Կամ երբ փողը փոխարինում է ինտելեկտին
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
«Եթե իշխանությունը քաղաքական կամք ցուցաբերի եւ անցկացնի ազատ, արդար, օրինական ընտրություններ»՝ քերականական պայմանական եղանակին բնորոշ այս նախադասությունը Հայաստանում քաղաքական եղանակ չի ապահովել 1995-ից ի վեր: Հայաստանյան ընտրական միջավայրում պայմանական եղանակը չի գործում. այստեղ ավելի գործուն է հրամայական եղանակը: Վստահ իշխանության քաղաքական կամքի իսպառ բացակայության վրա՝ կուսակցությունները պարբերաբար լծվել են ՀՀ ընտրություններին առնչվող օրենսդրությունը փոխելուն: Արդյունքը եղել է այնպիսին, ինչպիսին հայաստանյան ընտրությունների արդյունքներն են եղել՝ իշխանության կամոք եւ ձեռամբ՝ անարժանահավատ եւ արատավոր:
Ընտրական օրենսգրքում ամրագրված ընտրագրավի խնդիրն այս ընտրությունների քաղաքական առանցքը դարձավ, որը ոչ պակաս, քան ընտրությունների արդյունքների կեղծումը, ընդգծում է հայաստանյան ընտրական համակարգի արատավոր բնույթը: Ընտրագրավն իշխանությունների դրոշն է, որի վրա գրված է՝ հանուն գործող քաղաքական վերնախավի, հանուն առկա քաղաքական համակարգի հարատեւման: Սակայն պատմությունը վկայում է, որ դրոշները վայր են գցում, հրկիզում, եւ հին դրոշների փոխարեն բարձրացվում են նորերը, որոնց վրա գրված են նվիրական բառերը ազատության, արդարության, հավասարության մասին:
Կարդացեք նաև
1. Ունեցվածքային ցենզ քաղաքական
գործունեության համար
Հիտլերի՝ իշխանության գլուխ անցնելուց առաջ ռասիստ պատգամավոր Բերգերը հայտարարեց. «Եթե ֆրանսիացիները, Հիտլերի իշխանության գլուխ անցնելուց հետո, փորձեն մտնել մեր տարածքները, մենք բոլոր հրեաներին կոչնչացնենք»: Երբ պրուսական կառավարությունը արգելեց Բերգերին հանդես գալ հրապարակային ելույթներով, ռասիստական թերթերից մեկը գրեց. «Հարկ չկա մեղադրել Բերգերին, մենք հրեաներին կոչնչացնենք՝ մեր օրենքները հարմարեցնելով դրան»:
ՀՀ Ընտրական օրենսդրության փոփոխությունները ծառայել են որպես քողածածկույթ միջազգային եւ եվրոպական կառույցների տրամադրած ահռելի չափերի հասնող դրամաշնորհների, վարկերի մսխումը շղարշելու համար: Ընտրացուցակների, ընտրական հանձնաժողովների կազմավորման սկզբունքները եւ դիմակայությունը դրանց շուրջ ուղեկցել են ընտրական օրենսդրությանն առնչվող բոլոր գործընթացներին: Ընտրագրավին առնչվող առաջին անհամաձայնությունը ծագեց դրա՝ օրենքի ուժ տալու առաջին իսկ հաջողված փորձից՝ 1996թ. մարտից, երբ Ազգային ժողովի մարտի 26-ի նիստում քննարկման դրվեց, ապա որպես հիմք ընդունվեց ՀՀՇ վարչության անդամ, հանգուցյալ Էդվարդ Եգորյանի հեղինակած ՀՀ Նախագահի ընտրությունների մասին օրենքի նախագիծը: Հիշյալ նիստում ընտրագրավի շուրջ խորհրդարանական ընդդիմությունը միակարծիք չէր. եթե ԱԺՄ-ն հանդես եկավ ընտրագրավի դեմ, ապա ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը պահանջեց կրկնապատկել ընտրագրավի չափը: Որպես «Ազգ» թերթի նախկին խորհրդարանական լրագրող, լուսաբանելով ԱԺ հիշյալ նիստը, հոդվածս վերնագրեցի՝ «Ունեցվածքային ցե՞նզ ապագա նախագահի համար»: Արդյո՞ք գիտեի, որ 17 տարի անց այդ հարցը նույն սրությամբ ծառանալու էր հենց իմ առջեւ, երբ 2013 հունվարի 12-ին ՀՀ ԿԸՀ-ն մերժելու էր նախագահի թեկնածուի իմ գրանցումը հենց ընտրագրավի կանխադրույթը կիրառելով: Այսօր եւս հարցը նույնքան հրատապ է եւ մտահոգիչ, որքան 1996թ. ՀՀ նախագահի ընտրություններից առաջ: Թե երեկ, թե այսօր համոզված եմ, որ ընտրագրավն ունեցվածքային ցենզ է եւ խտրականություն է սահմանում քաղաքականությամբ զբաղվելու համար՝ խիստ սահմանափակելով քաղաքական ընտրովի պաշտոնների համար քաղաքական մրցակցությունը: 1996թ. մարտի 27-ի «Ազգ»-ի վերոհիշյալ հոդվածս ավարտեցի այսպես. «5000 դոլարի գրավ պահանջել կուսակցություններից, որոնք բոլորն էլ, բացառությամբ ՀՀՇ-ի, գտնվում են ոչ դյուրին տնտեսական իրավիճակում՝ անտրամաբանական է, մանավանդ որ Հայաստանը շա՜տ հեռու է այն տնտեսական, քաղաքական քաղաքակիրթ իրավիճակից, երբ մեզ կարող ենք «ունեցվածքային ցենզի» շռայլություն թույլ տալ» («Ազգ», 27.03.1996թ.): Այն ժամանակ չգիտեի, որ աշխարհն, ընդհակառակը, հրաժարվել է ընտրագրավից: 1964թ. ընտրագրավից հրաժարվեց ԱՄՆ-ը, 1990թ. ապարտեիդի հետ ընտրագրավից հրաժարվեց Հարավ-աֆրիկյան Հանրապետությունը: Եվրոպական 3-4 երկրներում պահպանված ընտրագրավը խորհրդանշական է եւ համադրելի տվյալ երկրներում միջին աշխատավարձի չափին:
Վերոհիշյալ հոդվածիս եզրահանգումն այս էր՝ «Եվ թեպետ Էդ. Եգորյանը հավաստիացրեց իրենց «պլանների» արդարացիության մեջ, այնուամենայնիվ հուլիսի 5-ի դաժան ուրվականը դեռ երկար է շարունակելու հալածել»: Հուլիսի 5-ի ուրվականը միսուարյուն է ստացել եւ ազատորեն շրջում է Հայաստանում. ընտրախախտումները, իրոք, դարձան հայաստանյան ընտրահամակարգի անբաժան մասը, ի վերջո՝ կաթվածահար անելով այն:
Սակայն ընտրագրավի խնդիրն այլեւս չարծարծվեց. պատգամավորի եւ նախագահի բոլոր թեկնածուները լռելյայն վճարեցին այն: Լռության պատճառները պայմանավորված էին՝ 1. թեկնածուների (կուսակցությունների) բավարար ֆինանսական միջոցների առկայությամբ՝ հայտնի կամ անհայտ աղբյուրներից, 2. հայաստանյան հանրային մտածողությամբ, ըստ որի ավելի ամոթալի է, որ ձեր մասին ասեն, թե այդքան ապահովված չեք, քան, եթե ասեն, որ դուք գող եք, կաշառակեր եւ մաֆիոզ, 3. կոռումպացված իշխանությունների վարքագծով, երբ պետական շինարարության մեջ նյութական արժեքները հայտարարվում եւ գործում են որպես գերակայություններ, իսկ քաղաքական պաշտոնները՝ մենեջերների, 4. գործարարների զգալի մասի՝ ցածր ինտելեկտը ոսկեզօծելու ձգտմամբ:
Այդեւայլ հանգամանքները Հայաստանում աստիճանաբար փորձում են վերածել օրինաչափության, երբ հանրային, պետական, քաղաքական գործիչները, ի պատասխան լրագրողների տարակուսած հարցերի իրենց եկամուտների ծագման եւ աղբյուրների մասին, վիրավորված, անգամ՝ ամբարտավան տեսք են ընդունում՝ խորհուրդ տալով չհաշվել ուրիշի փողերը: Այն դեպքում, երբ քաղաքակիրթ պետություններում հանրության անդամները հաշվետվություն են պահանջում ամեն ցենտի համար: Անցյալ տարի www.parliamentmonitoring.am կայքը ներկայացրեց ՀՀ ԱԺ պատգամավորների եկամուտներն ըստ նրանց հայտարարագրերի: Պատկերը սահմռկեցուցիչ էր թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ հասարակական առումներով. միայն ԲՀԿ եւ ՀՀԿ խմբակցությունների պատգամավորների եկամուտները միասին կազմել են 133.8 մլն ԱՄՆ դոլար:
Իրավական առումով ակնհայտ էր, որ պատգամավորների զգալի մասը խախտում է Սահմանադրությունը՝ պատգամավորի մանդատը համատեղելով ձեռնարկատիրությամբ՝ աշխատանքային ժամերին ավելի շատ ձեռնարկություններում լինելով, քան խորհրդարանում: Քաղաքականությամբ զբաղվելու «մրցապայքարում» հաղթած պատգամավոր-գործարարները խորհրդարանում հետապնդում են բիզնես- շահեր՝ միաժամանակ վայելելով պատգամավորական անձեռնմխելիությունը: Անգամ ոչ գործարար պատգամավորները մայրաքաղաքում ունեն մի քանի բնակարաններ, ավտոմեքենաներ, թանկարժեք իրեր:
Հանրային ընկալման մեջ աստիճանաբար ամրապնդվեց երկու հանգամանք՝ 1. Հայաստանում պաշտոնը եւ քաղաքականությունը հարստանալու ամենաուղիղ եւ կարճ ճանապարհներն են, 2. ընտրովի կամ նշանակովի պաշտոնյաների գործունեության մեջ տեղ չկա հանրային շահի համար. այստեղ գերիշխում է խմբակային կամ անձնական շահը: Ազատական տնտեսության մեջ հարստություն ձեռք բերելը բնավ ամոթ չէ, ֆինանսներն աշխարհում շարունակում են շատ բան որոշել, սակայն Հայաստանում սոցիալական բեւեռացման, ունեզրկության եւ հասարակության հարստահարման արդյունքում այդօրինակ հարստության կուտակումը իրավական, քաղաքական եւ հասարակական պատասխանատվություն է առաջացնում:
Նմանօրինակ իրավիճակում, երբ հանրային բարիքն ակնհայտորեն բաշխվել եւ բաշխվում է անարդար սկզբունքներով, ՀՀ նախագահի թեկնածուի գրանցման համար 8 միլիոն դրամ ընտրագրավն ի սկզբանե պետության ղեկավարի ընտրությունները դարձնում է ոչ մրցակցային, քանի որ մրցակցությունը հայտարարվում է բացառապես ունեւորների միջեւ, իսկ միջին խավը, որտեղ գերակշռում են մտավորականները, մրցակցությանը մասնակցելու հնարավորությունից զրկվում է: Խնդիրն ավելի բարդանում է նրանով, որ հայաստանյան ունեւորների զգալի մասի մտավոր, ինտելեկտուալ, կրթական մակարդակը չի ներում երկրի ղեկավարի պաշտոնի համար ընտրապայքարին մասնակցելու: Ունեցվածքային ցենզի պայմաններում նախագահի պաշտոնի համար մղվող ընտրապայքարը կարող է ընթանալ հիմնականում ունեւորների միջեւ, իսկ հաշվի առնելով, թե Հայաստանում ինչ բարքեր եւ սկզբունքներ են գործում ունեւորների համար, իրավիճակը ողբալի է թվում:
Անընդունելի է նաեւ այն պնդումը, ըստ որի այդ 8 միլիոն դրամն ընդամենը գրավադրվում է եւ ետ է վերադարձվում ընտրություններում 5 տոկոսը հաղթահարելու դեպքում: Քսան հազար ԱՄՆ դոլարի համարժեք ութ միլիոն դրամը ֆիզիկական փող է, որը թեկնածուները կարող են եւ չունենալ: Ուշագրավն այն է, որ ոչ ոք չի հարցնում այդ ֆիզիկական փողերի ծագման աղբյուրները այն դեպքում, երբ թեկնածուների նախընտրական հիմնադրամի ամեն լուման ԿԸՀ-ն վերահսկում է: Ստացվում է այնպես, որ նախագահի ընտրությունները կարող են փողերի լվացման հնարավորություն ընձեռել:
2.«Վատ կառավարությունների
ժամանակ օրենքները
մշտապես օգտակար են ունեւորների եւ
վնասակար նրանց
համար, ովքեր ոչինչ չունեն»
Ժան Ժակ Ռուսո
Ընտրական օրենսգրքով սահմանված ութ միլիոն դրամ ընտրագրավի սահմանադրականությունը վիճահարույց է: Ըստ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածի՝ «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Միչդեռ 8 մլն ընտրագրավը համադրելի չէ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձին եւ միջին աշխատավարձին, հենց սա է նշանակում, որ ունեցվածքային ցենզ է սահմանվում ՀՀ քաղաքացիների համար: Սահմանադրության 50-րդ հոդվածում հստակ տրված են ՀՀ նախագահի թեկնածուին ներկայացվող պահանջները. «Հանրապետության Նախագահն ընտրվում է ՀՀ քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով: Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում»: Այլ պահանջներ նախատեսած չեն, մինչդեռ ԸՕ 80-րդ հոդվածը պահանջում է, որ նախագահի թեկնածուները ՀՀ ԿԲ-ում բացված ԿԸՀ հաշվեհամարին վճարեն 8 մլն դրամ ընտրագրավ՝ զանց առնելով Սահմանադրությունը, որով որեւէ այլ արգելք, գրավ, գումար կամ այլ սահմանափակումներ չեն նախատեսվում: Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, որի նորմերը, այդ թվում՝ 14.1 եւ 50 հոդվածները, գործում են անմիջականորեն:
Բացի այդ, ԿԸՀ-ն Սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն չունի, առավել եւս ԿԸՀ անդամները ԸՕ 18-րդ հոդվածի 6.3 կետի համաձայն իրավունք չունեն զբաղվելու հասարակական-քաղաքական քարոզչությամբ: Սակայն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վերջին շաբաթների ընթացքում հենց դրանցով է զբաղված՝ Սահմանադրության մեկնաբանմամբ եւ հասարակական-քաղաքական քարոզչությամբ: «Ազատություն» ռադիոկայանի 2012թ. դեկտեմբերի 28-ի հարցազրույցում Մուկուչյանը, ի պատասխան լրագրողի ձեւակերպման, թե ընտրությունները ոմանք համարում են ոչ մրցակցային, նշում է. «Համենայնդեպս, այդտեղ կան նաեւ այնպիսի քաղաքացիներ, որոնք ունեն նաեւ քաղաքական կենսագրություն, օրինակ՝ Պարույր Հայրիկյանը, Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը։ Կան նաեւ քաղաքացիներ, որոնք, իհարկե, նրանց մի մասը, նույնիսկ մինչ այս հանրությանը ուղղակի, հավանաբար, ծանոթ էլ չի եղել՝ նկատի ունեմ լայն հանրությանը։ Այս առումով, ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, համենայնդեպս, թերեւս մրցակցություն կլինի ընտրությունների ժամանակ»։ Մուկուչյանը, անշուշտ, կարող է ունենալ սեփական տեսակետ քաղաքական գործընթացների մասին, սակայն ԿԸՀ նախագահի կարծիքի արտահայտման ազատությունը սահմանափակվում է օրենսդրությամբ: ԿԸՀ ներկա նախագահը կարծես ավելի շատ խոսում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անունից եւ նրա փոխարեն: Մինչդեռ ութ միլիոնանոց ընտրագրավի առաջարկը ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի ընտրաշտաբի ղեկավարի տեղակալ Դավիթ Հարությունյանինն է, ով վերոհիշյալ կայքին տված հարցազրույցում, ի պատասխան լրագրողի հարցի, թե նախագահի թեկնածուներից 7-ը դժգոհում են,
թե ընտրագրավի շեմը բարձր է եւ խոչընդոտ է առաջադրվելու համար, ընդգծում է՝ «Շատ լավ է, որ խոչընդոտում է եւ թույլ չի տալիս, որ ով ցանկանա՝ առաջադրվի: Ամեն մեկը չէ, որ պետք է առաջադրվի, որովհետեւ քաղաքական գործընթացներում հույժ կարեւոր են նաեւ սահմանափակումները», իսկ «երբ գրանցվում են այնքան շատ թեկնածուներ՝ գործընթացը դադարում է քաղաքական լինել»: Ենթադրվում է, որ Հարությունյանի դիտանկյունից այժմ, երբ նախագահի ընտրապայքարում նախկին 15 առաջադրված թեկնածուների փոխարեն մնացին 8-ը, ընտրությունների քաղաքական փայլը շլացնում է: Հարությունյանը վստահ է, որ բարձր ընտրագրավը կփակի «բազմաթիվ տեխնիկական թեկնածուների» մուտքն ընտրապայքար: Հենց ունեցվածքային ցենզն oգնեց, որ Հարությունյանի կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, խորհրդարան բերի մեծաթիվ «տեխնիկական թեկնածուների», որոնց ներկայության հետ կարելի էր համակերպվել, եթե նրանք ունեցվածքային ցենզի հետ նաեւ ազնվականության նշույլ ունենային, սակայն խորհրդարանում «առկայծող» բազմաթիվ պատգամավորներ տառաճանաչ չեն, զուրկ են ոչ միայն բարեկրթության, այլեւ միջանձնային հաղորդակցության տարրական կանոններից: Հարությունյանի՝ օրենսդրության ամրագրված դրույթները մեծապես օգնեցին, որ քաղաքականությունը Հայաստանում իջնի հենց նրանց մակարդակին:
Հիմնականում պետական նշանակովի եւ ընտրովի պաշտոններ զբաղեցրած Դավիթ Հարությունյանին ընտրագրավի չափը «օպտիմալ եւ ողջամիտ» է թվում, եւ թեպետ նա ստացել եւ ստանում է պետականորեն սահմանված աշխատավարձ, սակայն հայտարարագրել է 3 բնակարան (313.2 քմ ընդհանուր մակերեսով) եւ 1 շինություն (954.8 քմ) Երեւանում, Գեղարքունիքի մարզում ունի 2 հանգստի սենյակ՝ 107.17 քմ ընդհանուր մակերեսով, 1 բնակարան՝ 30.2 քմ մակերեսով ունի Մոսկվայում, նաեւ հողամասեր Դիլիջանում, Հրազդանում եւ Երեւանում, գեղանկարներ, մետաղադրամների հավաքածու՝ չգնահատված արժեքով:
«Վատ կառավարությունների ժամանակ օրենքները մշտապես օգտակար են ունեւորների եւ վնասակար նրանց համար, ովքեր ոչինչ չունեն»,- Ժան Ժակ Ռուսոն իրավացի էր:
ՀՀ մի շարք օրենքներ, օրենքների առանձին դրույթներ Հայաստանում օրինականացնում են կոռուպցիան, անաշխատ եկամուտները՝ ՀՀ քաղաքացիների միջեւ դասակարգային խտրականություն սահմանելով: Ընտրագրավն այն քարն է, որին գայթելու է իշխանությունը: Զսպաշապիկ հագցնելով ազատականության ու մրցակցության սկզբունքների վրա՝ ՀՀ քաղաքական իշխանությունը մենաշնորհներ է սահմանում ոչ միայն տնտեսության, այլեւ քաղաքականության վրա՝ քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը վերապահելով միայն արտոնյալներին:
Պատմությունը վկայում է՝ երբ դասակարգեր են առաջանում, առաջանում է նաեւ դիմակայություն նրանց միջեւ: 21-րդ դարում այդ դիմակայությունը կոչվում է պայքար քաղաքացիական եւ քաղաքական ազատությունների համար: Ոսկեզօծելով քաղաքականությունը՝ ավելի է սրվում դիմակայությունը:
«Առավոտ» օրաթերթ
Հարգելի՝ Նարինե Մկրտչյան: Դուք հանգամանորեն ներկայացրեցիք հիմնականում
իրավական նորմերի արատավոր բացթողումների և նրանց հետևանքների մասին: Իմ կարծիքով չներկայացրեցիք, կամ թերի էր,՝ բարոյահոգեբանական արատների մասը:Րոպեներ առաջ Հ1-ով, ,,Հարցազրույց,, հաղորդաշարի հյուրն էր մեր բոլորիս սիրելի,՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ՝ Ռոբերտ Ամիրխանյանը: Իհարկե խոսքը ոչ թե երաժիշտության մասին էր, այլ գալիք նախագահական ընտրությունների: Եվ այստեղ են ասել, որ տաղանդավորը,՝ տաղանդավոր է ամեն ինչում: Նա այնպիսի վերտիոզ վարպետությամբ պաշտպանեց գործող նախագահին, չճանաչողը կասեր,՝այ …. ժողովուրդ էլ ձեզ ինչ է պետք, որ դեռ ընտրություններ էք ուզում անել: Չե՛որ գործող նախագահը ջանք
ու եռանդ չի խնայում երկիրը բարգավաճելու համար: -Գուցե իհարկե չի խնայում,
բայց արդյունքը ճիշտ հակառակն է: Նա ասաց, որ յուրաքանչյուրը պետք է իմանա
իր պահանջների չափը, և օրինակ բերեց՝ ինչ վատ է շատակերությունը, բայց չհիշեց
այն,՝ որ մեկ երրոդը քաղցած են քնում ու վեր կենում: Եվ ասաց,՝ վերջին հաշվով բոլորն են մեղավոր բացի մեր սիրելի գործող նախագահից:
Իմ կարծիքով այս քծնությունն այսքան բարձր մակարդակով քիչ վտանգավոր չէ,
քան իրավական նորմերը, որի մասին խոսելը քիչ կարևոր չէ:
մեղավոր՝ բացի մեր սիրելի նախագահից:
Հարգելի Մաքսիմ,
շնորհակալ եմ ընթերցելու և արձագանքելու համար: Այլ հոդվածներում անդրադարձել եմ իշխանությունների վարքագծի սոցիալ-հոգեբանական գործոններին: Ընտրագրավի և նման խնդիրներն իրավահարաբերությունների ոլորտում դիտարկելիս, իմ համոզմամբ, ավելի է ընդգծվում այն իրողությունը կամ իրավիճակը, երբ օրենքները հարմարեցվում են ձեր իսկ մատնանշած որակի հարաբերություններին, վարքագծին, բարքերին: