Բանակի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպված երևանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր այցելության մասով հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ավելի քան 300 ծնողներ հանդիպել են ԼՂՀ-ում, ինչպես նաև Սյունիքի և Տավուշի մարզերում ծառայող իրենց որդիներին:
Զեկուցվել է նաև, որ տոնի կապակցությամբ վարչական շրջաններում շարունակվում են կազմակերպվել տոնական միջոցառումներ:
Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկողության մասով զեկուցվել է, որ չկատարող մի քանի տնտեսվարողների նկատմամբ կիրառվել են համապատասխան տույժեր: Պատասխանատուներին փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը, խորհրդակցությունը վարող քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը հորդորել է հետևողականորեն շարունակել վերահսկողությունը տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման մասին Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման ուղղությամբ:
Հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա հսկողության մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման համար կազմվել է 30 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ առաջիկայում քաղաքային տրանսպորտի երթուղիները կհամալրվեն մասնավորի կողմից ներկրված ևս 80 ավտոբուսով:
Կարդացեք նաև
16-րդ թաղամասի բազմաբնակարանների գազիֆիկացման մասով էլ զեկուցվել է, որ շենքերում ավարտին են մոտենում նախապատրաստական աշխատանքները:
Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության գործընթացը: Անցած մեկ շաբաթվա ընթացքում օժանդակություն է ստացել սիրիահայ ևս 81 ընտանիք, 31 ընտանիքների էլ ցուցաբերվել է անվճար բուժօգնություն: Հանձնարարել է հետևողականորեն շարունակել սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն