Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ իշխանական բոլոր թեկնածուներն էլ ասում են, թե պատրաստ են բանավիճել միմիայն Սերժ Սարգսյանի հետ

Հունվար 30,2013 11:47

Նախագահական քարոզարշավի առաջին 10 օրերն արդեն անցել են, սակայն մրցակցային ընտրություններից եւ քաղաքակիրթ ընտրապայքարից խոսող թեկնածուներն այդպես էլ հանրությանն իրենց առավելությունները չեն փորձում ներկայացնել հրապարակային բանավեճերի միջոցով։ Գրեթե առանց բացառության, ոչ իշխանական բոլոր թեկնածուներն էլ ասում են, թե պատրաստ են բանավիճել միմիայն մեկ թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի հետ։ Ինչ խոսք, մենք հեռու ենք առաջադրված թեկնածուներից որեւէ մեկի արժանիքները Սերժ Սարգսյանի արժանիքներից պակաս համարելուց, ընդհակառակը։ Խնդիրն այն է, սակայն, որ թեկնածուների այս պահվածքը պայմանավորված է ոչ այնքան իրենց առավելությունների եւ մնացյալների թերությունների գիտակցությամբ, որքան սեփական անձը կարեւորելու մարմաջով։ Մինչդեռ կարծում ենք, որ հանրության համար անչափ հետաքրքիր կլիներ լսել, օրինակ, Հրանտ Բագրատյանի եւ Պարույր Հայրիկյանի բանավեճը, կամ էլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Արման Մելիքյանի դիսկուրսը՝ արտաքին քաղաքական հարցերի շուրջ։ Սա ընտրողներին ներկայանալու ամենապարզ եւ քաղաքակիրթ ճանապարհն է, եթե, իհարկե, այդ թեկնածուներն իրապես հարգում են իրենց ընտրողներին։ Քանի որ կարող է, չէ, լինել այնպես, որ որեւէ մեկը հավանում է եւ Բագրատյանին, եւ Հայրիկյանին, սակայն վերջնականապես կողմնորոշվելու համար նրան պետք է հենց այդ ուղիղ համեմատությունը՝ բանավեճի տեսքով։ Ու երբ այդ թեկնածուները զրկում են իրենց ընտրողին նման հնարավորությունից, դրանով իսկ ցույց են տալիս, որ իրենց աշխարհայացքով ընտրական գործընթացի հանդեպ վերաբերմունքով եւ եսակենտրոն ամբիցիաներով շատ չեն տարբերվում Սերժ Սարգսյանից։ Հակառակ պարագայում նրանք կգիտակցեին, որ բանավիճելով ամենացածր շանսեր ունեցող թեկնածուի հետ անգամ, իրենք չեն փոքրացնում սեփական քաղաքական կշիռը, ոչ էլ դիմացինի կշիռն են սեփականի հաշվին բարձրացնում։ Դրանով իրենք պարզապես հարգանք են դրսեւորում ընտրություններ կոչվող ինստիտուտի հանդեպ։

Ամենատխուրը, սակայն, այն է, որ իրենցից «ցածր քաղաքական կշիռ ունեցողե թեկնածուների հետ բանավիճելուց հրաժարվող թեկնածուները առիթը բաց չեն թողնում նույն այդ թեկնածուի հասցեին ցեխ շպրտելու համար՝ այս դեպքում բոլորովին չմտահոգվելով իրենց քաղաքական կշիռների անհամադրելիությամբ։ Եվ կամ՝ չեն խորշում մրցակից թեկնածուների գաղափարները յուրացնելու կամ նրանց ձեռնարկած փի-առ ակցիայից սեփական կտորը պոկելու հարցում, ինչպես որ Անդրիաս Ղուկասյանի հացադուլի դեպքում արեց Պարույր Հայրիկյանը եւ պատրաստվում է անել Արամ Հարությունյանը։ Կամ էլ՝ Արման Մելիքյանի՝ ցուցակների հրապարակման պահանջի հետ կապված արեցին Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը։

Հետո էլ ասում ենք՝ ընտրությունների ինստիտուտը Հայաստանում չի կայանում։ Մինչդեռ այդ ինստիտուտը ոչ միայն բուն քվեարկությունն է ու տաշի-տուշիներով քարոզարշավը, այլեւ մրցակիցներին եւ ընտրողներին հարգելու տարրական ունակությունը։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031