Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը դժգո՞հ է Դավիթ Հարությունյանից եւ պատվիրակության ոչ փորձառու անդամներից

Հունվար 29,2013 16:52

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում հայաստանյան պատվիրակության անդամներն ակտիվ մասնակցություն են ունեցել հատկապես Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններին և Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին վերաբերող զեկույցների շրջանակներում: Այսօր խորհրդարանում ամփոփելով հունվարի 21-25-ը տեղի ունեցած նստաշրջանի աշխատանքները, ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը: Այս հարցի առնչությամբ պատվիրակության անդամները 4 ելույթ են ունեցել: Հայաստանյան պատվիրակության ղեկավարը ասաց, որ ինչպես միշտ, այս անգամ էլ մեր հարեւաններն օգտագործել են ադրբեջանական քարոզչամեքենան՝ փորձելով Ադրբեջանի պարտավորությունների կատարման զեկույցում աղավաղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին վերաբերվող փաստերը: Մասնավորաբար, ադրբեջանցիները փորձ են արել ցույց տալ, որ հակամարտությունը ոչ թե Ղարաբաղի և Ադրբեջանի, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև է: Այս հարցի կապակցությամբ ելույթ է ունեցել նաև պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ասուլիսին Զոհրաբյանը ներկա չէր, ուստի, Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ տիկին Զոհրաբյանը հայտարարել է, որ համացեկուցողների կողմից ներկայացված զեկույցը չի արտացոլում իրականությունը: Իսկ պատվիրակության մեկ այլ անդամ՝ Արմեն Ռուստամյանն, անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ Ադրբեջանի ղեկավարության կողմից բարձրացված աղմուկին: Պատասխանելով լրագրողների հարցերին, Դավիթ Հարությունյանը հաստատեց տեղեկությունը, որ ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում ինքը հանդիպել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի հետ: Այդպիսի հանդիպում էլի է եղել եւ այժմ էլ, ըստ էության, նախապատրաստվում է պատվիրակությունների հանդիպումը: Քննարկվող խնդիրները գաղտնի են, և եթե որևէ հարցի շուրջ արդյունք լինի՝  կտեղեկացնեն:

Չնայած նրան, որ այսօր պարոն Հարությունյանը, մեծ հաշվով, դրական գնահատեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության աշխատանքները, Aravot.аm-ի տեղեկություններով նախագահ Սարգսյանը նեղ շրջապատում դժգոհել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության աշխատանքներից՝ ասելով, որ մեր պատվիրակության անդամներն այնտեղ իրենց համարժեք չեն պահել եւ հենց այդ պատճառով էլ նստաշրջանն ընդունել է փաստաթղթեր, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում Հայաստանի շահերին: Ասում են, որ նախագահը , նախատել է մեր պատվիրակության անդամներին՝ ասելով, որ ԵԽԽՎ շատ պատվիրակներ ադրբեջանամետ են դարձել ոչ թե այդ երկրի խավիարային քաղաքականության արդյունքում, այլ մեր պատվիրակների վատ եւ ոչ փորձառու  աշխատանքի արդյունքում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031