Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) եւ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի միջեւ այսօր երկու հուշագիր ստորագրվեց։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին ԱԻՆ ոլորտում հումանիտար համագործակցության հիմնադրամ սահմանելու փաստաթուղթ եւ ինչպես նաեւ՝ Հայաստանում «ՀԱՊԿ Ակադեմիայի» ստեղծման վերաբերյալ հուշագիր։
Պաշտոնական արարողությունից հետո լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ այցի շրջանակներում պատվիրակության կազմում ՀԱՊԿ-ից եւ ռազմա-տնտեսական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովից բարձրաստիճան մեծ թվով պաշտոնյաներ են ժամանել Երեւան, ովքեր մինչեւ վաղը ՀԱՊԿ-Հայաստան միջոցառումների շրջանակներում կքննարկեն ռազմատեխնիկական եւ ռազմատնտեսական համագործակցության հարցեր:
Նիկոլայ Բորդյուժան մասնակցում է ռուս-հայկական ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից հայկական եւ ռուսական մասերի համատեղ նիստին, որի ընթացքում համակարգվելու է ՀԱՊԿ-ի, Միջպետական հանձնաժողովի եւ դրան կից Գործարար խորհրդի շրջանակներում անցկացվելիք միջոցառումների անցկացումը: Երեւանյան միջոցառումների շարքում քննարկվել են զրահատանկային եւ ինժեներական, ՀՕՊ համակարգերի, «ՄԻ» մակնիշի ուղղաթիռների, ռուսական արտադրության մեքենաների տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման նպատակով Հայաստանի տարածքում արտոնագրված սպասարկման կենտրոններ ստեղծելու վերաբերյալ հարցեր:
Ինչպես հայտնի դարձավ, ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից հայկական ու ռուսական մասերի համատեղ նիստի օրակարգում է՝ նոր սերնդի կապի միջոցների ստեղծման, դրանց տեխնիկական սպասարկման, ինչպես նաեւ ՀՀ ուժային կառույցների անձնակազմին ուսուցանելուն առնչվող հարցեր:
Կարդացեք նաև
«Այս ամենը ուղղված է մեկ բանի՝ ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության խորացմանը, ինչպես նաեւ Հայաստանի՝ ակտիվ ներգրավմանը՝ համատեղ համագործակցությամբ ազգային անվտանգության ապահովման ուղղությամբ: Կարող եմ ասել, որ Հայաստանի ղեկավարությունը, Հայաստանի նախագահը, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մեծապես կարեւորում են Հայաստանի գործունեությունը՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Հայաստանը ՀԱՊԿ-ի ամենաակտիվ անդամներից մեկն է, որը մշտապես հետաքրքիր առաջարկներով է հանդես գալիս, որոնք նպատակաուղղված են մեկ բանի, որպեսզի Հայաստանի անվտանգությունը լինի ամենաբարձր մակարդակի վրա եւ որ ուժային կառույցները անհրաժեշտության դեպքում այդ անվտանգությունը կարողանան ապահովել արդյունավետությամբ»,- Երեւանում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նիկոլայ Բորդյուժան նաեւ հավելեց՝ Ակադեմիան համարում է լուրջ մասնագետների, քաղաքագետների պատրաստման վայր, ովքեր հետագայում կզբաղվեն կոլեկտիվ անվտանգության հարցերով։ Նա հավելեց, որ կենտրոնում կուրսեր կանցնեն ոչ միայն ՀԱՊԿ-ի անդամ պետություններից, այլ նաեւ եվրոպական պետությունների ներկայացուցիչները։
ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարեւորեց Ակադեմիայի դերը տարածաշրջանում եւ ընդգծեց, որ կադրերի պատրաստման վերլուծական կենտրոնը գտնվելու է հենց Երեւանում, տեղեկացրեց նաեւ, որ ավարտվել են հայ-ռուսական տեխնիկական պայմանագրի աշխատանքները․ «ՀԱՊԿ նախագահների որոշմամբ կստեղծվեն ՀԱՊԿ զորամիավորումներ, որոնք հնարավորություն կտան մեր զինված ուժերին ավելի մարտունակ դարձնել եւ կատարելագործել նրանց հզորությունները»,- ասաց ԱԱԽ քարտուղարը,- 2013 թվականին Հայաստանում երկու տասնյակ միջոցառում կիրականացվի»,- հավելեց նա:
Ա․ Բաղդասարյանը նշեց, որ արդեն ՀՀ կառավարությունը համապատասխան որոշումը կայացրել է Ակադեմիայի հիմնադրման մասին, այժմ արդեն կազմակերպչական խնդիրներն են ընթանում եւ տեղեկացրեց, որ այն, հավանաբար, կգործի այս տարվանից։ «Մի քանի ամսվա աշխատանք է։ Արդեն քարտուղարությունից մասնագետներ են եկել, փաստաթղթերի վրա աշխատել են»,–եզրափակեց նա։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ