Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրացուցակները ընտրատեղամասում չեն փակցրել, մահացածներին ցուցակներից չեն հանել

Հունվար 29,2013 15:10

Փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ում գրանցվել են 5 միջազգային և 12 տեղական կազմակերպություններ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ: Տեղական կազմակերպություններից են՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (81 դիտորդ), «Ժողովրդավարական եւ ընտրական գործընթացներ» ՀԿ-ն (36 դիտորդ), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»-ը (77 դիտորդ), «Ընտրական համակարգերի կենտրոն» (60 դիտորդ), «Դիլնետ սերվիս» (71 դիտորդ), «Ընտրությունը քոնն է» (1066 դիտորդ),  «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» (285 դիտորդ), «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» (65), «Հարմոնիա» (470 դիտորդ), «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության Ունիսոն» (15), «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (67), Հայաստանի Հելսինկյան կոմիտե (103) հասարակական կազմակերպությունները:

Aravot.am-ի հետ զրույցում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները ներկայացրին քարոզարշավի՝ մինչև այս պահը գրանցված խախտումները:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը նշեց. «Անձնագրային հանձնաժողովը խնդրել է գրանցված բացթողումների մասին ընթացքում տեղեկացնել, որպեսզի դրանք արագ վերացվեն: Դեպքեր կան, որ բանակից նոր են եկել, բայց դեռ հաշվառման մեջ չեն, կամ բանակ են գնացել, հաշվառումից չեն հանվել: Ինչ վերաբերում է հասցեներին, որոնք փոխվել են, բայց ընտրացուցակներում դեռ փոփոխություններ չեն եղել, ապա մարդն ինքը պիտի գնա, որպեսզի այդ հարցը լուծվի: Հիմա բոլորին քաղաքապետարանը հորդորում է,որ գնան անձնագրային և զբաղվեն այդ հարցով»: Մեր այն հարցին, ինչպես անցյալ տարի, այս տարի է՞լ են հետևում, թե ով գնաց ընդդիմադիր թեկնածուների հանդիպումներին, տիկին Գևորգյանը պատասխանեց. «Դեռ ոչ մեկ Մարտունուն մարդատեղ չի դրել և դեռ ոչ մի թեկնածու մեզ մոտ չի եկել ընտրողների հետ հանդիպման»:

Ըստ մեր զրուցակցի՝ Մարտունիում ընդհանուր առմամբ պասիվություն է, հիմնականում տեղեկություններ են ստանում, իրենց բնորոշմամբ, հանրապետական հեռուստաընկերությունների և Youtube-ի միջոցով: Կատակով տիկին Գևորգյանը պատմեց, թե իրենց բարեկամներին է այցելել ու նրան ասել են՝ «Եկել ես ասես՝ ում համար գցե՞նք»:

«Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն մի շարք խախտումներ է գրանցել: Aravot.am-ի հետ զրույցում ՀԿ-ի նախագահ Հարություն Համբարձումյանը նշեց, որ որոշ համայնքներում մահվան դեպքեր են գրանցվել տարեվերջին, որոնց մասին տեղյակ չի պահվել համապատասխան մարմնին, ուստի այդ պատճառով նրանց անունները դեռ չեն հանվել ընտրացուցակներից: Պարոն Համբարձումյանը նաև հավելեց. «Շիրակի մարզի Հացիկ գյուղում՝ թիվ 33/49 ընտրատեղամասում, երկու բնակիչներ, որոնք արդեն շուրջ հինգ տարի է մահացած են՝ Վլադիմիր Կարապետյանն ու Սարգիս Հակոբյանը, դեռ նրանց անունները չեն հանվել ընտրացուցակներից:  Դեպքեր կան, որ զորացրվել են բանակից, սակայն նրանց անունները դեռ չեն ընդգրկվել ընտրացուցակներում: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, քաղաքապետի որոշմամբ 36/37 ընտատեղամաս է սահմանվել տեղի Արվեստի դպրոցի շենքը, սակայն ընտրացուցակները փակցվել են թիվ 1 դպրոցում՝ պատճառաբանելով, որ շենքը ջեռուցվում է: Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ՝ նախկին որոշումը փոփոխվել է և ընտրատեղամաս սահմանվել թիվ 1 դպրոցը, սակայն ԿԸՀ-ն անընդունելի է համարել այդ որոշումը: Արդեն ուշացումով ընտրացուցակները փակցվել են ընտրատեղամաս համարվող Արվեստի կենտրոնի շենքում: Սակայն հարց է առաջանում ինչո՞ւ նախապես չէր որոշվել ավելի հարմար շենքը դարձնել ընտրատեղամաս, քանի որ հնարավոր է ընտրողների մոտ այժմ շփոթություն առաջանա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031