«Ես ասել եմ, որ հունական համայնքում տարբեր կարծիքներ կան, ուղղակի ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ազգությամբ հույն, կոչ եմ արել հույներին` պաշտպանել Սերժ Սարգսյանին, ելնելով մի շարք հանգամանքներից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության համակարգող Արկադի Խիտարովը:
Հիշեցնենք, որ սույն կազմակերպությանն անդամակցում են 9 հասարակական կազմակերպություններ, որոնց մեծամասնությունն, ըստ մեր զրուցակցի, առաջիկա նախագահական ընտրություններում հավանաբար կսատարի հենց գործող նախագահի թեկնածությունը: Մինչդեռ, այսօր «Ա1+»-ի հետ զրույցում «Պատրիդա» հունական կազմակերպության նախագահ Էդուարդ Փոլատովը քննադատություն է հնչեցրել Խիտարովի հասցեին`հունական համայնքի` Սերժ Սարգսյանին սատարելու մասին նրա արած հայտարարությունների համար:
«Ինչո՞ւ են ինչ-որ մարդիկ խառնվել իրար: Ես բոլոր հույների մասին ոչ մի անգամ հայտարարություններ չեմ անում: Ես իմ անունից կոչ եմ արել, եւ մեր խորհրդի անդամներից երկու հոգի էլ էդ կոչին պադդերժկա են արել: Էդքան բան: Ես չեմ կարող բոլոր հույների անունից հայտարարություն անել, ես չգիտեմ` ինչքա՞ն հույն ձայն կտա կամ չի տա: Միգուցե Փոլադովը գիտի՞ բոլոր հույների մասին. դա իր խղճին, իր անձնական գործն է, որ բոլոր հույները երազում են փախչել Հայաստանից»,- Փոլադովի հարցազրույցին հակադարձելով ասաց Խիտարովը:
Մեր զրուցակիցը հունական հասարակական կազմակերպությունների միության համակարգողն է 2007 թվականից եւ վստահեցնում է, որ 2007-ից ցայսօր իրենք չեն ունեցել ՀՀԿ-ի կողմից տրված խոստում, որը չի կատարվել: Խիտարովը Փոլադովին խորհուրդ է տալիս` ուշադիր կարդալ իր հայտարարությունները կամ էլ թյուրընկալման դեպքում գոնե իրեն զանգահարել եւ պարզաբանումներ խնդրել:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ