այս տարբերակով երկիրը եւ ժողովուրդը, համոզված եմ, կարող են հասնել ապահով հանգրվանի: Իմ ասելիքը այն ճանապարհի շարունակությունն է, որով ես, իմ ընկերները եւ մեր ողջ ժողովուրդը անցանք 90-ականների սկզբին: Այն ճանապարհի, որը այսօր բոլորը անվանում են հաղթական: Այն ճանապարհի, որը չպետք է թույլ տալ, որ երբեւէ ընդհատվի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հարգելի՝ Սմբատ Այվազյան: Ձեր հոտվածի առաջնանասը կարդալով,՝ մի պահ ինձ
    թվաց թե Դուք տեղյակ չեք սահմանամերձ գյուղական բնակավայրերի անմխիթար
    ողբերգական վիճակին, և ցավոք միայն նախագահական ընտրություններին ենք
    խոսում այդ մասին, կարծես այն մեկ օրում, կամ մեկ տարում է այդ վիճակին հասել: Ձեր առաջարկությունը,՝ շատ ճիշտ է, լավն է, վեհ է, բայց այն իրագործելի է հզոր,
    հարուստ, կայացած, երկրի համար, այլ ոչ այն երկրի,՝ որտեղ սահմանամերձ վայրերը իրենց չեն կարող սնել, այլ ապրում են իրենց՝ ամուսինների, որդիների արտագնա ախատանքի շնորհիվ, և օր օրի դատարկվում են:
    Համամիտ եմ, որ միանգամից հնարավոր չէ այդ ճանապարհը անցնել, այլ պետք է
    այն անցնել քայլ առ քայլ, բայց հարց է,՝ ո՞ր ճանապարհով գնալ և ի՞նչ քայլերով:
    Եթե գնալ գործող նախագահի առաջարկած ճանապարհով, որ գյուղին պետք է
    աջակցել զեղջ գներով,՝ վառելիք, պարարտանույթ, կամ սերմ բաժանելով,՝ անկախ
    նրանից ինչ քայլերով առաջ գնանք վերջը՝ միանշանակ կործանում է:
    Եթե հիշենք գործող վարչապետի այցերը գյուղական վայրեր, և նրա խորհուրդները
    գյուղացիներին, որ գլխավորը այն է, երբ կովերը կթելուց առաջ, պետք է կովի
    կուրծքը լվանալ: Անկախ նրանից թե՛ կովը ինչպե՞ս է կերակրվում, կերը ինչպե՞ս է
    ձեռք բերվում և պահվում, շրջակայքում ջուր կա՞ թե՛ ոչ, և այսպես մինչև պատրաստի արտադրանք ստանալը և նրա առաքելը երկրից դուրս: Այս ուղին
    նույնպես կործանման ուղին է, որը՝ ես նույնիսկ թշնամուն չէի առաղարկի, մեխք են:
    Գործող նախագահի վերընտրվելը կնշանակի հենց այդ ուղու շարունակությունը:
    Ծրագրեր կան և պրակտիկ, որոնք տասնյակ տարիներ գործում են տարբեր զարգացած երկրներում և դա այն տեխնիկական բարդությունը չունի, որ անիրագործելի լինի: Այն յուրաքանչյուր գյուղական վայրի համար պետք է լինի
    յուրովի, կախված իր առանձնահատկություններից: Կան բարի մարդիք, ոչ միայն
    հայերի մեջ այլ նաև ուրիշ ազգությամբ, որոնք պատրաստ կլինեն օգնելու, բայց
    գոնե տեղում պետք է ապահոված լինի ազնիվ աշխատանքի երաշխիքը, որը գործող իշխանության համար ընդունելի չէ, քանի որ այն ամուր հիմքերով դրված է
    հանցագործ ուղու վրա, որի պատճառներն ու հետևանքները ինձնից լավ գիտեք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031