Երեկ վերաքննիչ բողոք բերելու ժամկետն ավարտվելուց րոպեներ առաջ՝ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան դիմեց Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանը:
47 էջից բաղկացած բողոքում փաստաբանը վիճարկում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա դեկտեմբերի 27-ի վճիռը՝ ամբողջ ծավալով:
Ս.Զոլյանի ներկայացուցիչը մեր հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ դատարանն ամբողջությամբ գնահատականներ չի տվել իրենց ներկայացրած մի շարք հանգամանքներին, ապացույցներին. « Կային պահանջներ, որոնք ընդհանրապես չեն արժանացել դատարանի ուշադրությանը, փոխարենը դատական ակտում խոսվել է ապօրինի ստուգումների մասին, որոնք կապ չունեին մեր ներկայացրած հայցապահանջի հետ»:
Հիշեցնենք, որ նախկին ռեկտորի հայցն ընդդեմ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի էր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 06.04.2012 թվականի թիվ 160-Ա, 17.04.2012 թվականի թիվ 173-Ա և 17.04.2012 թվականի ապրիլի 17-ի թիվ 58-Ա1 հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու մասին էր, ինչը դատարանը մերժել էր ամբողջությամբ:
Կարդացեք նաև
Բողոքաբեր կողմը հայտնել էր հետևյալը. 2008 թվականի մարտի 13-ին Ս.Զոլյանն ընտրվել է Վ. Բրյուսովի անվան Պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր։ Այն հաստատվել է ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 13-ի թիվ 220-Ա որոշմամբ։ 2008 թվականի մարտի 17-ին հայցվորի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է թիվ 134 աշխատանքային պայմանագիրը: Ըստ այդ պայմանագրի, Ս.Զոլյանը հանդիսանում էր նաեւ Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի 17-րդ հոդվածով սահմանված փորձագետների կոմիտեի փորձագետ։
Հայցվորը Խարտիայի գլխավոր քարտուղարության հրավերով մարտի 19-23-ը գործուղման է մեկնել Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք՝ մասնակցելու Խարտիայի Փորձագետների կոմիտեի 41-րդ նիստին։ Մինչ գործուղման մեկնելը, բացառապես էթիկայի կանոնների պահպանման նկատառումով, հայցվորը մարտի 13-ի գրությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարին տեղեկացրել է դրա մասին։ Ի պատասխան հայցվորի գրության՝ պատասխանողը մարտի 15-ի գրությամբ հայցվորին հայտնել է, թե ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քննարկել է բարձրացված հարցը և Զոլյանի մասնակցությունը համարել է ոչ նպատակահարմար։ Պատասխանողն ապրիլի 6-ի թիվ 160-Ա հրամանով նկատմամբ կիրառել է խիստ նկատողություն՝ գործուղման մեկնելու և ռեկտորի լիազորությունները պրոռեկտորի վրա դնելու համար։
Նախարարի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 190-Ա/Ք հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը մարտի 20-27-ը համալսարանում անց է կացրել ստուգում, ինչի վերաբերյալ ապրիլի 12-ին կազմվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին ակտ։ Կազմված ակտից հետո Զոլյանը ստացել է խիստ նկատողություն , ապա ազատվել ռեկտորի պարտականություններից:
Ս.Զոլյանի ներկայացուցիչն ասում է, որ առաջնորդվելով իրավական ակտերով՝ իր վստահորդը գործուղման է մեկնել Ստրասբուրգ ` մասնակցելու Խարտիայի Փորձագետների կոմիտեի 41-րդ նիստին, իբրեւ Հայաստան պետության ներկայացուցիչ, ոչ թե՝ նախարարի:
Համաձայն Իրավական ակտերի մասին գործող օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի, պետական այլ մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների և իրավաբանական անձանց իրավական ակտերը չպետք է հակասեն Հայաստանի օրենդրությանը, գերատեսչական ակտերին, տեղական ինքնակառավարման ակտերին, դատական ակտերին, Հայաստանի միջազգային պայմանագրերին։
Լիանա Գրիգորյանի կարծիքով, նախարար Ա.Աշոտյանի հրաման 1-ի հիմքում դրված փաստարկը, թե՝ հայցվորն իր բացակայության ժամանակահատվածում ռեկտորի հրամանով, առանց լիազորված պետական մարմնի որոշման, իր պարտականությունների կատարումը հանձնարարել է այլ անձի, ինչով խախտվել է Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, նույնպես անհիմն է։
Ինչ վերաբերում է նախարարի 2-րդ հրամանին, ապա ըստ բողոքաբեր կողմի, որևէ կերպ չի հիմնավորվել, թե ստուգող հանձնաժողովի կողմից կազմված ակտում արձանագրված խախտումների համար պատասխանատու սուբյեկտը Սուրեն Զոլյանն է:
Լ.Գրիգորյանը պահանջում է ամբողջությամբ բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ