Ձմեռն ինչպես կանդրադառնա գյուղատնտեսության վրա, դեռ վաղ է ասել, բայց լեռնային շրջաններում առատ տեղումները դրական գործոն են
Անձրեւաձնախառն տեղումներն արդեն վաղը կդադարեն եւ նույնիսկ արեւ կտեսնենք: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա ներկայացմամբ, ամենացածր ջերմաստիճանն այս օրերին լեռնային շրջաններում, Շիրակում մինչեւ 15 աստիճան կլինի, իսկ մնացած լեռնային գոտիներում 8-13 աստիճան ցուրտ կլինի:
Թեեւ վաղը կդադարեն տեղումները, սակայն ամսի 1-ի ուշ երեկոյան եւ ամսի 2-ին դարձյալ տեղումներ կլինեն, իսկ ամսի 2-ին, չնայած տեղումներին, եղանակը կտաքանա: Ըստ Զարուհի Պետրոսյանի, ամսի 3-ից հանրապետությունում կդադարեն տեղումները, հաջորդ օրվանից էլ օդի ջերմաստիճանը կբարձրանա:
Aravot.am-ի այն հարցին, թե նման եղանակային պայմաններն ինչպես կանդրադառնան գյուղատնտեսության վրա, տիկին Պետրոսյանն ասաց` դեռ վաղ է կանխատեսումներ անել, սակայն լեռնային շրջանների առատ ձյունը դրական գործոն է գյուղատնտեսության համար, իսկ ցրտահարության մասին այս պահին որեւէ բան ասել հնարավոր չէ:
Կարդացեք նաև
Այս տարի տաք ձմեռ է`հունվարն ու փետրվարը նորմայից բարձր տաք է, սակայն, տիկին Պետրոսյանի փոխանցմամբ` դա էլ կարելի է դիտել՝ որպես նորմալ եղանակային պայմաններ:
Մեր այն հարցին էլ, արդյոք Հայաստանի տաք ձմեռները գլոբալ տաքացման արդյունք են, կենտրոնի ղեկավարն ասաց. «Նման տաք ձմեռներ հանրապետությունում դիտվում են վերջին 20 տարիներին, ավելի շատ են այսպիսի տաք ձմեռները, նույնիսկ դարասկզբին էլ նմանատիպ ձմեռներ են եղել, եւ քանի որ հաճախականությունն է մեծացել՝ կարելի է կապել գլոբալ տաքացման հետ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ