Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է դադարեցնել ԼՂ բանակցային գործընթացը».Արմինե Ադիբեկյան

Հունվար 29,2013 16:01

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահությունն այսօր կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում`«Սաֆարովի երկիր» անվանումով: Քննարկմանը մասնակցում էին քաղաքագետներ, քաղաքական, հասարակական գործիչներ:

«Սաֆարովի գործի» ամբողջ ընթացքը բացահայտեց մի կարևոր իրողություն. Կասպից Արևմուտքում միջազգային նշանակության ինչ-ինչ խնդիրների լուծման նպատակով ձևավորվել է զանգվածային սպանության մի մեքենա, որը, համապատասխան զարգացումների պարագայում, սպառնում է իր թիրախը դարձնել հայությանը, ինչպես 1915-23թթ.-ին, այնպես էլ 88-94թթ.-ին»,- կլոր սեղան-քննարկման ընթացքում ասաց համագումարի նախագահության քարտուղար Մարիամ Ավագյանը:

Այլատյացությունը կանխարգելող նախաձեռնության անդամ Արմինե Ադիբեկյանի բնութագրմամբ՝ Ադրբեջանն այնպիսի երկիր է, որը ոտնահարում է մարդու իրավունքները, սպանում իր քաղաքացիներին, հետևաբար Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման ցանկացած գործընթացը պետք է դադարեցնել, քանի որ այն անարդյունավետ է: «Եթե ուսումնասիրենք Ադրբեջանի մանկական և ուսումնական գրականությունը, ապա կտեսնենք, որ Բաքուն մատաղ սերնդի մեջ սերմանոմ է հայատյացություն: Պետք է դադարեցնել ԼՂ բանակցային գործընթացը»,- ասաց Արմինե Ադիբեկյանը: Նա գտնում է, որ այսօր պետք է դաստիարակել այնպիսի սերունդ, որը կկարողանա լուծել խնդիրները, ավելի լավ ճանաչելով իր հակառակորդին:

Նույն համագումարի նախագահության անդամ Սուսաննա Մելիքյանն ընդգծեց, որ այսօր միջազգային որևէ կառույց չի սաստում և չի կարողանում առաջն առնել Ադրբեջանի նման քաղաքականության: Նա գտնում է, որ մշակութային արժեքների ոչնչացման և երեխաների մեջ հայատյացության վերաբերյալ, տարածաշրջանում միակ երկիրը, որը կարող է ազդել Ադրբեջանի վրա` Իրանի Իսլամական Հանրապետությունն է: «Իրանը տարածաշրջանում որոշակի դերակատարություն ունեցած, մշակութային և հոգևոր պետություն է: Ադրբեջանի կատարած գործողությունները աստվածամերժ են և հաճախ նման հարցերը հնչեցնում է Իսլամի անունից, հետևաբար Իրանը անհաղորդ մնալ չի կարող»,-ասում է նա:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց, որ Ադրբեջանը մինչև Սաֆարովի արտահանձնումը Հունգարիայում ակտիվ աշխատում էր. կազմակերպվում էին խայտառակ միջոցառումներ մեկը մյուսի հետևից, իսկ հայկական կողմը դրանցից միայն մեկն է կանխել: «Մենք հիմա հնարավորություն ունենք Սաֆարովից հրաշքով փրկված Հայկ Մուկուչյանի գործով գոնե դիմել ՄԱԿ, քանի որ ժամանակը քիչ է և չենք հասցնի դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)»,-ասաց տիկին Ալավերդյանը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031