Նախագահական քարոզարշավի հետ կապված մեծ հոռետեսություն կար։ Շատերի համոզմամբ այն ամենատաղտկալի ու անհետաքրքիր քարոզարշավը պետք է լիներ նորանկախ Հայաստանի պատմության մեջ։ Նույնիսկ, միջազգային դիտորդները շտապեցին իրենց գնահատականը տալ. հայտարարեցին, որ հասարակական մեծ անտարբերություն կա այս ընտրական ողջ գործընթացի նկատմամբ։ Եւ ահա, աշխարհի ամենալավ, ամենաթափանցիկ, մաքուր եւ ժողովրդավարական ընտրություն անցկացնելու «պարտավորություն» ստանձնած Հանրապետական կուսակցությունը, մինչեւ քարոզարշավի ավարտը, պետք է հասցներ ինչ-որ բան փոխել։ Ո՞ւմ է պետք թափանցիկ ընտրությունը, եթե նույնիսկ պալատական սոցիոլոգի հարցումներով ընտրողների 80 տոկոսը անտարբեր է այդ ընտրության նկատմամբ։ Դժվար խնդիր էր, գրեթե, անլուծելի։ Հայաստանում հետաքրքրություն առաջացնել այս նախագահական ընտրությունների նկատմամբ, նույնն է՝ թե դրանց նկատմամբ հետաքրքրություն առաջացնել, ասենք՝ Ավստրալիայում։ Ոչ մի տարբերություն։
Բայց ինչպես ասում են, մարդու մտքին տեղ լինի։ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն իր վրա է վերցրել այդ ծանրագույն աշխատանքը, եւ արդեն երկու օր է, «հաջողություններ» է գրանցում։ Նախօրեին օրինակ, նա Եռաբլուրում իրեն մոտեցած մի կնոջ քիչ էր մնում ծեծի ենթարկեր, եւ այս դրվագը լրահոսի 1-ին հորիզոնականն էր զբաղեցնում, հանրային քննարկումներ հարուցում։ Երեկ էլ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզի Մովսես գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ խոսեց «թարս բուսնող խիյարի մասին»։ «Այ տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում»,- գյուղացիներից մեկին ասաց Սերժ Սարգսյանը։ Գյուղացին Սերժ Սարգսյանի հարցին, թե «հայրիկ ջան, ի՞նչ խնդիրներ ունեք», պատասխանել էր, թե ամենամեծ խնդիրն այն է, որ գյուղը դատարկվում է, իր երեխաները Ռուսաստանում են։ Սերժ Սարգսյանն էլ անկեղծ զարմացել էր. «Ես ե՞մ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են։ Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»։ Գյուղացին էլ ասել էր, որ եթե գյուղում «զավոդ», աշխատատեղ լիներ, իր երեխաները չէին գնա։ «Գյուղում զավոդ լինե՞ր։ Այ տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում։ Հայրիկ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի եք նոր մեղք բարդում մեր վրա։ Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի՝ ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան, ե՞ս եմ մեղավոր։ Թող մնար գյուղում, հող մշակեր, անասուն պահեր»,- ասել էր նախագահի թեկնածուն։ Եւ կրկին, Սերժ Սարգսյանը լրատվության աոաջին հորիզոնականում էր։ Թե ինչ կոնտեքստով, բացարձակապես էական չէ։ Կարետր է, որ նախագահական այս ընտրության ու քարոզարշավի նկատմամբ հետաքրքրություն առաջանա։ Կարեւորը, որ մարդիկ խոսեն ընտրությունների եւ թեկնածուի մասին, մարդկանց բառապաշարում հնչեն «նախընտրական քարոզարշավ», «ընտրողների հետ հանդիպում», «գյուղացու հետ զրույց» բառերը, եւ այս առումով, նույնիսկ «թարս բուսնած խիյարն է» օգտակար։ Այս թարս խիյարների, «չիբուրաշկաների», լացող կանանց վրա հարձակումների եւ առաջիկայում սպասվող այլ ակցիաների շնորհիվ է, որ դիտորդները պետք է հայտարարեն, թե չնայած սկզբնական շրջանի տոտալ անտարբերությանը, քարոզարշավի ընթացքում ընտրողները սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել ընտրական գործընթացի նկատմամբ։
Իսկ ինչ վերաբերվում է «թարս բուսնած խիյարին», Հայաստանում ընդհանրապես ոչ մի «դուզ» բան չկա։ Խիյարն էլ է թարս բուսնում, ընտրողների թիվն էլ է թարս բուսնում՝ բնակչության թվին հակառակ։ Հայաստանում գներն էլ են թարս բուսնում, միջազգային շուկայում թանկացումներ են, Հայաստանում ամեն ինչ թանկանում է, միջազգային շուկայում էժանացումներ են՝ Հայաստանում ամեն ինչ ավելի շատ է թանկանում։ Հայաստանում մարդկանց լավատեսությունն էլ է թարս բուսնում, «տնտեսությունը զարգանում է», արդարադատությունը «հաղթանակում է», կյանքը բարգավաճում, բայց մարդիկ ավելի ու ավելի գլխապատառ են երկրից փախչում։
Հայաստանում, նույնիսկ ընտրությունների արդյունքներն են թարս բուսնում՝ որքան մարդիկ հիասթափվում ու դժգոհում են իշխանություններից, այդքան այդ իշխանության ներկայացուցիչներն ավելի բարձր տոկոսներով են հաղթում ընտրություններում։
Կարդացեք նաև
Աննա Վ. ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայկական ժամանակ»