Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտարարեց, որ իր շտաբը երեկ տեղեկություն է ստացել այն մասին, որ «Գրանդ Քենդի» ձեռնարկությունում աշխատակիցների անձնագրեր են հավաքում: Առաջիկա օրերին թեկնածուի շտաբը փորձելու է պարզել, թե ի՞նչ նպատակով են այդ ձեռնարկությունում անձնագրեր հավաքվում, բայց որ դա կապ ունի առաջիկա նախագահական ընտրությունների հետ, Արման Մելիքյանի շտաբում չեն կասկածում:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Մելիքյանի շտաբը ահազագել էր այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանում էլ անձնագրային տվյալներ են հավաքում: Aravot.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ իշխող կուսակցության ներկայացուցչի շտաբից հերքեցին նմանատիպ բաների հավանականությունը: Շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ իրենց կուսակիցները խստագույնս նախազգուշացված են եւ ընտրական օրենսդրության որեւէ խախտում չի լինելու:
Մինչդեռ Արման Մելիքյանն այն կարծիքին է, որ Հայաստանի ներկայիս իրավական համակարգի պարագայում որեւէ օրենք էլ չի կարող արդյունավետ գործել: Իսկ անձնագրերի եւ անձնագրային տվյալների հավաքագրումը, նրա կարծիքով, առավելապես ընտրողների վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ