Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն հեղինակությո՞ւն է

Հունվար 30,2013 13:12

Մեր պատվիրակների դժգոհությունները ԵԽԽՎ-ից գնալով ավելանում են եւ ավելի կոշտ ձեւակերպումներ են ստանում: Հայաստանի իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների գնահատականներն այս առումով առանձնապես չեն տարբերվում, ինչից կարելի է եզրակացնել, որ տարբեր եվրոպական երկրների խորհրդարանների պատգամավորներից շատերն իսկապես իրենց ամենեւին «եվրոպավարի» չեն պահում եւ այլասերված են ավելի շատ, քան հետխորհրդային կամ, ասենք, լատինաամերիկյան պետական պաշտոնյաները: Մասնավորապես, ԵԽԽՎ-ում «պարզվել է», որ Ադրբեջանը բավականին ժողովրդավարական երկիր է եւ փայլուն կերպով կատարում Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները: Իսկ եթե ինչ-որ բան այն չէ, ապա զուտ այն պատճառով, որ «իրենց» տարածքների 20 տոկոսը «զավթված է», եւ Ադրբեջանում կա մեկ միլիոն փախստական: Ինչպես ասում են, փողին (կամ տվյալ դեպքում՝ գուցե խավիարին) մուննաթ: Ուրիշ ինչպես կարելի է ծաղրել այդ կազմակերպության հռչակած նպատակները եւ ընդհանրապես՝ եվրոպական արժեքները:

Բայց այստեղից երկու հարց է ծագում՝ արժե՞ արդյոք «վիզ դնել», որ ԵԽԽՎ-ն քննադատական զեկույց ընդունի Ադրբեջանի վերաբերյալ: Եթե որեւէ մեկի կարծիքը ես կարեւորում եմ, ապա, անշուշտ, փորձում եմ նրան ներկայացնել բոլոր փաստերը, որպեսզի նա առավելագույնս օբյեկտիվորեն գնահատի իրավիճակը: Բայց եթե ես վստահ եմ, որ տվյալ մարդը կամ կազմակերպությունը գնահատական է տալիս կաշառքի ազդեցության տակ, ապա նրանց գնահատականն ինձ համար կոպեկի գին չունի:

Նույն տրամաբանությամբ՝ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու են Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը այնքան տանջվում, որ, օրինակ, եվրոպական այդ կառույցը հնարավորինս դրական կամ հնարավորինս բացասական գնահատական տա մեր ընտրություններին: Այդ ի՞նչ մի անաչառ դատավորներ են, որոնց կարծիքի վրա մենք այդքան դողում ենք: Հիմա նրանք ինչ-որ դիտորդներ են ուղարկելու, որոնք ինչ-որ զեկույցներ են գրելու, հետո այդ զեկույցները իշխանությունն ու ընդդիմությունը տառ առ տառ ուսումնասիրելու են, ասելու են՝ «հեղինակավոր միջազգային կազմակերպությունը ողջունեց», «հեղինակավոր միջազգային կազմակերպությունը դատապարտեց»՝ անտեսելով այն փաստը, որ այդ «ողջունելու» ու «դատապարտելու» գինը մի քանի կիլո խավիար է:

Իրականում առանց որեւէ դիտորդների էլ թացն ու չորը ջոկելը բավականին հեշտ է: Սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում վատն է, ու պատճառը ոչ թե 2008-2009 թվականների միջազգային ճգնաժամն է, ինչպես ուզում է ներկայացնել իշխանությունը, այլ իր՝ իշխանության ապաշնորհ եւ կոռումպացված լինելը: Մյուս կողմից՝ սուտ է, որ այս ընտրարշավն անցնում է ոչ մրցակցային, պասիվ պայմաններում: Սուտ է նաեւ, որ Հայաստանում կա վախի մթնոլորտ՝ դիտեք նախընտրական հանդիպումների տեսագրությունները: Վախի փուլը մեր երկրում անցած է՝ հուսանք, որ վերջնականապես:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Արևի լույսը հավասարապես լուսավորում է բոլորին, բայց տեսողության անպատշաճության պատճառով թվում է, թե ոմանց ավելի է լուսավորում, իսկ ոմանց` պակաս, որովհետև ոմանց աչքերն առողջ են, իսկ ոմանցը` տկար:»
    «Բարին նախընտրելի է, քան ճշմարտությունը, որպես ավելի ընդհանուր և համապարփակ մի բան, որովհետև այն ամենն, ինչ ճշմարիտ է, բարի է, բայց ամեն մի բարի բան ճշմարիտ չէ, որովհետև երբեմն պատահում է, որ սուտն էլ բարի է լինում:»
    «Երբ չկան մասերը, չի կարող գոյություն ունենալ նաև ամբողջը:»
    Դավիթ Անհաղթ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031