Կապանի թաղամասերն առանց ջրի են մնացել
Կապան քաղաքը սնուցող Գյարդի ջրատարի վրա` մինչեւ մաքրման կայանն ընկած հատվածում, երեկ խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով Կապանի մոտ 70 տոկոսը երեկվանից մինչեւ այսօր ջրազրկված է: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասին այսօր հաջողվել է ամբարած ջրի հաշվին առավոտյան ժամերին որոշ քանակով ջուր մատակարարել բնակչությանը:
Առանց ջուր մնացած Կապանի թաղամասերի բնակիչներից շատերը կրկին դիմել են արդեն ավանդական դարձած տարբերակներին` շշալցված ջուր գնելով խանութներից կամ անհատական տների բնական աղբյուրներից տարաներով ջուր կրելով, փորձում են հարցին ժամանակավորապես լուծում տալ: «Ամաններս խոհանոցում կուտակված են, մի գրամ ջուր չկա, որ լվանամ: Մի քանի շիշ ջուր եմ առել խանութից, էնքան որ երեխեքի ու մեզ համար խմելու ջուր լինի, մեկ էլ ճաշ եմ եփել: Ստպված խնայելով ենք օգտագործում, մինչեւ տեսնեք, թե երբ են ջուր տալու», – ասաց Շահումյան փողոցի բնակչուհի տիկին Արմինեն: «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանի խոսքով` այս պահին վթարի վայրում դեռ աշխատանքներ են տարվում վթարը վերականգնելու ուղղությամբ եւ հնարավոր ամեն ինչ արվում է մինչեւ երեկոյան ժամը 10-ը բաժանորդներին ջրով ապահովելու համար:
Իսկ վթարի հիմնական պատճառը, ըստ պատասխանատուների, այդ տեղանքում կառուցված ՀԷԿ-երն են, որոնց գործունեության հետեւանքով բազմիցս են նման վթարներ եղել: «Մեր կարծիքով հիմնական պատճառը ՀԷԿ-երի աշխատանքն է: Անջատում-միացնում են, խողովակի մեջ օդ է լցվում, հետո ջուրը բացում են կայանն աշխատացնելու համար` պայթում է: Բազմաթիվ նման վթարներ են եղել, նախորդ վթարները դեպի քաղաք ընկած հատվածում են եղել, այս անգամ` դեպի մաքրման կայան տանող տեղանքում», – ասաց պարոն Գեւորգյանը եւ հավելեց, որ իրենց չի հաջողվում այդ հարցը լուծել, ՀԷԿ-երի հետ խնդրի կարգավորման ուղղությամբ համագործակցության եզրեր գտնելը դեռ չի ստացվում: «Չի ստացվում, տեղամասն ի զորու չէ, դա տեղմաասի ուժերից վեր է», – ավելացրեց նա:
Կարդացեք նաև
Թե ո ՞վ է մեղավոր եւ ինչպե՞ս պետք է այս հարցը վերջնականապես կարգավորեն, դա պատկան մի շարք մարմինների խնդիրն ու անելիքն է, որը վաղուց պետք է արդեն լուծած լինեին, այլապես այսօր մի ամբողջ քաղաքի բնակչությանն առանց ջրի չէին թողնի, այն էլ` որերորդ անգամ…:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ