Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ 2013 թվականին Հայաստանում աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ

Հունվար 30,2013 12:13

Գիտե՞ք, թե ինչու 2013 թվականին Հայաստանում աշխատավարձերի բարձրացում ՀՀ պետական բյուջեով նախատեսված չէ։ Այն պարզ պատճառով, որ բյուջեում փող չկա։

Ավելի ճիշտ, մի քիչ կա, բայց արտաքին պարտքը այնքան մեծ է, որ 2013 թվականին ավելի քան 400 միլիոն դոլար բյուջեից տրամադրվելու է այդ պարտքի սպասարկմանը։ Այսինքն, արտաքին պարտքի սպասարկմանը ուղղվելու է մոտավորապես այնքան գումար, որքան պետական բյուջեով 2013-ին հատկացվելու է երկրի պաշտպանությանը։ Իսկ գիտե՞ք, թե ինչու փող չկա, կամ ինչու է մեր արտաքին պարտքը այդքան մեծացել։ Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ ԿԲ նախկին նախագահ, ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը մի օր երազում տեսել է, որ Հայաստանը պետք է դառնա համաշխարհային, համատիեզերական ֆինանսական կենտրոն, արթնացել է ու որոշել, որ Դիլիջանում պետք է կառուցվի Կենտրոնական բանկի «Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն»։ Նույն երազը տեսել էր նաեւ ԿԲ ներկայիս նախագահ Արթուր Զավադյանը։ 2009 թվականին, երբ Հայաստանը այստեղից-այնտեղից առեւտրային տոկոսներով վարկեր էր մուրում, իբր ճգնաժամը հաղթահարելու համար, Դիլիջանում սկսվեց հսկայական մի շինարարություն, որի արժեքը առնվազն 70 միլիոն դոլար է։ Գիտե՞ք ինչ նպատակով։ «Կենտրոնը հավակնում է դառնալ միջազգային սեմինարների եւ գիտաժողովների տարածաշրջանային կարեւոր ինստիտուտ… նախատեսվում է նաև միջոցներ ձեռնարկել նոր, ժամանակակից շտեմարանների կառուցման ուղղությամբ, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա հայաստանյան և միջազգային հետազոտողների համար՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ իրականացնելու կիրառական աշխատանքներ»,- սա մի հատված է այդ կենտրոնի նպատակների վերաբերյալ ԿԲ-ի համապատասխան փաստաթղթից։ Այսինքն, այս կենտրոնում սեմինարներ ու գիտաժողովներ են անցկացնելու եւ հետազոտեն մեր տնտեսությունը։ Գրազ գանք, ԱՄՆ-ը, Ճապոնիան, Չինաստանը, Գերմանիան այդքան փող չէին ներդնի սեմինարներ ու տնտեսություն «հետազոտելու» համար։ Որպեսզի ավելի պատկերավոր համեմատություն լինի, բերենք հետեւյալ հաշվարկը։ Այս կենտրոնի շինարարությունը մեր մեկ տարվա պետբյուջեի 2.8 տոկոսի չափ գումար է արժեցել։ Դա նույնն է, որ ԱՄՆ-ը նման մի կենտրոն կառուցելու վրա ծախսեր 106 միլիարդ դոլար։ Դա 20 հատ հզոր ատոմակայանի փող է։

Ուշագրավ է, որ այդ շենքը կառուցելով, մենք՝ հարկատուներս, դեռ չենք պրծել ծախսերից։ Մենք դեռ վճարելու ենք այդ կառույցի սպասարկման համար, վճարելու ենք, որ բազմաթիվ աշխատակիցներ բարձր, շատ բարձր աշխատավարձով ապրեն Դիլիջանում, վճարելու ենք նրանց կեցության ծախսերը, տալու ենք նրանց երեխաների ուսման վարձերը Դիլիջանի «սպեց» դպրոցում …:

Եվ ուրեմն, ինչու՞ է կառուցվել այդ շենքը։ Նախ, շինարարության վրա ծախսվել է հսկայական գումար։ Շինարարությունը, ինչպես հայտնի է, ստվերային ամենամեծ հատված ունեցող բիզնեսն է, եթե չհաշվենք զենքի եւ թմրանյութերի ընդհատակյա առեւտուրը։ Իսկ դա նշանակում է, որ այդ 70 միլիոն դոլարի ամենաքիչը՝ մի 20 տոկոսը կամ մի 15 միլիոն դոլարը «լվացվել է»։ Այստեղ կասկածներ կա՞ն։ Երկրորդը, կարող ենք գրազ գալ, որ ԿԲ-ի ղեկավարությունը շաբաթը մի քանի օր «աշխատանքի կգնա» Դիլիջանի կենտրոն, որին կից գործելու է հինգաստղանի մի ոչ շատ մեծ ճոխ հյուրանոց։ Որ հարցնես, թե ինչու են այդքան հաճախ գնում Դիլիջան, կպատասխանեն, որ միայն այնտեղ է հնարավոր մշակել Հայաստանի դրամավարկային քաղաքականությունը։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031