Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Նժդեհի մասին խոսելով՝ Նժդեհներ չենք ունենալու»

Հունվար 29,2013 13:44
Smbat Ayvazyan

Սմբատ Այվազյանն ազգային անվտանգության նոր հայեցակարգ է առաջարկում

– Պարոն Այվազյան, Ձեր վերջին հարցազրույցներում դուք խոսում եք սահմանամերձ գոտու անվտանգության ապահովման նոր սկզբունքների մասին: Ինչո՞ւ հենց այժմ առաջարկվեց սահմանամերձ գոտու անվտանգության նոր հայեցակարգ, եւ ինչո՞վ չի բավարարում այն, ինչը կա. չէ՞ որ եղածով մեր սահմանները կարողանում ենք անառիկ պահել:

– Որովհետեւ հիմա արդեն շատերն են սկսել հասկանալ, որ դատարկվող տարածքը անտեր ու անպաշտպան տարածք է: Որ անզեն ու անպաշտպան մարդը չի կարող հող ու երկիր պահել, որովհետեւ նա ինքն է պաշտպանության կարոտ: Որովհետեւ հիմա շատերն են սկսել հասկանալ՝ մարդու վիճակը ոգի է փոխում, իսկ ոգին որոշում է ամեն ինչ: Բացի այդ, բոլորը պետք է ականջին օղ անեն, որ սահմանամերձ գոտում եւ ազատագրված տարածքներում է որոշվում Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի ճակատագիրն ու ապագան: Այս նույն բաները եթե ես ասեի 5 կամ 10 տարի առաջ, չէր ընկալվելու: Խելոքների ու պնակալեզների մի հսկայական բազմություն վայնասուն էր բարձրացնելու, թե մենք քաղաքակիրթ Եվրամիություն ենք գնում, իսկ Այվազյան Սմբատը ուզում է ամբողջ ժողովրդին ֆիդայի դարձնել…

Ասեմ իմանաք… Վատ չէր լինի… Եթե 100 տարի առաջ ամբողջ ժողովուրդը մտածեր ֆիդայու նման, գաղթական ու եղեռնազարկ չէինք լինի: Մեր հողի ու երկրի տերը կլինեինք… Պատմությունը սովորեցնում եւ ցույց է տալիս արժանապատիվ ու հպարտ գոյության ճանապարհը: Այն ժողովուրդները, որ դա հասկացել են, այսօր ապրում են հանգիստ ու ապահով, իսկ որոնք համառորեն չեն ուզում հասկանալ, հնարում են հազար ու մի օբյեկտիվ պատճառներ այն կորուստների համար, որ ունեցել են, եւ հանճարեղորեն ու հպարտորեն ապացուցում են, որ դրանք պատմականորեն անխուսափելի են եղել:

– Իսկ մի՞թե մեզ համար դրանք անխուսափելի չեն եղել:

– Այո: Պատմականորեն անխուսափելի է եղել թուրքական հարեւանությունը: Սակայն այդ հարեւանությունը նաեւ սովորեցնող է եղել: Ու մենք պարտավոր ենք դա ընդունել: Մենք պարտավոր էինք հասկանալ եւ գոնե այժմ պետք է հասկանանք, որ այդ անխուսափելի հարեւանությունը պարտադրում է լինել ուժեղ, պարտադրում է լինել հզոր: Որովհետեւ ապրելով այդ հարեւանությամբ՝ մենք կամ պետք է անընդհատ գաղթելով ու ցրվելով մաշվենք, կամ պետք է լինենք ավելի ուժեղ, քան այն մարտահրավերները, որոնք եթե ոչ այսօր, ապա վաղը նորից բախելու են մեր դուռը: Այսօր էլ դեռ շատերը կան, որ կասեն, թե մենք ապրում ենք քաղաքակիրթ աշխարհում, որ այսօր հարցերը լուծվում են այլ կերպ, որ մենք ՀԱՊԿ անդամ ենք, որ մեր բանակը մարտունակ է եւ էլի հազար ու մի հանգստացնող միտք: Բայց այդ բոլոր մտքերը ընդամենը խնդիրը շրջանցելու, խնդրից խուսափելու, սեփական վախը, թուլամորթությունը քողարկելու պարզունակ միջոցներ են:

– Ինչո՞ւ:

– Որովհետեւ միայն հիմարները կարող են չտեսնել, որ Ադրբեջանում մշտապես իրականացվում է հակահայ քարոզչություն: Որ այդ երկրում ժողովրդականություն են վայելում, մեծարանքի են արժանանում եւ ժողովրդի համար հերոսներ են դառնում նրանք, ովքեր հայի են սպանում: Այսքանից հետո էլի ինչ է պետք… Մենք պարտավոր ենք իրերը կոչել իրենց անուններով: Որովհետեւ դրա մեջ է պրոբլեմի լուծման բանալին: Որովհետեւ մենք առանց քաղաքակրթական սեթեւեթանքների վերջապես պետք է հասկանանք, որ մեր հարեւանի մոտ գերիշխում են գիշատիչ բնազդները, որոնք անպայմանորեն գործի են դրվում իրենց համար պատմականորեն նպաստավոր բոլոր պահերին: Վերջապես պետք է հասկանանք, որ այդ ժողովրդի մեծագործը, հերոսը Սաֆարովն է, եւ այդ ժողովուրդը միշտ ձգտելու է նմանվել իր հերոսին ու անցնել նրա ճանապարհով:

– Ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի հետագայում չկրկնվեն Ձեր թվարկած աղետները:

– Պետք է կարողանանք ստեղծել կայուն զսպման մեխանիզմներ: Այն տիպի մեխանիզմներ, որոնք բոլոր ժամանակներում եղել են գործող ու կենսունակ: Այդպիսի մեխանիզմներ մենք չենք հնարելու: Դրանք կան, դրանք եղել են միշտ:

Խոսքս ազգ-բանակ հասկացողության մասին է: Այն մասին, որ քաղաքացին իրեն համարի իր հողի ու երկրի պաշտպանը, իրեն համարի զինվոր, երկրապահ: Միայն այդ դեպքում է, որ մենք կկարողանանք խոսել պաշտպանվածության ու սահմանային գոտու անվտանգության կենսունակ համակարգի մասին: Մենք պետք է վաղուց դա արած լինեինք, բայց եղան մարդիկ, որոնք առանց երկար մտածելու սկսեցին մասնատել ու քայքայել հասարակությանը, փորձեցին հեղինակազրկել կամավորական աշխարհազորայինի կերպարը՝ տարբեր եղած ու չեղած բացասական երեւույթներ կապելով երկրապահ երեւույթի ու Երկրապահի ղեկավարների անվան հետ: Այդ նպատակով էր հնարվել ու շրջանառության մեջ դրվել նաեւ «ասֆալտի ֆիդայի» տերմինը, որն ընդհանուր ոչինչ չունենալով տասնյակ հազարավոր ազատամարտիկների հետ՝ աճող սերնդի գիտակցության մեջ կամավորի, նվիրյալի կերպարը աղավաղելու խնդիր է լուծում:

Այո, տասնյակ հազարների մեջ կլինեին տասը-քսան պատեհապաշտներ ու խաբեբաներ: Դա ոչ մեկը չի ժխտում: Սակայն դրա համար ազգի ուժը, հպարտությունն ու պաշտպանվածությունը խորհրդանշող կամավորի, ազատամարտիկի կերպարը աղտոտելը հավասարազոր էր դավաճանության:

Ցավալի էր, որ դրա դեմ նույնիսկ ՊՆ եւ բանակի ղեկավար անձնակազմը որեւէ ձեւով չփորձեց պայքարել: Այն, ինչի մասին ես խոսում եմ, դա սոսկ անվտանգության խնդիր չէ: Դա նաեւ ազգը կրթելու եւ դաստիարակելու խնդիրն է, որը այսօր, ինչքան էլ փորձեն ժխտել, որպես լրջագույն մարտահրավեր կանգնած է մեր առջեւ: Մենք միայն Նժդեհի մասին խոսելով՝ Նժդեհներ չենք ունենալու: Նժդեհներ ունենում են կրթելով, դաստիարակելով, սեփական օրինակը ցույց տալով: Նժդեհ են դառնում սեփական ժողովրդին ու հողին նվիրված մարդկանց միջավայրում ապրելով: Իսկ այսօրվա քաղաքական էլիտան, չլինելով այդպիսին, աճող սերնդին այդ օրինակը տալ չի կարող:

– Ինչո՞վ չի բավարարում գործող մոդելը: Չէ՞ որ այդ մոդելով մեր բանակը մինչեւ այժմ հաջողությամբ պաշտպանում է մեր սահմանները:

– Ասեմ: Տարածքը ինչ-որ առարկա չի, որ դնես պահարանն ու պահես, հետո էլ ասես՝ տե՛ս, պահպանում եմ: Տարածքը պետք է պահպանել այնպես, որ տարածքի բնակիչը իրեն համարի պաշտպանված: Սա է չափանիշը: Տարածքի անվտանգության ապահովումը ոչ միայն տարածքը պահպանելն է, այլեւ այդ տարածքը բնակության համար անվտանգ ու օգտագործման համար պիտանի դարձնելը: Եվ որ ամենակարեւորն է՝ բնակելի դարձնելը… Այսօր բանակը տարածքը պահպանում է, սակայն բնակչությունը հեռանում է, տարածքները դառնում են անբնակ… Նշանակում է՝ թվարկածս կետերը չեն կատարվում, նշանակում է՝ վատ է պահպանվում… Ով ինչ ուզում է՝ թող մտածի, բայց ասեմ իմանաք… եթե կրակում են տարածքի վրա, ուրեմն այն վատ է պահպանվում: Ամեն անգամ հայտարարում են, թե համարժեք պատասխան տվեցինք: Բայց հաջորդ օրը նորից են կրակում…

Իմ հասկանալով՝ համարժեքը այն պատասխանն է, երբ այլեւս չեն կարողանում կրակել ու չեն կրակում: Այնպես որ՝ գործող մոդել ու գործող համակարգ ես չեմ տեսնում:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Սմբատ Այվազյանի առաջարկները՝ վաղվա համարում

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031