Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ Երևանին…

Հունվար 29,2013 16:47

Նամակ Երևանին…
ՀՀ շարքային քաղաքացի Թամարա Օհանջանյանից
ՀՀ լուսավոր մայրաքաղաք Երևանին

28.01.2013թ.

Հարգելի Երևան, երբ ես ծնվեցի, բավականին մութ էր ու չէր հաջողվում քեզ հաճախ տեսնել: Ցերեկները սովորաբար քնած էի լինում, իսկ երեկոյան արդեն մթնում էր շուրջբոլորը: Նույնիսկ բողոքել էի ուզում, ափսոս խոսել չէի կարողանում:
Ես ամեն ինչ լավ եմ հիշում…
Հիշում եմ՝ դեղին, լցված ավտոբուսներ, անվերջ թվացող հացի հերթեր, և մարդիկ, ովքեր հավաքվել էին մեկ գաղափարի շուրջ՝ հարազատ տուն: Դժվար էր, չնայած՝ բոլորս հասկանում էինք, որ կյանքն այդպիսին է… Մի օր կա անխափան վերելակ, որով կարող ես բարձրանալ երկնաքերեր, մյուս օրն՝ այն կարող է վնասվել ու  քեզ թողնել առաջին, կամ նույնիսկ՝ նկուղային հարկում:
Այդ օրերից մինչ այսօր պահպանվել են քաղաքի հին բակերը, որոնցից ամեն մեկն՝ իր բնակիչներից չտարբերվելով` ունի իր սեփական անունը: Սերունդները փոխվում են, պատմությունները` մնում: Մնում են այն մաշված ու պինդ պատերի վրա, որտեղ ժամանակին ամրագրվել են բակի տղերքի անունները՝ ի նշան ընկերության: Շատերի անպատասխան սիրո պատմությունն են պատմում նրանք: Այսօր այդ պատերին նոր շունչ է տրվել. անիմացիա, գույներ, հումոր, սեր… Նայելով այդ պատկերներին` դժվար չէ ըմբռնել դրանց խորհուրդը: Որոշել եմ մի օր վերցնել ականջակալներս ու «ճանապարհորդել» Երևանյան բակերով` շարունակ ուսումնասիրելով այդ պատկերները … Երբ հոգնեմ, կդիմեմ անդավաճան ընկերոջս՝ մետրոյին: Այսօր ընկերս բավականին զարգացել է՝ ունի ինտերնետ կապ ու գրավիչ նարնջագույն վագոն, որի մեջ քեզ արտասահմանյան մի ֆիլմում ես զգում: Սակայն պետք չէ նաև աչքաթող անել նոր ստորգետնյա փողոցներդ, որոնց շնորհիվ գրեթե ոչ ոք այլևս աշխատանքից կամ դասից չի ուշանում: Ճանապարհների խնդիրն ինչ-որ չափով լուծված է. բայց գերխնդիրը մնում է` 13 տեղանոց երթուղայինով 26 ուղևոր տեղափոխելը` արաբական անհասկանալի մոտիվներով երաժշտության ուղեկցությամբ:
Չեմ կարող չնշել քաղաքում հաշմանդամների ապրած կյանքի մասին: Միանշանակ ունենք խելացի և բազմակողմանի զարգացած հաշմանդամներ, ովքեր ի վիճակի են կատարել օրինակ` գրասենյակային անթերի աշխատանք. նույնիսկ ավելի լավ, քան` մենք` առողջներս: Գուցե կարողանաս արժանանալ գործատուի հավանությանը, բայց, բավական է` նշես, որ հաշմանդամ ես, խոսափողի հակառակ կողմում կլսես տոնայնության կտրուկ փոփոխություն և նեյտրալ-բացասական պատասխան: Ցավոք մեզանում դեռ չի զարգացել այն գաղափարը, որ հաշմանդամը հասարակության լիիրավ անդամ է, ոչ պակաս ուժեղ աշխատուժ: Անկեղծ հույսեր ունեմ, որ ժամանակի ընթացքում այդ մարդիկ կսիրեն Քեզ ու կյանքն այստեղ, և չեն երազի հեռանալ այստեղից` մեկ այլ վայրում իրենց լիարժեք մարդ զգալու համար:

Ինչ վերաբերում է անտուններին, ապա դրական նոտան կրկին մի կողմ պիտի դնեմ: Օրական քանի անտուն երեխաներ են մոտենում անցորդներին` ինչ-որ պատկերներ ձեռքներին,  ու հորինած պատմությունները շուրթերին: Տվյալ դեպքում չգիտեմ` որն է ավելի վատ. այն, որ նրանք չքավոր են, թե, որ իրենց ծնողները Սևակի պոեզիայի փոխարեն այդ տեքստերն են սովորեցրել երեխաներին: Չգիտեմ…Անկեղծ հույսեր ունեմ, որ անտուն ու չքավոր մարդկանց թիվն օր օրի կնվազի, այն արագությամբ, որով զարգանում ես դու, Երևա՛ն: Քանզի բոլորս պայքարում ենք բարեկեցիկ կյանքով ապրելու համար:
Բարի նոտան վերականգնելով` նշեմ այսօրվա երիտասարդության բազմաժանրության փաստը: Եթե ժամանակին տարբեր ճաշակի երիտասարդները հաշված տեղեր ունեին հավաքվելու ու զվարճանալու համար, այսօր թե՛ ճաշակներն են ավելացել, թե՛ ժամանցի վայրերդ: Միանշանակ է, որ ջազի, ռոքի, բլյուզի սիրահարներն այսօր ունեն ժամանցի իրենց գողտրիկ անկյուններըը: Այո… այսօր կա այլընտրանք, ես-ը տարբերվում է դու-ից, այն միօրինակության ալիքը վաղուց արդեն չկա:

Ամենագողտրիկ վայրը, ուր ինձ հաճախ կարելի է հանդիպել բակս է: Այստեղ եմ խաղացել 7 քար, քարկտիկ, գործնագործ ու հալամուլա, որոնց մասին տեղյակ է ցանկացած հայ՝ անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է այսօր: Բակը գիտի…բակը հիշում է…
Այստեղ եմ սիրահարվել առաջին անգամ ու լռել: Լռել եմ ես, իմ փոխարեն խոսել են աչքերս: Բակն ինձ գրկաբաց ընդունում էր, երբ անցումային տարիքում վիճում էի մորս հետ ու դուրս փախչում, երբ հայրս անջատում էր իմ թինեյջերական “Дикий Ангел” սերիալն ու իր ֆուտբոլային հաղորդումները միացնում:Բակն ինձ տեսել է այնպիսին, ինչպիսին՝ որևէ մեկը չի տեսել, նույնիսկ՝ ես ինքս:
Բակի զրուցարանում, (որի ռուսերեն տարբերակն ավելի հարազատ է թվում) օրվա ֆիքսված հերթափոխով հավաքվում էին/են բամբասկոտ հարևանուհիները, հումորով պապիկներն ու «Poker»-ի սիրահար տղաները: Քանի՜ մարդու են այստեղ բանտարկել նարդին ու շախմատը: Ուտեստների քանի՜ բաղադրատոմսեր են միավորել կանանց: Որքա՜ն տղաներ են վիճել բակի ամենասիրուն աղջկա սիրտը շահելու համար: Այս բաց սենյակու հնչել են բազմաթիվ գաղտնիքներ…
Յուրաքանչյուրս ունենք մեր սիրելի անկյունը, որը հենց քո ներսում է Երևա՛ն: Դու ես նրանց կյանք տվել, սնել ու մեծացրել: Չգիտեմ՝ կյանքիս փոթորիկները ինձ ուր կտանեն և ինչի համար, ինչ կմտածեմ և ինչ կասեմ տարիներ անց, բայց Քեզ իմ կյանքում ոչ մի վայր երբևէ չի փոխարինի… Գիտեմ, որ ինձ լսում ես,  գիտեմ, հասկանում ես…

Անկեղծորեն Քո՝
ուղղակի քաղաքացի Թամարա (Տոմա) Օհանջանյան

Mynews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031