Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆին Տափերականում խոստացավ կնոջը կամ վարորդին միլիոնատեր չդարձնել (Տեսանյութ)

Հունվար 29,2013 22:37

IMG_0379IMG_0389Այսօր Արարատի մարզի Տափերական գյուղում քարոզարշավի ժամանակ գյուղացիներից մեկը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց. «Պարո՛ն Հովհաննիսյան, մեր գյուղից մարդիկ կան, որ 10 տարի է՝ գյուղում չեն ապրում, ընդհանրապես Հայաստանում չեն, բայց ընտրացուցակներում կան: Էդ հարցը ո՞նց ա լինելու»: Պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա մեծ խնդիր է: Մենք պահանջել ենք, որ առանձին կախեն այդ ցուցակները, որովհետեւ իրենք համ դրսում չեն կարող քվեարկել, բայց բացակա անունների դիմաց ուրիշներն են քվեարկում: Դրա համար այդ հսկողությունը պետք է մենք ապահովենք»:

Մի գյուղացի էլ մտահոգված էր. «Էդ որ ասում եք կենսաթոշակը պիտի բարձրանա 50 տոկոսով, բայց հարկերը չե՞ն բարձրանալու»: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ կարող է գնաճ լինի, դա չի բացառում, բայց անգամ գնաճի դեպքում քանի որ աշխատավարձերը բարձրանալու են, կփակվեն ծախսերը եւ մարդիկ ավելի լավ կապրեն: Իսկ հարկերը փոքր ու միջին բիզնեսի համար չեն բարձրանա: Որքան ստվերը կրճատվեց, ընդհանուր հարկերն էլ կիջնեն:

Տափերականցիների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Գյուղացուն ոչ թե պիտի բարձրանան հարթակ ու իջեցնեն հրահանգներ, կամ մեջբերեն այս կամ այն մեծ բանաստեղծը հետո հեռանան, այլ պիտի իջնեն ժողովրդի մեջ, հայացք կիսեն, հաշվետու դառնան եւ ասեն, որ ես եկել եմ ոչ թե հարստանալու, բիզնես բացելու, կնոջս կամ  վարորդիս ինչ-որ միլիոնատեր դարձնելու, այլ 5 տարի միայն ծառայելու: Այդ 5 տարվա ետքը ես չկամ»:

Նա ասաց, որ մենակ Րաֆֆին չի կարող փոփոխություն կատարել, պիտի միասին գործեն. «Ամենակարեւորը՝ դուրս եկեք տնից: Թող ոչ մեկը չասի՝ օ՜ֆ, արդեն կանխորոշված է, որոշված է: Գիտենք ինչ է գնում այսօր՝ ցուցակագրումներ, ուսուցիչներ, բժիշկներ, զինվորներ…եթե ոչ բացահայտ՝ կամերաների առաջ, այլ թաքուն, աչքի թրթիռով հասկացնում են՝ դուք գիտե՞ք ում պետք է ձայն տաք, չէ՞: Իսկ դա լինում է վախից: Սեփական պարտությունից են վախենում: Իսկ մենք չենք վախենում պարտությունից, 20 տարի պարտվել ենք: Բայց այս անգամ մի անգամ պիտի վայելենք հաղթանակը»:

Նա սեղմ ներկայացրեց իր նախընտրական ծրագրի հիմնական կետերը. «Ողորմությունը պետք է դուրս բերենք մեր պետական կյանքից, մեր հոգեբանությունից՝  որպես կատեգորեա: Ձեր հասանելիքն է 50 տոկոսով բարձր կենսաթոշակ ստանալը, 100 տոկոս չեմ խոստանում: Ձեր հասանելիքն է աշխատատեղը, պարարտանյութը»: Նա ասաց, որ այնպիսի շուկաներ պիտի ստեղծեն, որ գյուղացին կարողանա իր արտադրանքը նորմալ գներով վաճառել, ոչ թե ջրի գնով ուղարկել միջազգային շուկա: Ներմուծումները պիտի կանխի, որ մեր արտադրանքը վաճառվի, ունենա որակ, կայանա թե՛ ներքին, թե արտաքին շուկայում: Պետական բյուեջի գոտին ձգելով ու ատկատները սեփական օրինակով բացառելով՝ բյուջեն պետք է լցնել: Մենք այնքան ջուր ունենք, որ ոռոգման ջուրը պիտի ճիշտ կառավարման դեպքում ձրի լինի: Բայց մեր ջրերը լցվում են Արաքս, գնում են Ադրբեջան: Ես գիտեմ ինչ է նշանակում հեռվից հայրենիքի կենաց խմել, խոպան գնացածներին պիտի հետ բերել, որովհետեւ ընտանիքն արդեն խաթարվում է: Դուք լավ գիտեք, թե ձեր հարեւաններից քանիսն է գնացել»:

Հավաքվածները վստահեցնում էին, որ այսօր միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է վստահություն ներշնչում:

Մեզ հետ զրույցում գյուղացիներից մեկը մեր հարցին, թե Սերժ Սարգսյանը «Ապահով Հայաստան» է խոստանում կառուցել, հավատո՞ւմ են դրան, պատասխանեց, որ նրա օրոք ժողովրդի վիճակը եթե չի վատացել, ապա չի էլ լավացել. «Ոչ մի առաջընթաց չկա: Մենակ ասֆալտ անելով՝ երկիր չես պահի, մարդկանց չես կերակրի: Ես իմ խոսքի տերն եմ ու չեմ վախենում: Հրապարակեք իմ անունը՝ Մեհրաբյան Ռազմիկ: Ես ոչ մի կուսակցության չեմ պատկանում: Մենակ հարգում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին»:

Գյուղի անասնաբույժը՝ Հակոբ Մանուկյանը  նույնպես բողոքեց, որ չի հավատում Սերժ Սարգսյանի խոստումներին. «Աշխատավարձս 50 հազար էր,  հիմա ստանում եմ 10 հազար»:

Տափերականցիները վստահեցնում էին, որ Րաֆֆի Հովհանիսյանն իրենց գյուղում ահագին ձայն ունի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031