Լրահոս
Օրվա լրահոսը

Թղթե դիմակով հայ ռոքերը

Հունվար 29,2013 14:00

Vendeta V-ն ավելի հայտնի է արտերկրում, քան հայրենիքում

Առաջին ռոքերները Հայաստանում հայտնվեցին 1960-ականների կեսերից: Այդ տարիներին Երեւանում, Լենինականում եւ Կիրովականում հայտնի էին հայաստանյան ռոք խմբերն ու անհատ կատարողները, այդ թվում՝ Արթուր Մեսչյանի «Առաքյալները», «Կոլեյդոսկոպը» եւ այլն: Չնայած հետագա տարիների պետական ճնշումներին եւ միջամտություններին (օրինակ՝ Ստաս Նամինի խումբը 1980-ին արտաքսվեց Հայաստանից), 1980-ականներին հայտնվեցին նոր սերնդի խմբեր՝ «Ասպարեզ», «Այաս», «Տարերք», «Տեսիլք», «Բամբիռ», «Ոստան հայոց» եւ այլն: «Dumbarton Oaks»-ը ռոք խմբերից առաջինն էր, որ «խառնեց» ռոքի ու դասականի տարրերը, հետագայում ճանաչում ձեռք բերեցին «MDP», «Oaksenham» խմբերը, սեփական երգերի կատարումով հանդես եկավ Վահան Արծրունին: «Lav Eli»-ի ղեկավար Գոռ Մխիթարյանը հաջողության հասավ ԱՄՆ-ում, ներկայումս ակտիվորեն գործող խմբերից են «The Kings Cross»-ը, «Alter Ego»-ն, «Empyray»-ը, «Նաիրին», «Dorians»-ը: «Dorians»-ը, «Աստծո բանակը», «Որդան կարմիրը», «Ռեինկարնացիան», «Արամազդը», «Ռահվիրան», «Դիվահարը» եւ այլ խմբեր ավելի գրավում են երիտասարդներին: Վերջին շրջանում էլ ունկնդիրը դարձանք Արման Էլբերտի «Գրիգոր Լուսավորիչ» ռոք օպերայի եւ Արամ Սուքիասյանի «Թափառում» ռոք օպերա-ֆիլմի:

2010թ.-ից երեւանյան ակումբներում գործունեությունը սկսեց թերթից դիմակով հանդես եկող ռոք կիթառահար Vendeta V-ն: Թեեւ երաժիշտը, իր խոսքերով՝ խուսափում է լրագրողների հետ հանդիպումից, այդուհանդերձ, «Առավոտին» հետաքրքրող հարցերին տվեց ժլատ պատասխաններ: Հարցին, թե ինչու է ընտրել Vendeta (վրեժ) անունը, ռոքերն ասաց, որ իմաստին հատուկ նշանակությւոն չի տվել: Ինչ վերաբերում է դիմակով ներկայանալուն, դրա մասին էլ նշեց. «21-րդ՝ տեղեկատվության դարում աշխարհը թերթերն են ներկայացնում: Հենց թերթի դիմակներով ես էլ ներկայացնում եմ իմ աշխարհը: Հայտնի է, որ մարդ արարածը տարբեր իրավիճակներում ներկայանում է տարբեր դեմքերով, ինչը ոչ թե ցանկալի չէ, այլ հաճախ վտանգավոր է: Կրում եմ ընդամենը մեկ թղթե դիմակ, այն էլ ոչ արտառոց, հանգիստ դիտվող: Եվ ելույթի ժամանակ, բնականաբար, տեսողական կապ չեմ հաստատում հանդիսատեսի հետ. չէ՞ որ գլխավորը երաժշտությունս է ու հույզերս»:

Հետաքրքրությանը՝ մեզ հասած տեղեկություններով, ռոքերը համացանցի միջոցով համագործակցում է արտերկրյա, հիմնականում՝ ամերիկյան CD հրատարակող ֆիրմաների հետ, ինչի շնորհիվ էլ դիմակով հայ երաժիշտը հայտնի է դարձել ԱՄՆ-ում, Vendeta V-ն նախ ասաց, որ 2012թ. հիշարժան էին համերգները Բուլղարիայի տարբեր քաղաքների ակումբներում, հետո էլ պատասխանեց. «ԱՄՆ-ում թողարկվել է իմ երաժշտությամբ 9 CD, յուրաքանչյուրը՝ 40-100 րոպե տեւողությամբ, իսկ հրատարակող ֆիրմաները հայտնի են Արեւմուտքում, դրանք են՝ God Box Fx Pedals, Cactus Picks USA, Clayton Inc. եւ Timber-Tones: Նման գործունեությունը վաղուց ընդունված է Արեւմուտքում եւ մեր երկրի նման փոքր երկրների ազատ արվեստագետները կարողանում են մուտք գործել մեծ շուկաներ: Համագործակցում եմ որոշ պրոդյուսերների, այդ թվում՝ ամերիկացի ճանաչված պրոդյուսեր Վերջինյա Սլիմսի հետ»:

Ինչո՞ւ հաճախ չեն նրա բեմելները երեւանյան ակումբներում: Ի պատասխան այս հարցի, Vendeta V-ն ընդամենը պատասխանեց, որ կան որոշ մանր խնդիրներ, ինչը հարկ չի համարում բարձրաձայնել:

«Dorians»-ի վոկալիստ Գոռ Սուջյանի՝ Հայաստանը «Եվրատեսլիում» ներկայացնելու առիթով էլ մեր զրուցակիցն ասաց, թե իրեն իրավունք չի վերապահում կարծիք հայտնել երկու պատճառով: Առաջինը՝ «Եվրատեսիլը» քաղաքականացված մրցույթ է, երկրորդն էլ՝ «Dorians»-ին պարզապես լավ չի ճանաչում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031