Լրահոս
Օրվա լրահոսը

Armsport-ը անհիմն է համարում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մեղադրանքը

Հունվար 29,2013 16:59

«Առավոտը» երեկ հրապարակել էր Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հայտարարությունը, որին ի պատասխան՝ այսօր հաղորդագրություն ենք ստացել armsport.am-ից:

Հաղորդագրությունում ասված է. «Հունվարի 25-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունում կայացավ քննարկում’ նվիրված Հայաստանի լավագույն մարզիկների ընտրության ձևաչափին: Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանի մասնակցությամբ քննարկմանը ներկա էր նաև armsport.am-ի գլխավոր խմբագիր Արթուր Նազարյանը:
Հանդիպման ժամանակ Արթուր Նազարյանն իր մտահոգությունն էր հայտնել, որ մարզաձևերի ընտրության հարցում կա խտրականություն, քանի որ հավակնորդների ցուցակում ոչ օլիմպիական մարզաձև հանդիսացող սամբոյից եղել են մի շարք ներկայացուցիչներ, իսկ օրինակ’ ուշուն, որը ևս Հայաստանում մասսայականություն ունեցող մարզաձև է, որևէ ներկայացուցիչ չի ունեցել:
Նշվել էր նաև, որ 2012 թ Հայաստանի լավագույն մարզիկների ցանկում հայտնված սամբիստը մեդալ է նվաճել ընդամենը 14 երկրների մասնակցությամբ աշխարհի առաջնությունում, ինչը մարզական տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես այն տրամաչափի ձեռքբերում, ինչպիսին ներկայացվում է հանրությանը: Արթուր Նազարյանը նկատի էր ունեցել Հայաստանի 2012թ. լավագույն մարզիկների տասնյակը եզրափակած Վաչիկ Վարդանյանին, ով մարտական սամբոյի 2012թ. առաջնության արծաթե մեդալակիր է:
Սամբոյի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հերքել է այս տեղեկությունը’ պնդելով, թե Արթուր Նազարյանն ապատեղեկատվություն է տարածել, քանի որ աշխարհի 2012թ. առաջնությանը մասնակցել է 55 երկիր: Ի գիտություն սամբոյի ֆեդերացիայի՝ նշենք, որ հետևյալ հասցեում հստակ նշված է, որ Վաչիկ Վարդանյանը 68 կգ քաշային կարգում դարձել է աշխարհի փոխչեմպիոն 13 մասնակիցների շարքում’: Դեռ ավելին, 13 մասնակիցները եղել են բացառապես Եվրոպայի և Ասիայի ներկայացուցիչներ…
Առիթից օգտվելով ևս մեկ անգամ Վաչիկ Վարդանյանին շնորհավորում ենք նվաճած մեդալի կապակցությամբ և միայն հպարտ ենք, որ հայ սամբիստները կարողանում են բարձր պահել Հայաստանի դրոշը թեկուզ ոչ մեծ մասսայականություն վայելող մարզաձևերում: Այդուհանդերձ, գտնում ենք, որ առնվազն տգեղ է նվաճումը ուռճացնելը, ինչով ամիսներ շարունակ զբաղված է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Մեր օրերում, ցանկացած ոք կարող է սպառիչ տեղեկություն ստանալ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների վերաբերյալ և կարիք չկա ապակողմնորոշել սպորտային հասարակությանը’ նշելով, թե սամբոն ավելի կարևոր մարզաձև է, քան մի շարք այլ մարզաձևեր: Մենք չենք կասկածում, որ սամբոն Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի համար շատ կարևոր մարզաձև է, բայց այն, որ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում հայտնվել է 13 երկրների շարքում փոխչեմպիոն դարձած մարզիկ’ շրջանցելով ԱՊՀ 2012թ. լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, պարզապես զավեշտալի է: Այս ամենի արդյունքում հասարակության շրջանում դժգոհության մեծ ալիք բարձրացավ և հնչեցին բազմաթիվ սուր մեկնաբանություններ, սպորտը կրկին դարձավ քաղաքական շահարկումների թեմա…

Ուշուի վերաբերյալ

Սամբոյի ֆեդերացիայում անդրադարձ է եղել նաև ուշուին, որի վերաբերյալ մասնավորապես ասված է. «Հարգանք տածելով ուշու մարզաձևի բոլոր երկրպագուների, մարզիկների և մրցանակակիրների հանդեպ, գտնում ենք, որ տեղին չէ համեմատել այս երկու մարզաձևերը, որովհետև, ի տարբերություն ուշուի և շատ այլ մարզաձևերի՝ սամբոն հենակետային մարզաձև է, ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից, ճանաչված է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, Հայաստանի տարածքում գործում են սամբոյի բազմաթիվ մարզադպրոցներ, որոնք նույնպես ֆինանսավորվում են պետության կողմից:»
Նշենք, որ խնդիրն ամենևին էլ ուշուն չէր, թեև այն ևս պետական ֆինանսավորում է ստանում և ճանաչված է Հայաստանի օլիմպիական կոմիտեի կողմից (armnoc.am): Խնդիրն այն է, որ եթե մարզական լրագրողների ֆեդերացիան քվեարկությունից առաջ հրապարակում է հավակնորդների ցուցակը (2012թ. նոյեմբերին այնտեղ ընդգրկված էին 30-ից ավելի մարզիկներ), ապա պարտավոր է խտրականություն չդնել մարզական ֆեդերացիաների միջև: Ուշուիստները, չլինելով հավակնորդների ցանկում, արհեստականորեն դուրս են մնում քվեարկությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031