Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամը սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանին (Տեսանյութ)

Հունվար 30,2013 00:50

Նա վստահեցնում է, որ եթե իր վրա ճնշումներ լինեն, կթողնի այս երկրից կգնա

«Ես ՀԱԿ անդամ եմ, բայց  ձայն եմ տալու Րաֆֆի Հովհաննիսյանին, որ այսօրվա իշխանությունը չվերարտադրվի»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց ՀԱԿ անդամ, ազատամարտիկ, Սուրենավանի բնակիչ Արթուր Նիկողոսյանը:

Նրա խոսքերով. «Այս իշխանություններից ոչ մի լավ բան չենք տեսել, չենք սպասում: Կոնկրետ՝ ես: Ոչ մի ակնկալիք չունեմ: Ազատամարտիկները լիովին անտեսված են: Խնդիրները բազմազան են մեր երկրում: Ով այսօրվա իշխանական բուրգի հետ չի համագործակցում, ժողովուրդն ուզում է  ուղղորդվի դեպի այդ թեկնածուն: Ժողովուրդը կամուկացի մեջ է, ուզում է հասկանալ, թե թեկնածուներից ով չի համագործակցում, որ նրա հետեւից գնա, որ իշխանությւոնները չվերարտադրվեն: Րաֆֆի Հովհաննիսյանից մի ակնկալիք ունեմ՝ նա Մոնթե Մելքոնյանի ընկերն է»:

Մեր հարցին, եթե ՀԱԿ անդամ եք, ինչո՞ւ  Հրանտ Բագրատյանին չեք սատարում, ազատամարտիկը պատասխանեց. «Ես Հրանտի մասին բացասական ոչ մի բան չունեմ ասելու: Նա շատ պատրաստված տնտեսագետ է, անձնապես իրեն ճանաչում եմ: Մի բան ասեմ, թե ինչի Րաֆֆի Հովհաննիսյանին: Էսօր ես չեմ ուզում իմ ժողովրդից առանձնանամ: Ժողովուրդը գնում է դեպի Հովհաննիսյան, ես միշտ եղել եմ ժողովրդի մեջ, ժողովրդի հետ: Միմիայն դրա համար: Եթե այսօրվա իշխանությունը չվերարտադրվի, մնացած թեկնածուներից ով էլ լինի, բացի իշխանական բուրգից, բոլորից էլ ակնկալիքներ ունեմ՝ Պարույր Հայրիկյանից սկսած: Ով էլ լինի՝ սենց չի լինի: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոնթե Մելքոնյանի ուսանողական ընկերն է եւ հայրենասեր: Առաջին անգամ 91-ին ցեղասպանություն բառն արտաբերեց Թուրքիայում Րաֆֆի Հովհաննիսյանը»:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ Կոնգրեսի անդամը չի աջակցում Կոնգրեսի ակունքներում կանգնած Հրանտ Բագրատյանին, ազատամարտիկը հորդորեց դա չշահարկել. «Այսօր իմ ժողովուրդը գնում է դեպի Հովհաննիսյանը, ես չեմ կարող առանձնանամ իմ ժողովրդից»:

Կոնգրեսականները, մասնավորապես Գուրգեն Եղիազարյանը Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրում են իշխանության հետ համագործակցելու մեջ: Մեր հարցին՝ կիսո՞ւմ եք այդ տեսակետը, նա պատասխանեց. «Չեմ կիսում, չեմ ուզում հակադրվեմ ոչ մեկին: Ես միայն մի բան գիտեմ՝ ժողովուրդը չի սխալվում: Իմ ժողովուրդը Րաֆֆիի հետեւից է գնում»: Նա վստահեցրեց, որ Սուրենավանում Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածը մեծ է, եւ արդար ընտրություների պարագայում միանշանակ նա կհաղթի. «Մենակ բոլոր տեղերում ձայները պահել են պետք: Դա գերխնդիր է լինելու Հովհաննիսյանի շտաբի համար: Ոնց որ 96-ին  Վազգեն Մանուկյանն ունեցավ ձայները պահելու խնդիր, հիմա նույնը ունենալու է Րաֆֆի Հովհաննիսյանը: 18-20  տարի ժողովրդին ադապտացրել են ընտրությունների էս ձեւին»:

Հաշվի առնելով, որ գործող նախագահի կարգախոսն է «Ապահով Հայաստան», մենք ճշտեցինք՝ ինչքանո՞վ է ապահով այսօր ձեր գյուղը, ինչի՞ց կամ ումի՞ց է ապահով: Ազատամարտիկը պատասխանեց. «Ասեմ՝ Սերժ Սարգսյանին ձայն տալով՝ մենք ձայն ենք տալու հարկային տեռորին: Սերժ Սարգսյանին ձայն տալով՝ ձայն ենք տալու արտագաղթին, ամենաթողությանը, ամեն ինչին՝ անվերահսկողությանը, անկառավարելիությանը: Մի խոսքով, ես կոնկրետ, որպես հայ, իշխանությանը ոչ մի ժամանակ ձայն երբեք չեմ տվել: Ես ասում եմ՝ մեզ թողեք գոնե մի կրնկի չափ հող, որ կարողանանք ապահով կանգնել մեր իսկ արյունով պաշտպանած հողի վրա»:

Մեր հարցին՝ այսօր Սերժ Սարգսյանի իշխանության մասին ձեր քննադատությունից հետո հնարավո՞ր է ձեր վրա ճնշումներ լինեն, նա պատասխանեց. «Գիտեք ինչ կա, ինչ ուզում են, թող անեն: Երեխեքից բացի սեփական ոչինչ չունեմ: Ճնշումներ կանեն՝ կթողնեմ էս երկրից կեթամ: Առանց էդ էլ պատրաստ եմ գնալ: Ընտրությունից հետո գնալու եմ: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կամ որեւէ ընդդիմադիր, թեկուզ Պարույր Հայրիկյանը չեղավ, ես միանշանակ գնալու եմ: 8 շունչ եմ պահում, 4 անչափահաս երեխա: Ոչ աշխատում եմ, ոչ թոշակ եմ ստանում, ոչ նպաստ եմ ստանում: Ոչ մի բան՝ օրհասն առաջին, գնդակը՝ հետեւից, հանդերը դժոխք, ընկերը՝ դուշման: Դե արի ու ապրի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031