Լրահոս
Օրվա լրահոսը

«Անօրինականության» եւ «իմիտացիայի» իմիտացիա

Հունվար 30,2013 12:30

Հայաստանի նախագահի ընտրությունների քարոզարշավի տասնօրյակը լրացավ: Ընթացքը, կարելի է ասել, նորմալ է` առանց անհեթեթ ցնցումների, բայց ոչ առանց տարօրինակ հայտարարությունների ու ինչ-որ դրսեւորումների:
Դրսեւորումներ ասելով` նկատի ունենք նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի անհասկանալի հացադուլը, որին անդրադարձել ենք: Սա չէ հարցը: Բայց ներկայիս ընտրական քարոզարշավը առանձնանում է մեկ այլ յուրահատկությամբ:
Նախապես որոշ թեկնածուներ շրջանառության մեջ դրեցին ոչ մրցակցային ընտրությունների մասին տարբերակը: Չանցավ: Չէր էլ կարող անցնել, քանի որ «եթե ես ի վիճակի չեմ մրցելու, ուրեմն մրցակցություն չկա» բանաձեւը ընդամենը հիշեցնում է մանկամիտ վրեժխնդրություն:
Բայց պիտի հասկանալ վերջապես, որ քաղաքական պայքարի մեջ մտնելու համար, այն էլ հանրապետության նախագահի պաշտոնի, անպայման անհրաժեշտություն է քաղաքական կշիռը, հասարակական վարկը:
Հինգ տարին մեկ կամ հինգ տարին առաջին անգամ հայտնվել քաղաքական ասպարեզում եւ հասկանալով, որ սեփական հնարավորությունները միտված են զրոյի, մյուս թեկնածուներից պահանջել ինչ-որ քայլեր, կարծում ենք, անազնիվ է, բայց բոլորին հասկանալի է: Նախագահի թեկնածուներ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը իրենց այդպես էլ չհամարեցին խաղից դուրս վիճակում: Ավելին, նրանք հանդես եկան երկրից հեռացածների ցուցակները հրապարակելու համատեղ հայտարարությամբ` հնարավոր ընտրակեղծիքների դեմն առնելու նպատակով:
Բայց, ըստ որոշ թեկնածուների, սա էլ խաղ է: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հայտարարում է, թե «ընտրությունները արդեն անօրինական են», մնացածը դետալներ են` հանձնաժողովներ, ցուցակներ, «իմիտացիա է, որ հետո պարզվի, որ այս ընտրությունները լավ չեն ստացվել, որովհետեւ ցուցակները չեն հրապարակել, դա այդպես չէ: Ցուցակների հրապարակումով ոչ մի բան չի փոխվի»:
Տարօրինակ մի բան կա այստեղ. անօրինական են համարվում դեռեւս չկայացած ընտրությունները: Սա իսկապես նորություն է: Ընտրական օրենսգրքի խախտումներով կարող է ընթանալ դրանց նախապատրաստությունը, խախտումներ կարող են լինել թեկնածուների քարոզարշավի ընթացքում, բայց այդպիսիք, կարծես, չկան: Համենայն դեպս, մրցունակ թեկնածուներից որեւէ մեկը այդ մասին չի ահազանգել: Ցուցակների հրապարակումից ոչինչ չի էլ փոխվելու. դրանք ընդամենը ճշգրտվելու են. պահանջ, որ իրավացիորեն դրել են երեք թեկնածուները:
Զարմանալին այն է, որ ընտրությունների նորմալ անցկացմանն ուղղված քայլերը եւս դիմադրության ու կասկածի տեղիք են տալիս: Ո՞րն է նպատակը: Իսկ եթե ընտրողների ցուցակները չճշտվեին, տասնյակ հազարավոր անկապ անուններ լինեին դրանցում, ավելի լա՞վ կլիներ:
Դատելով մոտեցումից` շատ ավելի լավ կլիներ. ընտրությունների անօրինականության մասին առաջին անգամ կարելի կլիներ խոսել փաստերով: Ըստ Ա.Հարությունյանի, որոշակի ուժերի նկատմամբ եղել են ճնշումներ, բնակչության մոտ կեսը չունի առաջադրած թեկնածու: Դա նշանակում է, որ խոչընդոտ է եղել, եւ այդ իմաստով ընտրությունները անօրինական են:
Թե ով է նախագահի թեկնածուին մատուցել սույն թվաբանությունը, անհայտ է: Անհայտ է նաեւ, թե այդ ինչ ճնշումներ ու խոչընդոտներ են եղել: Որովհետեւ չեն եղել: Եթե նկատի է առնվում ժողովրդի «այն կեսը», որ սատարում էր ՀԱԿ-ին կամ ԲՀԿ-ին, ո՞րն է այստեղ ընտրապայքարի մեջ գտնվող թեկնածուների մեղավորությունը, որոնք գնում են դեպի «անօրինական ընտրություններ»:
Ո՞վ ստիպեց Լ.Տեր-Պետրոսյանին դառնալ 68 տարեկան կամ ԲՀԿ առաջնորդին չառաջադրել իր թեկնածությունը: Ասել կուզի` «իմիտացիայի» եւ «ընտրությունների անօրինականության» մասին չի կարելի խոսել դատարկ հայտարարություններով: Դրանք հուսահատության տպավորություն են թողնում:

Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ

«Հայոց աշխարհ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031