Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալվարդ Հունանյանի նախագահությամբ, սկսվեց ԱԺ նախկին աշխատակից, լրագրող Գոհար Արշակյանի դեմ «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային զբաղվածության կենտրոնի հայցով նախնական դատական նիստը::
Հայցվորը տարածքային զբաղվածության կենտրոնն է, որի դեմ հակընդդեմ հայց ներկայացրեց Գոհար Արշակյանը:
Հիշեցնենք, որ Գ.Արշակյանը հունիսի 1-ին դիմել է «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային զբաղվածության կենտրոն՝ գործազուրկի կարգավիճակ ու նպաստ ստանալու համար: Մի քանի օր հետո ներկայացել է կենտրոն, որտեղ մերժել են հաշվառել: Պատճառաբանել են, թե աշխատանքային գրքույկում հայտնաբերվել է, որ Գ.Արշակյանը 16-17 տարի առաջ` 1995-1997թթ. եղել է նպաստառու գործազուրկ և միաժամանակ աշխատել է Հայաստանի պետական՝ Հանրային հեռուստատեսությունում: Գ.Արշակյանը, ըստ զբաղվածության կենտրոնի, 34 000 դրամ պարտք է, որը մինչեւ չվերադարձնի՝ չեն գրանցելու ու նպաստ չեն նշանակելու: Գ.Արշակյանը գտնում է, որ պետք է հայցային վաղեմության հիմքով մերժվի հայցապահանջը: Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 14-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ