Լրահոս
Օրվա լրահոսը

Շոյգուն եկավ առաջիկա հինգ տարիների ծրագրով

Հունվար 30,2013 13:17

Կամ՝ մի «ռազմատեխնիկական» անսպասելի այցի պատմություն

Մինչ Արեւմուտքը ՀՀ իշխանություններից ակնկալում է, որ առաջիկա նախագահական ընտրություններն էլ ավելի ժողովրդավար անցկացնեն, քան մայիսի ԱԺ ընտրություններն էին, իսկ Սերժ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ հայտնում է իր նպատակաուղղվածությունը եվրոպական ընտանիքին մերձենալու ճանապարհին՝ ճիշտ ժամանակին, բայց բավական անսպասելիորեն Երեւան ժամանեց ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների ազդեցիկ մի խումբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձգձգվող այցը թերեւս որոշակիորեն ծածկելու նպատակով Երեւան այցելած պատվիրակությունը ետ չմնաց արեւմտյան գործընկերներից: Երեկ թե՛ Սերգեյ Շոյգուի, թե՛ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի երեւանյան բանակցություններին հետեւած մամուլի ասուլիսներում հնչած մեսիջները բավական տպավորիչ էին: Նկատենք, որ այցին արդեն իսկ նախորդել էր արտաքին աքսեսուարների ցուցադրում. մեկ շաբաթ առաջ «Էրեբունի» օդանավակայանում տեղի ունեցան ռուսական սահմանապահ զորքերի ՄԻԳ-29 դասի կործանիչների ցուցադրական թռիչքները:

«Հայաստանի եւ ՌԴ-ի դաշնակցային հարաբերությունները դինամիկ կերպով խորանում են»,- երեկ Երեւանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարարին ընդունել էր Սերժ Սարգսյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են «հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր»: Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը, ինչպես նշել է Շոյգուն, քննարկվել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր. «Ցանկանում եմ նշել, որ սա մեր երրորդ հանդիպումն է: Եվ, իհարկե, այն հարցերը, որոնք քննարկել ենք անցած տարի, իրենց լուծումն արդեն գտել են: Մենք նաեւ մանրամասն քննարկել ենք միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այս ուղղությամբ նույնպես ընդունվել են մի քանի լրացուցիչ որոշումներ: Բացի այդ, այսօր Երեւանում ՀԱՊԿ ղեկավարությունը այս ուղղություններով աշխատանքներ է տանում, եւ փաստաթղթեր են ստորագրվելու նոր տարրերի ձեւավորման համար, որոնք նպաստելու են տարածաշրջանային անվտանգության ապահովմանը»: ՌԴ պաշտպանության նախարարը հավելել է, որ գալիք փետրվարին երկու երկրների պաշտպանության նախարարությունները պետք է «հստակեցնեն առաջիկա հինգ տարիների համագործակցության ծրագիրը»։ Իսկ Սեյրան Օհանյանը նաեւ հավելել է, որ հայ-ռուսական բանակցություններում քննարկվել են նաեւ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման հետ կապված հարցեր: Ի դեպ, երեկ ծրագրված էր նաեւ ՌԴ պաշտպանության նախարարի այցը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայան:

Առայժմ միայն կարելի է ենթադրություններ անել, թե գալիք փետրվարին առաջիկա հինգ տարիների համագործակցության ծրագրի փաթեթը ինչ կարող է իրենից ներկայացնել: «Փետրվարն» ու «առաջիկա հինգ տարին» կարծես միանշանակ հուշում են, որ Մոսկվան Սերժ Սարգսյանին նախագահության երկրորդ շրջան հենց այնպես չի շնորհելու, եւ դրա հիմքերը նաեւ կնքվում են ռուսաստանցի պաշտոնյաների այցով:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ եւ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի միջեւ երեկ տեղի ունեցած բանակցություններին, ապա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին երկու հուշագիր՝ ԱԻՆ ոլորտում հումանիտար համագործակցության հիմնադրամ սահմանելու փաստաթուղթ եւ Հայաստանում «ՀԱՊԿ Ակադեմիայի» ստեղծման վերաբերյալ հուշագիր։ Երեւանյան միջոցառումների շարքում քննարկվել են զրահատանկային եւ ինժեներական, ՀՕՊ համակարգերի, «ՄԻ» մակնիշի ուղղաթիռների, ռուսական արտադրության մեքենաների տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման նպատակով Հայաստանի տարածքում արտոնագրված սպասարկման կենտրոններ ստեղծելու վերաբերյալ հարցեր:

«Այս ամենը ուղղված է մեկ բանի՝ ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության խորացմանը, ինչպես նաեւ Հայաստանի ակտիվ ներգրավմանը՝ համատեղ համագործակցությամբ ազգային անվտանգության ապահովման ուղղությամբ: Կարող եմ ասել, որ ՀՀ ղեկավարությունը, ՀՀ նախագահը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մեծապես կարեւորում են Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում: Հայաստանը ՀԱՊԿ-ի ամենաակտիվ անդամներից մեկն է, որը մշտապես հետաքրքիր առաջարկներով է հանդես գալիս, որոնք նպատակաուղղված են մեկ բանի՝ որպեսզի Հայաստանի անվտանգությունը լինի ամենաբարձր մակարդակի վրա, եւ որ ուժային կառույցները անհրաժեշտության դեպքում այդ անվտանգությունը կարողանան ապահովել արդյունավետությամբ»,- Երեւանում արձանագրեց Բորդյուժան։ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը իր հերթին տեղեկացրեց, որ ավարտվել են հայ-ռուսական տեխնիկական պայմանագրի աշխատանքները: «ՀԱՊԿ նախագահների որոշմամբ կստեղծվեն ՀԱՊԿ զորամիավորումներ, որոնք հնարավորություն կտան մեր զինված ուժերին ավելի մարտունակ դարձնել եւ կատարելագործել նրանց հզորությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ 2013-ին Հայաստանում երկու տասնյակ միջոցառում կիրականացվեն:

Ինչպես երեւում է ՌԴ իշխանությունների պահվածքից, հայաստանյան նախագահական ընտրությունների նախաշեմին Հայաստանը շարունակելով դիտարկել որպես հիմնական «հենակետ»՝ Մոսկվան Սերժ Սարգսյանից արդեն իսկ ստացել է հավաստիացումներ, թե ինչպիսին պետք է լինի «առաջիկա հինգ տարիներին» Հայաստանի իշխանությունը: Մյուս կողմից՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների որոշակի լարման ֆոնին կարելի է դիտարկել ՌԴ իշխանությունների՝ «ռազմատեխնիկական» հայաստանյան համագործակցության այս ցուցադրումը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Ռուսաստանն Ադրբեջանում դադարեցրեց Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի գործունեությունը։ Դեկտեմբերի 9-ին լրացավ ՌԴ-ի ու Ադրբեջանի կառավարությունների միջեւ Գաբալայի ՌՏԿ-ի կարգավիճակի, շահագործման սկզբունքների ու պայմանների վերաբերյալ համաձայնագրի ժամկետը: Փաստացի Ադրբեջանի ու ՌԴ-ի միջեւ անցկացված մի քանի տարիների ինտենսիվ բանակցությունները անպտուղ անցան՝ կողմերին չհաջողվեց համաձայնության գալ տվյալ կայանի վարձավճարի շուրջ: ՌԴ-ն այդ կայանը 10 տարով վարձակալել էր 2002-ի դեկտեմբերին, եւ քանի որ սպառվում էր դրա վարձակալության ժամկետը, մտադիր էր պայմանագիրը երկարաձգել մինչեւ 2025-ը, սակայն Ադրբեջանը պահանջում էր 43 անգամ ավելացնել տարեկան վարձավճարի չափը՝ 7 միլիոն դոլարից հասցնելով մինչեւ 300 միլիոն դոլարի:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031