Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին համատեղ քայլը

Հունվար 29,2013 13:24

Ընտրողների ցուցակների խնդիրը արդիական էր բոլոր ընտրությունների ժամանակ, արդիական է նաեւ այսօր: Մասնավորապես, նախորդ՝ խորհրդարանական եւ այս ընտրություններից առաջ ընդդիմադիրները տարակուսանք են հայտնում, թե ինչու պաշտոնապես ընդունվող արտագաղթի պայմաններում ընտրողների թիվն անընդհատ ավելանում է: Պաշտոնական բացատրությունը, թե «նորաթուխ» ընտրողներն առաջանում են 18 տարեկան դարձած քաղաքացիներից եւ քաղաքացիություն ստացած արտասահմանցիներից, ընդդիմությանը չի բավարարում. մի՞թե այդ «նորաթուխների» թիվը գերազանցում է արտագաղթածներին: Այդ պարագայում իշխանություններն առաջ են քաշում հետեւյալ փաստարկը՝ ոչ ոք չի կարող ասել, թե որքան քաղաքացի կա այս պահին երկրի ներսում: Կարծում եմ, որ դա կեղծ պատճառաբանություն է՝ պետությունը պարտավոր է դա իմանալ, եւ ավելին՝ իշխանական այն կառույցները, ում որ դա պետք է, ճշգրտության որոշակի աստիճանով դա գիտեն: Այդ դեպքում, ասում են ընդդիմադիրները, եկեք հրապարակենք իրենց ընտրությունը կատարած քաղաքացիների ցուցակը: «Օ՛,- բացականչում են նրանք,- չի կարելի, դա մարդու իրավունքների խախտում է, հարցրեք վենետիկցիներին՝ նրանք էլ են այդպես կարծում»: Ուրեմն արտասահմանում գտնվող հազարավոր մեր քաղաքացիների իրավունքները կարելի է խախտել (ոչ միայն արտագաղթածների, այլեւ պարզապես գործուղում գնացածների)՝ թույլ չտալով, որ նրանք քվեարկեն, իսկ ահա իմանալ՝ արդյոք տվյալ քաղաքացին քվեարկել է, թե ոչ՝ կոպիտ միջամտություն է նրա իրավունքներին:

Մի խոսքով՝ քաղաքացիների եւ ընտրողների ցուցակի հետ խնդիրներ իսկապես կան: Ամբողջ ցավն այն է, որ ընդդիմադիրներն այդ խնդիրները բարձրացնում են միայն ընտրություններից առաջ, երբ Ընտրական օրենսգիրքը փոխելու տարբերակ արդեն չկա, եւ երբ որեւէ բան ստուգելու առկա հնարավորություններն այլեւս սահմանափակ են: Թե օրենսդրական եւ թե գործնական քայլերը պետք է արվեն 5 տարիների ընթացքում, ոչ թե վերջին օրերին: Այդ առումով թե՛ Արման Մելիքյանի պահանջները եւ թե՛ երեք հիմնական ընդդիմադիր թեկնածուների երեկվա համատեղ հայտարարության ձեւակերպումները թեեւ, ըստ էության, տեղին են, բայց՝ ժամանակավրեպ:

Բայց Բագրատյանի, Հայրիկյանի եւ Հովհաննիսյանի համատեղ հայտարարությունը դրական քայլ է մեկ այլ իմաստով՝ ցույց է տալիս, որ բոլոր իրենց տարբերություններով եւ հակասություններով նրանք կարող են իրար հետ պայմանավորվել: Եթե նրանք ընդունակ են այս՝ «ժամանակավրեպ» հարցում գալ ընդհանուր հայտարարի, ապա, գոնե տեսականորեն, կարող են կատարել համատեղ քայլեր: Այդպիսի հնարավորություններից նշեմ երկուսը. ա) իրար վարկաբեկող հայտարարություններով հանդես չգալ, բ) փորձել համատեղ վերահսկողություն սահմանել ընտրությունների վրա: Մասնավորապես, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը խորհրդարանական ուժեր են եւ, հետեւաբար, տեղեր ունեն ընտրական հանձնաժողովներում: Հետեւաբար, Րաֆֆին պետք է մոբիլիզացնի իր կուսակցականներին, իսկ Բագրատյանը համոզի իրեն համակրող ՀԱԿ-ականներին, որ նրանք լծվեն ընդհանուր գործի: Դա հնարավո՞ր է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հարգելի,՝ Արամ Աբրահամյան: Ես կարծում եմ՝ Ձեր առաջարկությունը ոչ միայն
    հնարավոր է, այլ օդի նման անհրաժեշտ: Կցանկանայի այդ հարցում մի փոքր առաջ
    գնալ ըստ իմ պատկերացումների, որի իրականացումը՝ գիտեմ, որ շատ դժվար կլինի, բայց ո՞վ գիտե, գուցե աստված մեկ անգամ ևս՝ մեզ գթասիրտ լինի: Նախ հարկավոր է՝, բոլոր մտավորականների կողմից, այսինքն նրանց,՝ ովքեր խիստ
    մտահոգված են երկրի ճակատագրով, անկախ նրանից,՝ գրող են, նկարիչ, երաժիշտ,
    թե՞ պատշար, ծեփագործ, հավաքարար: ,, ով մտահոգված չի, նա մտավորական չի
    կարող լինել, այլ ուղղակի,՝ երգիչ է, նկարիչ, պատշար է այլն: Ես այդպես եմ կարծում: Թեպետ գուցե յուրաքանչյուրին թվում է, իր տեսակետից հենց ինքն է
    ամենամտավորականը, որոնցից մեկը կյանքն է զոհաբերում, մյուսը,՝ թալան անում:
    – Հարկավոր է մի հռչակագրով հանդես գալ, որը պարունակի երկու նպատակ:
    Նախ գործող նախագահին շատ հանգամանորեն ներկայացնելով նրա բոլոր վաս- տակները Արցախյան պատերազմում, և առանց չնչին վիրավորանքի հիմնավորել նրա հաջորդ նախագահական պաշտոնում լինելու ևս կործանարար նպատակները:
    Բացատրել, որ լինել,՝ լեռնային և մարտիկ ,, горец и воин,, գերազանց որակ է կռվի դաշտում, բայց կործանարար է երկրի կառավարման գործում, որը ցույց տվեց նրա
    և իր նախորդի վերջին տարիների երկրի կառավարումը: Եվ դեռ փորձում է խաբել
    ժողովրդին, նույն անտրամաբանական ելույթներով: Լավ է, որ ելույթների վերջում
    չի ասում, որ եթե չհավատաք անցած անգամվանը կլինի,՝ մարտի 1-ը:
    -Իսկ երկրորդը,՝ դիմել Բագրատյանին, Հայրիկյանին, Հովհանիսյանին, խնդրել,
    աղաչել, որ մոռանան բոլոր փոխադարձ վիրվորանքները, նստեն սեղանի շուրջ, և
    գան մի ընդհանուրի, և կոչ անեն ժողովրդին իրենց շուրջը համախմբվելու: Ես իմ
    տեսակետը ունեմ, այդ երեք գործիչների կողմից երկիրը հաջող կառավարման գործում: Բայց դա հաջորդ անգամ, իսկ հիմա կասեի հետևյալը,՝
    ՄԱՅՐԵՐ, ՀԱՅՐԵՐ, ՔՈՒՅՐԵՐ, ԵՂԲԱՅՐՆԵՐ, ԴՈՒՍՏՐԵՐ, ՈՐԴԻՆԵՐ: Նորից մեր երկրի
    ճակատագիրը հայտնվել է վտանգի տակ: Երկիրը զավթել են անազնիվ և անինքնա-
    սեր, արկածախնդիր մի խումբ, որոնցից ազատվելու պահը եկել է: Մենք իրավունք
    չունենք մտածել արյունահեղության մասին, ուստի եկել է պահը նրանցից ազատ-
    վել քաղաքակիրթ,՝ ընտրությունների ճանապարհով: Ցանկացած համարձակ քայլ
    պահանջում է,՝ կենտրոնացում, և ուժերի լարում: Սա էլ է Սարդարաբատի ճակա-
    տամարտ, բայց առանց արյան և ընտրատեղամասերում: Ուստի լսեք Ձեր հոգու
    ձայնը, ազատվեք ստրկամտական զգացողություններից, հակառակ դեպքում՝ Դուք
    անգիտակցաբար կնտրեք երկրի վախճանը:

  2. Ալեքսանդր says:

    Վերջերս բոլորս հասկացանք, որ հասարակությունը այլևս խորհրդային ժամանակվա մարդիկ չեն և բավականին մեծ ուժ է:
    Ընտրողները հենց իրենք կարող են ստուգել, թե արդյոք ապօրինաբար օգտագործվում են այլ մարդկանց քվեները: Օրինակ, գիտեմ, որ մեր մուտքում ընտրությունների օրը բացակա են լինելու վեց մարդ- 4 հոգի տեղափոխվել են Մոսկվա և գալիս են մեկ ամսով ամռանը, երկուսն էլ Հայաստանի հեռավոր շրջանում են աշխատում – ուստի և կնայեմ ցուցակում – որոնք ըստ հասցեի են- դրանց տեղը քվե կա տրված, թե չէ: Եթե բոլորս դա անենք, արդյունքները ավելի ճիշտ կլինեն:

  3. Ստեփան SPS says:

    Ես եւ կինս արդեն 2 տարի է բնակվում ենք արտասահմանում, ընտրացուցակներում մեր անունները կա:Մենք ընտրություններին չենք մասնակցելու, չենք ուզում մեր անունով
    կեղծիք կատարվի:ՈՒմ պետքե տեղեկացվի այս մասին,կա այդպիսի էլեկտրոնային հասցե:

  4. Anna says:

    Հարգելի Արամ Աբրահամյան, շատ հուզվեցի, չգիտեմ ինչու. Գուցե հույսս եմ կորցրել, որ Հայաստանում հնարավոր է ինչ/որ լավ բանի հասնել. Հարգելի Րաֆֆի Հովհաննիսյան, Պարույր Հայրիկյան և Հրանտ Բագրատյան, խնդրում եմ, այս անգամ մեզ հուսախաբ չանեք, միավորվեք ու պայքարեք մինչև վերջ. Դուք ինքներդ տեսնում եք, թե ինչպիսի վիճակում ենք հայտնվել ձեր ոչ միասնականության հետևանքով. Այսօր դուք եք իմ/մեր միակ հույսը. Եթե ժամանակին ՀՅԴ/ի հետ հույսեր էի կապում, ապա վճռականապես համոզվեցի, որ նրանք պարզապես գեղեցիկ ճառ ասողներն են, զանգ կախելու ժամանակ միայն շատ սահուն կերպով, իրենց բնորոշ բոյկոտներով սատարում են իշխանությանը. Այս հոդվացը որոշ հույս արթնացրեց ինձ մոտ, գուցե….

  5. Maxim says:

    Տեսնու՞մ եք՝ Առաջին համատեղ քայլը ինչով ավարտվեց: Փառք աստծո, որ Հայրիկյանը
    կենդանի մնաց, բայց հավատացեք, որ այլևս,՝ երկրորդ համատեղ քայլ չի լինի: Իսկ իրական
    հանցագործները կհայտնվեն այն ժամանակ, երբ ի հայտ կգան՝ հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի
    իրական հանցագործները:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031