Այսօր Գրողների տան դահլիճում տեղի ունեցավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հասարակական-քաղաքական և պետական գործիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի (1955-1994) «Չուղարկված նամակներ» և եւ նույն գրքի անգլերեն տարբերակի` «Unmailed Letters»-ի (London, Կոմիտաս հրատարակչություն) շնորհանդեսը: Գիրքը կազմել է Համբարձում Գալստյանի համակուրսեցին` ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը: Լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ գիրքը նախկինում հրատարակվել է մի քանի անգամ, իսկ 1992թ-ին` հեղինակի կենդանության օրոք. «Անգլերեն թարգմանությունն իրականացվել էր դեռեւս 1992թ-ին, սակայն, չգիտես ինչու, գիրքը մնացել էր գզրոցներում: Անգլերեն գիրքը ներառում է թե բուն աշխատանքների թարգմանությունը, թե ծանոթագրությունները: Ժողովածուն ընդգրկում է «Չուղարկված նամակներ. բանտային հուշերը», նաեւ` 4-5 հրապարակախոսական հոդվածներ` գրված 1988-1990թթ: Հայերեն գիրքը լույս է տեսել 500 օրինակով, իսկ անգլերեն թարգմանությունը լույս է տեսնում պարբերաբար` փոքր տպաքանակով»:
Մարությանը նշեց, որ Ղարաբաղյան շարժման ժամանակ Հ. Գալստյանն առաջինն էր, որ անդրադարձավ սոցիալական խնդիրներին. «Ժողովուրդն այն ժամանակ ասում էր, թե պետք չէ «թացը չորի հետ խառնել», բայց իրականությունը ցույց տվեց, որ Ղարաբաղի ազատագրումն ընթանում էր կարգերը փոխելու ճանապարհով»:
Ազգագրագետի խոսքով. «Ուսանողները հաճախ չգիտեն, թե ինչ է կատարվել 20 տարի առաջ: Այս գիրքը կոչված է լրացնել այդ բացը: Հաճախ նույնացնում են «Ղարաբաղյան շարժում» եւ «Ղարաբաղյան պատերազմ» հասկացությունները, սակայն հստակեցնենք, որ Հայաստանի անկախությունը կերտվեց Ղարաբաղյան շարժման շնորհիվ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ