Հունվարի 28-ին սպանության է տեղի ունեցել Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղի 20-րդ փողոցի թիվ 112 հասցեում։ Սարի թաղի 3-րդ վաղոցի բնակիչ 43-ամյա Սերգեյ Գալստյանը վիճաբանել է 26-րդ փողոցի բնակիչ Էդիկի հետ, որն առավել հայտնի է Օդոլ մականվամբ եւ Սարի թաղի ՀՀԿ շտաբի պետն է։ Արդյունքում Օդոլը հրազենից կրակել եւ սպանել է Ս. Գալստյանին։
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղի 3-րդ փողոց, որտեղ ապրում էր սպանված Ս. Գալստյանը։
Տան մուտքի մոտ հավաքված էին սպանվածի ընկերներն ու հարազատները, որոնք չցանկացան կատարվածի մասին մեկնաբանություն տալ։ «Սիրտ ու հավես չունենք, ո՞նց կարող ենք այսքան բանից հետո խոսել»,- նշեցին հարազատները՝ խորը ցավով ափսոսալով, որ հանցագործը գոնե օդ չի կրակել։
Տեղեկացանք, որ Սերգեյ Գալստյանն ամուսնացած էր եւ ապրում էր հարազատներից առանձին՝ կնոջ եւ երկու երեխաների հետ. աղջիկը 5 տարեկան է, տղան՝ 7:
Կարդացեք նաև
Հարեւաններից շատերը նշեցին, որ Սերգեյը շատ լավ անձնավորություն էր եւ ընտանիքին նվիրված հայր. «Աշխատող տղա էր, կռվարար չէր, առեւտրով էր զբաղվում ու իր օրվա ապրուստը հոգում»։ Ներկայանալ չցանկացած որոշ հարեւաններ էլ նշեցին, որ շատ լավ են ճանաչում նաեւ Սերգեյին սպանողին՝ Էդիկին, եւ իրենց համար զարմանալի էլ չէ, որ նրա նմանները կարող են մարդ սպանել. «Սարսափելի ու այլանդակ անձնավորություն է եւ ինչ-որ հիվանդություն ունի, մազերը թափվում են, ինքն էլ քաչալ գլխով է։ Մի խոսքով, նրանից սպասելի է, քանի որ սա առաջին դեպքը չէ, նա մշտապես խառը իրավիճակների մեջ է հայտնվում»։
Դրկիցների ներկայացմամբ՝ Էդիկը երկար տարիներ աշխատում է Հանրապետական կուսակցության համար եւ Սարի թաղի ՀՀԿ շտաբի պատասխանատուն է։
Տեղեկացանք նաեւ, որ Օդոլը նույնպես ամուսնացած է եւ ունի երկու երեխա։ Նրա եղբայրը երկար տարիներ եղել է Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղի թաղային տեսուչը, իսկ հիմա անցել է թոշակի։ «Դեպքը տեղի է ունեցել Սարի թաղի 20-րդ փողոցում, եւ սկզբից չհասկացանք, թե ինչ է կատարվում։ Ավելի ուշ աղմուկ բարձրացավ եւ հետո նոր իմացանք, որ մարդ են սպանել»,-ասացին հարեւանները։ Նրանք պատմեցին, որ լսել են, թե Օդոլն ու Սերգեյը շատ լուրջ վիճաբանություն են ունեցել, իսկ թե ինչն է եղել վեճի պատճառը, չկարողացան ասել։
Նշենք, որ ըստ NEWS.am-ի՝ կողմերի միջեւ վիճաբանության պատճառ են դարձել երեխաները։ Սերգեյ Գալստյանի քրոջ երեխաները վիճել են Էդիկի երեխաների հետ, ապա միջամտել են մեծերը։ Օդոլն ու Սերգոն հանդիպել են ու վիճաբանել։
«Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ հունվարի 29-ին՝ ժամը 00.30–ին, ոստիկանությունը պարզել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան եւ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Ժողովուրդ»