Դատական դեպարտամենտը 29/01/2013 տարածել է հաղորդագրություն համաձայն որի «Ժողովուրդ» օրաթերթը, իբր, անիրավաչափ կարծիքներ տարածելով փորձում է մոլորեցնել հանրությանը: Ի գիտություն դատական դեպարտամենտի եւ մյուսների պարզաբանում ենք.
1.Դատական դեպարտամենտը դատարանի փաստաբանը չէ, ուստի իրավասու չէ հանդես գալու որպես նրա շահերի պաշտպանի դերում: Եւ անհասկանալի է, թե ինչն է հայտարարություն տարածելու բուն նպատակը:
2.ՀՀ քաղ. դատ. օր. 97 հոդ. համաձայն, «դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը»:
Դատարանը նախ պետք է համոզված լինի, որ միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել դատական ակտի կատարումը:
3. Մեր օրաթերթը Հանրապետությունում լուրջ պահանջարկ վայելող պարբերական է: Եւ դժվար է պատկերացնել, թե 3 միլիոն ՀՀ դրամի համար մենք, դատական քննության ընթացքում, կհրաժարվենք մեր պրոֆեսիոնալ գործունեությունից եւ այլ նպատակների համար կօգտագործենք մեր գույքը: Ավելին, մենք կատարել ենք մեր մասնագիտական պրոֆեսիոնալ պարտականությունը՝ էթիկայի բոլոր նորմերի պահպանմամբ եւ չենք պատրաստվում լռել:
4. Հայցի ապահովվման համար արգելանք դնելը, ինքնին, ոչ այլ ինչ է, եթե ոչ հարկադրանքի միջոց (գույքի օգտագործման իրավունքի սահմանափակում): Դատարանը կարող էր հայցի ապահովման միջոցներ չձեռնարկել, քանի որ դատական ակտի կատարումը դժվարացնելը հիմնավորող որեւէ փաստարկ չուներ:
5. Այն, որ դատական դեպարտամենտը տեղյակ է դատարանի կայացրած որոշումներից, մեզ հիմք է տալիս պնդելու, որ նա իր մասնակցությունն ունի «արդարադատության իրականցմանը»:
6. Ինչ վերաբերում է մեր գործողություններին՝ հայցի ապոհովման միջոցը վերացնելու միջնորդությանը, ապա այն սահմանված է ՀՀ քաղ դատ. օր. 101 հոդվածով:
Ուստի մեկ անգամ եւս տեղեկացնում ենք, որ վաղը ժամը 11.30-ին Աբովյան 22ա հասցեից (Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի մոտ) կմեկնարկի բողոքի երթ՝ դեպի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենք: Երթի մասնակիցները դատարանին կներկայացնեն միջնորդության փաստաթուղթ՝ պահանջելով, որ «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի վրա դրված գույքի 3 մլն դրամանոց արգելանքը հանվի:
Իհարկե, զարմանալի չէ, թե ինչու է դատական դեպարտամենտը ատամներով պաշտպանում Խաչիկ Խաչատրյանին: Դատարանն ու դատական դեպարտամենտը գերադասում են հաճոյանալ օլիգարխին եւ նրա քաղաքական կնքահայրերին:
«Ժողովուրդ» օրաթերթ