Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են մոռացել հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը

Հունվար 30,2013 12:19

1999թ. հոկտեմբերի 27-ի ու 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունները մշտապես եղել են ներքաղաքական դաշտի կարեւոր թեմաներից մեկը։ Այս հանցագործությունների բացահայտման պահանջը մշտապես եղել է ընդդիմադիր ուժերի օրակարգում։ Պատճառն ակնհայտ է՝ երկու հանցագործություններն էլ մեծ հարված էին՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանը, հայոց պետականության հիմքերին։ Միայն թե, զարմանալի զուգադիպությամբ, 2013թ. նախագահական ընտրությունների մասնակից ոչ բոլոր թեկնածուներն են իրենց ծրագրերում կարեւորել այս երկու ոճրագործությունների բացահայտման անհրաժեշտությունը։

Մարտի 1-ի սպանությունների բացահայտման մասին իր նախընտրական ծրագրում հիշել է միայն «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Բացահայտել եւ արդարադատություն իրականացնել 2008թ. մարտի 1–2-ի ոճրագործության եւ հաջորդած զարգացումների հակաօրինական ու հակաիրավական բոլոր գործողությունների եւ դրանց մեղավորների նկատմամբ»,- «Արդար կառավարում, օրինականության հաստատում, արդարություն եւ պայքար կոռուպցիայի դեմ» խորագրի տակ գրել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Այնինչ 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ¬ում իրականացված զազրելի ոճրագործության բացահայտման մասին իր նախընտրական ծրագրում չի անդրադարձել թեկնածուներից ոչ մեկը։ Նշենք, որ հոկտեմբերի 27-ից հետո ՀՀ-ում տեղի է ունեցել նախագահական 2 ընտրություն։ Եվ նախագահի առաջատար ընդդիմադիր թեկնածուները՝ 2003-ին Ստեփան Դեմիրճյանը, 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը, առանձնահատուկ կերպով են կարեւորել հոկտեմբերի 27-ի բացահայտումը։ Մինչդեռ հիմա այս թեման կարծես թե մոռացության է մատնվում։

Եթե 1999թ. հոկտեմբերի 27-ին ազգային անվտանգության նախարարի, իսկ 2008թ. մարտի 1-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի լռությունն այս հանցագործությունների հանդեպ կարելի է «հասկանալ», ապա մյուս թեկնածուների դեպքում այս հանգամանքն անհասկանալի է։

Թեկնածուներից, օրինակ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը եղել է 2008թ. ձեւավորված համաժողովրդական շարժման առաջնորդներից, ավելին, մարտի 1-ի առավոտյան ձերբակալել էին նաեւ Բագրատյանին, բայց կարճ ժամանակ անց նախկին վարչապետին ազատ էին արձակել։ Ուստի երեկ Հրանտ Բագրատյանի խոսնակ Կարինե Հարությունյանին հարցրինք՝ ինչու թեկնածուի նախընտրական ծրագրում որեւէ խոսք չկա հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի բացահայտումների մասին։ «Հրանտ Բագրատյանն իր հանդիպումներում մշտապես անդրադառնում է մարտի 1-ին եւ հոկտեմբերի 27-ին, եւ մենք առաջիկայում նախատեսում ենք հանդիպում մարտի 1-ի զոհերի հարազատների հետ»,- մեկնաբանեց նա։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ պարզաբանեց Հովհաննիսյանի կողմից հոկտեմբերի 27-ին չանդրադառնալու հանգամանքը։ «Րաֆֆի Հովհաննիսյանը մշտապես բարձրաձայնել է հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին ու դա արել բազմիցս»,- նշեց Մարտիրոսյանը՝ վստահեցնելով, որ նախընտրական ծրագրում այդ մասին առանձնահատուկ կերպով չնշելը քաղաքական որեւէ ենթատեքստ չունի։

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսպես մեկնաբանեց. «Իմ նախընտրական ծրագրահենքի նյութերը բավական խիտ են, ես անգամ կենսագրությունս ստիպված եղա կրճատել։ Եթե մարդը ներկայացնում է իր ոլորտների վերաբերյալ սկզբունքները, դրանից արդեն կարելի է կռահել նրա վերաբերմունքը մասնավոր դեպքերի հանդեպ։ Ես, օրինակ, իմ ազգային-արժեքային համակարգում անդրադարձ ունեմ, որ մենք հաշվեհարդարով չենք զբաղվելու, բայց օրինականությունը պետք է քննարկվի, վերանայվի նաեւ անցյալում կարեւոր նշանակություն ունեցած հարցերի հանդեպ»

Արման ԳԱԼՈՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինձ երբեմն տհաճ զարմանք է պատճառում,՝Պարույր Հայրիկյանի բազմաիմաստ
    պատասխանները: Ի՞նչ է նշանակում մասնավոր դեպքեր: Մի՞ թե ՛ մարտի 1-ը կամ
    հոկտեմբերի 27-ը մասնավոր դեպքեր են: Ապա ո՞ր դեպքն է պետական մասշտաբով:
    Մի գուցե այն, որ թշնամու հետ պայմանավորվել և սեփական ժողովրդին կոտորել
    առանց պատճառի՞:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031