Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի բանտերում տեսաձայնագրիչ սարքեր են գտել

Հունվար 29,2013 16:26

Դրանք տեղադրված են եղել 2006-2010 թվականներին` բանտերի կառուցման ընթացքում։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնաբերել եւ առգրավել է վրացական բանտերում ապօրինի տեղադրված տեսաձայնագրիչ սարքեր։

Նախարարության խոսնակ Նինո Գիորգոբիանին այսօր լրագրողներին հայտնել է, որ դրանք հայտնաբերվել են բանտերում պահակների եւ հսկիչների կողմից կիրառված կտտանքների եւ ստորացման փաստերով գործի հետաքննության ընթացքում։

Անցյալ տարվա սեպտեմբերին համացանցում տեղադրված կալանավորների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ նույնիսկ սեռական բնույթի զարհուրելի բռնարարքների մասին տեսագրությունները Վրաստանում առաջացրել են աննախադեպ հանրային ընդվզում, որը հանգեցրեց խորհրդարանական ընտրություններում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած Միացյալ ազգային շարժման պարտությանը։

Եվ քանի որ Վրաստանի լրամշակված Սահմանադրությամբ երկրում հաստատվել է խորհրդարանական հանրապետություն, պարտության արդյունքում, փաստորեն, տեղի է ունեցել իշխանափոխություն։

Վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» կուսակցությունը աստիճանաբար ամրապնդում է դիրքերը եւ գործադիր բոլոր օղակներից դուրս է մղում Սաակաշվիլիի զինակիցներին։

Սկանդալային բացահայտումների կապակցությամբ պաշտոնանկ են արվել ուժային կառույցների մեծ թվով բարձրաստիճան ղեկավարներ, հարուցվել են քրեական գործեր։

Վրացի իրավապաշտպանների փոխանցմամբ, տեսագրությունները օգտագործվել են բանտարկյալներին ահաբեկելու եւ նրանցից պահանջվող վկայությունները կորզելու նպատակով։

Նինո Գիորգոբիանիի խոսքերով, տեսաձայնային ապօրինի սարքավորումներ են հայտնաբերվել Թբիլիսիի թիվ 4 եւ 9, Բաթումիի թիվ 3, Քութաիսիի թիվ 2 եւ Զուգդիդիի թիվ 4 բանտերում, ինչպես նաեւ Գեգուտիի թիվ 14 կալանավայրում։ Դրանք տեղադրվել են այդ բանտերի կառուցման կամ վերանորոգման ընթացքում։

«Այդ քրեակատարողական հիմնարկներում հետաքննության խուզարկության ընթացքում հայտնաբերել ենք հատուկ սենյակներ, որոնցում եղել են տեսաձայնագրիչ սարքավորումների հեռակառավարման համակարգիչներ եւ վահանակներ», – ասել է Նինո Գիորգոբիանին։

Հետաքննությունը շարունակվում է, գործը գտնվում է Ներքին գործերի նախարարության հակակոռուպցիոն բաժնի վարույթում։

Արմեն Քոլոյան

Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031