Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիները կերթեւեկեն չինական ավտոբուսներով

Հունվար 29,2013 13:57

Խոստանում է Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը

Մոտ 4 ամիս է՝ Գյումրիում իշխանափոխություն է տեղի ունեցել, սակայն որեւէ փոփոխություն չի նկատվում քաղաքային տրանսպորտի աշխատանքում: Գյումրեցիները դարձյալ երթեւեկում են անվտանգության նորմերի խախտմամբ, այսպես ասած՝ ուղեւորներ «բարձած» միկրոավտոբուսներով, որոնց դռներն անգամ անհնարին է բացել ու մարդավայել միջից դուրս գալ: Ի պատասխան ուղեւորների այս դժգոհության՝ վարորդներն ամեն անգամ պարզաբանում են, որ գծատիրոջ՝ իրենցից պահանջած օրավարձը բավականին բարձր է, եւ այն չբավարարելու դեպքում վարորդը ակամա պարտքերի մեջ է թաղվում: Հատկապես խայտառակ վիճակում է թիվ 22 միկրոավտոբուսների սպասարկումը, նույնիսկ գյուղերի փչացած ավտոբուսների վարորդները այդքան «նազուտուզով» չեն երթեւեկում, որքան այս համարի միկրոավտոբուսներինը: Ուղեւորներից հաճախակի կարելի է լսել՝ «Ոտքով գնայի, հիմի վաղուց տեղ էի հասել» արտահայտությունը: Այս համարի միկրոավտոբուսները ժամերով կանգնում են ամեն քայլափոխի: Օրինակ՝ փաստենք, որ Անի թաղամասից մինչեւ Գյումրիի Վարդանանց հրապարակ այս համարի միկրոավտոբուսները հասնում են ամենաքիչը 50 րոպեում կամ 1 ժամում, մինչդեռ գրեթե նույն ճանապարհահատվածն անցնող՝ մեկ այլ ուղղությամբ շարժվող թիվ 20 համարի միկրոավտոբուսով կարելի է հասնել 20-25 րոպեում: Պարզ է, որ 22 համարի միկրոավտոբուսների վարորդների վրա դրված «հախը» շատ ավելին է:

Ի նկատի ունենալով այն փաստը, որ ժամանակին Գյումրիի գծերը բաժանվել են ըստ ծանոթ, բարեկամի, «Առավոտ»-ը նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե գծերի վերաբաշխում տեղի ունենալո՞ւ է, ո՞ւմ են հասնելու դրանք, եւ ինչպե՞ս է կանոնակարգվելու տրանսպորտի խայտառակ աշխատանքը: Նշենք նաեւ, որ ամեն անգամ Գյումրիի քաղաքային տրանսպորտ բարձրանալիս ակամա հիշում ես երկրի նախագահի կարգախոսը՝ «Դեպի ապահով Հայաստան», ու մտածում ես՝ շուռ եկող միկրոավտոբուսներո՞վ: Ինչեւէ, Գյումրիի քաղաքապետը մեր հարցին պատասխանեց բավական ճոխ խոստումով. «Տրանսպորտի հետ կապված՝ մենք հիմա մրցույթներ ենք հայտարարելու: Նոր գծեր ենք ավելացրել, Մուշ 2,2 եւ Անի թաղամասերը նոր բացվեցին, մենք այնտեղ մի նոր՝ թիվ 25 գիծը ավելացրեցինք, 33-րդ գծի մեքենաները ավելացրեցինք, որպեսզի կանոնակարգված լիներ Մուշ 1-ից դեպի Մուշ 2,2-ը: Իսկ 25-րդ գիծը նոր է, գալիս է Մուշ 2-ից, շատ բողոքներ եղան բնակիչներից եւ իրավացի բողոքներ էին: Վերջնակետերում մենք ունենալու ենք դիսպետչերական կետեր, որը համակարգելու է, որպեսզի համաչափ աշխատեն մեքենաները: Պետք է կարողանանք էս ոլորտը համակարգել: Ասեմ, որ երեւի մինչեւ մարտի վերջ մեր ավտոբուսները էստեղ կլինեն, չինական ավտոբուսներ ենք բերում: Եթե եղավ, կանոնակարգվելու ու իդեալական են դառնալու մանավանդ կենտրոնի գծերը: Եվ դա շարունակաբար ավելացնելու ենք եւ կանգառներն ենք ավելացնելու, որպեսզի կանգառ լինի, մարդը կարողանա հասկանալ, որ նա կանգառում պետք է իջնի, ոչ թե ամեն քայլափոխի: Փորձում ենք կանոնակարգել եւ գծերի հետ կապված բոլոր խնդիրները լուծելու ենք, որպեսզի բնակիչը ոչ թե էնպիսի վիճակով գա հասնի, որ բողոքի տեղիք տա, մանավանդ՝ անհնարին է այդպիսի գազելներով, մանավանդ՝ առավոտը, երբ որ տեղափոխում են աշխատանքի: Երբ բերենք չինական ավտոբուսները, երկու երթուղի ունենալու ենք էդ ավտոբուսներից»:

Քաղաքապետը նաեւ ասաց, որ կվերացնի Գյումրիում ընդունված այն վատ ավանդույթը, համաձայն որի՝ վարորդները երեկոյան ժամերին զլանում են աշխատել: Ըստ նրա՝ 2 ամիս հետո մրցույթ կհայտարարեն, գրավոր պայմանագիր կկնքեն գիծը սպասարկողի հետ ու կհարկադրեն աշխատել նաեւ երեկոյան ժամերին: «Հիմա օդի մեջ է մնում մեր ամեն ասածը, քանի որ չկա համապատասխան պայմանագիրը: Երբ որ եղավ, 2 ամսից մրցույթները սկսելու ենք: Մի երկու անգամ կանչել-ասել եմ գծատերերին՝ անպայման պետք է լավ աշխատենք: Աշխատում են, կանոնակարգվել է, որ ասենք՝ շատ վատ վիճակ է, այդպես չի, բայց քանի որ երեկոյան ժամերին քաղաքացիները շատ քիչ են, նրանք խուսափում են աշխատելուց: Բայց էս երկու ամսվա ընթացքում, ինչպես ասում են, խնդրանքով կանենք, իսկ հետո էդ ամեն ինչը կկանոնակարգենք ըստ օրենքի, ըստ մեր կազմած պայմանագրի: Էնպես որ՝ լավ է լինելու, մանավանդ, որ ավտոբուսները եկան, էս խնդիրը փակվելու է, որովհետեւ լուրջ, երկար գծեր ենք դնելու, եւ երեկոյան գազելները կաշխատեն, եթե չէ՝ հաջողություն. այդպիսի պայմանագիր ենք կազմելու»,- ասաց քաղաքապետը:

Իսկ թե ո՞վ է 10 չինական ավտոբուսները Գյումրի ներկրում, այս մասին քաղաքապետը ոչինչ չասաց, միայն նշեց, որ մասնավոր սեկտորն է, որին չես կարող ասել՝ գնա, շատ ավտոբուսներ գնիր Չինաստանից, բեր: «Եթե որեւէ մեկը կուզի նման ավտոբուսներ գնել՝ 1 հատ կամ 2 հատ, թող գնա բերի, մենք նրա ավտոբուսները կդնենք գծի մեջ, թող իրենք իրենց բիզնեսը անեն՝ ինչ ասեմ: Մասնավորն է ներկրում, քաղաքապետարանը էդքան գումար չունի, որ էդպիսի ավտոբուսներ ներկրի»,- ասաց քաղաքապետը:

Նա նաեւ պարծեցավ, որ տրանսպորտի ոլորտում 2 ամսվա ընթացքում պլանը 200 տոկոսով են կատարել, մեծ գումարներ են հավաքագրել ու բյուջե լցրել:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հ. Գ. Հուսանք, որ նորընտիր քաղաքապետը ուշադրություն կդարձնի նաեւ գազելները վարողների էթիկայի եւ, որ ամենակարեւորն է, վարորդական իրավունք ունենալ-չունենալու վրա: Գյումրիում, մանավանդ՝ երեկոյան ժամերին, այնպիսի անփորձ ջահելներ են վարում միկրոավտոբուսները, որ ուղեւորները իրոք սարսափահար են լինում տրանսպորտ բարձրանալիս, եւ երբեմն այնպիսի հայհոյանքներ են հնչեցնում, որ ուղղակի բախտդ ես անիծում, որ նման քաղաքում ես ապրում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031