Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենայի Եռագույն դրոշը «իրավանորմի խախտում» չէր

Հունվար 29,2013 16:23

ՀՀ վարչական դատարան էր դիմել քաղաքացի Վահագն Վարագյանը: Նա պատասխանող ճանապարհային ոստիկանությունից պահանջում էր վերացնել նրա կողմից կայացրած վարչական ակտը:

Ըստ հայցվորի ներկայացուցիչ, ԵՊՀ արհեստակցական կազմակերպության իրավախորհրդատու Արմինե Ստեփանյանի, անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին, ժամը 14.00-15.00 սահմաններում, Կոմիտասի փողոցով «Վազ 210600» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է իր վստահորդի ավտոմեքենան: Զննելով ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, վարորդական վկայականը և ավտոմեքենան, ոստիկանը գրավոր արձանագրել էր ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1235 –րդ հոդվածի խախտում, այն է՝ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը` անընթեռնելի, ստանդարտին չհամապատասխանող կամ ինքնաշեն հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցները վարելը: Հայցվոր կողմի տեղեկացմամբ. «Ճանապարհային ոստիկանի պնդմամբ, ավտոմեքենայի համարանիշին փակցված ՀՀ Եռագույն դրոշը վերոգրյալ իրավանորմի խախտում է»: Արձանագրությունը, որը կազմվել էր, վարորդը չէր ստորագրել:

Աակայն հոկտեմբերի 10-ին ճանապարհային ոստիկանության կողմից հայցվորը ստանում է «Վարչական իրավախախտման գործով» որոշում, որով վարորդին տուգանել են 10.000 ՀՀ դրամով:

Ճանապարհային ոստիկանի արձանագրությանը եւ վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը կայացվել է նույն օրը: Վարորդը զրկված է եղել մասնակցելու տվյալ գործի քննարկմանը՝ ծանուցված չլինելու հետևանքով, հետեւաբար, չի կարողացել օգտվել իր իրավունքներից:

Հայցվորի ներկայացուցիչն առարկել էր նաեւ, հղում անելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 275-րդ հոդվածը; Մասնավորապես, վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը լուծում է՝ գործի քննությանը մասնակցող անձինք ծանուցվե՞լ են արդյոք դրա քննության ժամանակի և տեղի մասին, պահանջվել են, արդյոք, անհրաժեշտ լրացուցիչ նյութեր և այլն: Մինչդեռ, այս հոդվածի պահանջներն ընդհանրապես չեն պահպանվել:

Ինչ վերաբերում է Եռագույնի առկայությանն ավտոմեքենայում, փաստաբանը հղում էր կատարել «Դրոշի մասին» ՀՀ օրենքի 3-րդ` Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը հոդվածի 20-րդ պարբերությանը..«Սույն հոդվածով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է տեղադրվել այլ վայրերում»: Այսինքն, ըստ հայցվոր կողմի, ՀՀ քաղաքացին իրավունք ունի ՀՀ դրոշի պատկերը տեղադրել ցանկացած վայրում, ինչու չէ, նաեւ՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի վրա:

Հայցվորը դատարանում պնդեց նաեւ ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածը.« Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»:

Ի դեպ, Հայաստանում գոյություն չունի գոնե մեկ իրավանորմ, համաձայն որի, արգվելի անձին ՀՀ դրոշի օգտագործումը տրանսպորտային հաշվառման համարանիշերում:

«Լինելով ՀՀ քաղաքացի, հարգելով ՀՀ պետական խորհրդանիշերը, պատվելով հայ հասարակության ընդունված բարքերն ու ավանդույթները, ինչքանով սազական կլիներ հաշվառման համարանիշի վրա ունենալ այլ պատկեր կամ այլ պետության դրոշ, դատեք ինքներդ»,- հայցադիմումում նշել էր Վահագն Վարագյանը:

Վարչական դատարանը բավարարեց քաղաքացու հայցը եւ վերացրեց ՀՀ ճանապարհային ոստիկանության վիճարկվող որոշումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031