Լրահոս
Օրվա լրահոսը

Կվերադառնա՞նք 1990-ականների քաղաքական դաշտին

Հունվար 29,2013 13:40

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարեւորում է, թե արդյոք Սերժ Սարգսյանը լեգիտիմության պաշարը կօգտագործի՞ քաղաքական դաշտը վերականգնելու համար։

– Պարոն Քոչարյան, նախ ինչպե՞ս եք բնութագրում հունվարի 21-ից՝ արդեն մեկ շաբաթ ընթացող նախագահական քարոզարշավը: Ընդհանուր առմամբ թեկնածուների կողմից գործածվող PR հնարքները, եթե, իհարկե, այդպիսիք կան, հասարակությանն ընկալելի՞ են։

– Ընդհանուր առմամբ վատ հնարքներ չեն օգտագործվում, չէի ասի, իհարկե, որ նորամուծություններ են: Հասարակության վերաբերմունքը ընտրությունների նկատմամբ կարծես արդեն կանխորոշված լինի: Ընդհանուր առմամբ քարոզարշավի ընթացքում ոչ մի արտառոց բան չեմ նկատում:

– Բայց քարոզարշավը մեկնարկեց բավական արտառոց մի քայլով՝ նախագահի թեկնածուներից մեկը՝ Անդրիաս Ղուկասյանը, հացադուլով սկսեց իր քարոզարշավը: Նրա այդ ծայրահեղ քայլը, նրա պահանջը, ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է ընկալելի հասարակությանը, եւ Ձեր կարծիքով՝ ընտրողին հասնո՞ւմ է բողոքի այդ ձեւը:

– Ինքը՝ քայլը, արտառոց է, երբ ասացի, որ վատ հնարքներ չեն բանեցնում, այդ թվում եւ հացադուլը նկատի ունեի: Դա տեխնոլոգիապես հետաքրքիր քայլ է, պարզապես այստեղ պրոբլեմը զուտ պահանջի մեջ է, որովհետեւ պահանջը անիմաստ պահանջ է, քաղաքական պահանջ չի։ Ի՞նչ էր նրա պահանջը՝ մի գրանցեք այս թեկնածուին առանց որեւէ հիմքի, այլապես ես հացադուլ կանեմ…

– Դուք է՞լ եք համամիտ այն կարծիքին, որ հասարակության համար այս ընտրապայքարը ձանձրալի է, հետաքրքիր չէ, եւ առավել հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունենալու ընտրություններից հետո:

– Այո, վերջին մեկ ամսում հենց այդ տեսակետն եմ կրկնում: Այս ընտրությունները նախորդներից տարբերվում են նրանով, որ ոչ թե նախընտրական եւ ընտրական պրոցեսն է հետաքրքիր, այլ հետընտրական զարգացումները՝ ընտրությունների հիմքով մյուս հնգամյակի քաղաքական նոր դաշտի վերադասավորումներն ու դաշտի ձեւավորումը։ Մի շարք հարցեր կան, որոնք պատասխանների են սպասում՝ ո՞վ է գրավելու ընդդիմության դատարկված տեղը, ՀԱԿ-ի մի հատվա՞ծը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի,, թե՞ Հրանտ Բագրատյանը, եթե այս ընտրություններում կարողանա լուրջ ազդեցություն ունենալ, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանը… Ի՞նչ է լինելու ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի հետ… Ի՞նչ է լինելու ի վերջո Հանրապետականի հետ, ո՞ր թեւն է հաղթելու ՀՀԿ-ում՝ օլիգարխի՞կ թեւը, թե՞ քաղաքականը: Այս պրոցեսները շատ ավելի հետաքրքիր են, քան բուն ընտրական գործընթացը:

– Պարոն Քոչարյան, այն հանգամանքը, որ ՀԱԿ-ը չի սատարում Հրանտ Բագրատյանին, ի՞նչ եք կարծում՝ Հրանտ Բագրատյանի օգտի՞ն է, թե՞ ընդհակառակը՝ ինչ-որ առումով նրան վնասում է:

– Գիտեք, օգուտ կամ վնաս ճիշտ չէ ասել, ես բժիշկ չեմ, որ դիտարկեմ՝ այս դեղամիջոցը կօգնի՞, թե՞ ոչ: Զուտ բարոյական առումով, իհարկե, եւ ՀԱԿ-ին, եւ Հրանտ Բագրատյանին օգուտ կլիներ, որովհետեւ, այնուամենայնիվ, ինչ-որ մի հատված ՀԱԿ-ի էլեկտորատից սպասում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարի՝ այս թեկնածուին սատարեք, այսինքն՝ այս առումով, իհարկե, Հրանտ Բագրատյանը կկորցնի ձայներ, բայց մյուս կողմից՝ այն էլեկտորատը, որը հիասթափվել էր ՀԱԿ-ից, միգուցե գնա Հրանտ Բագրատյանի հետեւից: Այս առումով կան ե՛ւ պլյուսներ, ե՛ւ մինուսներ:

– Այն հանգամանքը, որ գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում կոնկրետ խոստումներ չի տալիս, դրականորե՞ն կընկալվի հասարակության կողմից: Կարծում եք, հասարակությունն արդեն հոգնե՞լ է խոստումներ լսելուց:

– Հասարակությունը միայն Սերժ Սարգսյանի խոստումներից չի հոգնել, հասարակությունն ընդհանրապես հոգնել է խոստումներից արդեն քսան տարի, այդ թվում եւ Սերժ Սարգսյանի խոստումներից: Առավել եւս՝ «Հավատանք, որ փոխվենք»-ից հետո, երբ հասարակությունը ականատես է լինում, օրինակ, թե ինչպես է հանրապետական Մհեր Սեդրակյանը բոլորի աչքի առջեւ ցանկություն հայտնում Մհեր Արշակյանի ծնոտը ջարդել… Այսինքն՝ հասարակությունը տեսնում է, որ իրականում ոչինչ չի փոխվում, ինչի՞ն հավատա…

Այստեղ խնդիրն այն է, որ եթե Սերժ Սարգսյանը ունենա լեգիտիմության պաշար (իսկ լեգիտիմության պաշար՝ պարզ է, որ ունենալու է), ամենակարեւորը՝ քաղաքական կամք դրսեւորի, լեգիտիմության պաշարը օգտագործի քաղաքական դաշտը վերականգնելու համար, այն առումով, որպեսզի քաղաքական դաշտը մաքրվի տարբեր օլիգարխիկ, ոչ քաղաքական տարրերից՝ փողոցի խուժանից, թաղային հեղինակություններից եւ այլն, այսինքն՝ վերադառնանք այն քաղաքական դաշտին, որին մենք սովոր էինք տեսնել 1990-ականների սկզբին: Դա Սերժ Սարգսյանի քաղաքական կամքից է կախված, բոլորն էլ գիտակցում են, որ իր կամքից է դա կախված: Այս դեպքում արդեն առանց Սերժ Սարգսյանի խոստումների էլ հասարակության հավատը կվերականգնվի, պետք չեն խոստումներ: Իսկ եթե չցուցաբերվի այդ քաղաքական կամքը՝ խոստումներ տան, թե չտան, չի վերականգնվի հասարակության հավատն ու վստահությունը, եւ իրավիճակը ավելի բացասական ուղղությամբ կընթանա։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031