Ս.թ. հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյոգուի հանդիպումը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ և ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում, որի ավարտին Ս. Օհանյանը և Ս. Շոյգուն հանդիպել են լրագրողների հետ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ բանակցությունների ընթացքում քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության և Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման հետ կապված մի շարք հարցեր: Ս. Օհանյանը համոզմունք է հայտնել, որ ՌԴ ՊՆ պատվիրակության այս այցը նոր լիցք կհաղորդի պաշտպանության բնագավառում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և կնպաստի տարածաշրջանում բարեկամության, բարիդրացիական հարաբերությունների, կայունության և անվտանգության ամրապնդմանը:
ՌԴ պաշտպանության նախարար Ս. Շոյգուն իր խոսքում շնորհավորելով հայ ժողովրդին ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ` իր հերթին նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական և ռազմատեխնիկակական բնագավառներում ռազմավարական գործընկերությունը խորացնելու ուղղությամբ` շեշտելով, որ նախկին պայմանավորվածությունները պատշաճ կերպով իրականացվել են:
Կարդացեք նաև
Այցի շրջանակում ՌԴ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյոգուի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
ՀՀ պաշտպանության նախարարություն