2007-2013 թվականի հունվարի 16-ը ՀՀ քաղաքացիություն են ստացել այլ պետությունների 28.859 քաղաքացի: Հիշեցնենք, որ երկքաղաքացիության արգելքը ՀՀ-ում վերացվել էր 2055-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում: Իսկ 2008-2012 թվականի դեկտեմբերի 30-ը դադարեցվել է 2879 անձանց ՀՀ քաղաքացիությունը: Այս տվյալները հրապարակել է ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչությունը՝ պատասխանելով ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի՝ ԿԸՀ-ին ուղղված նամակին , որը վերահասցեավորվել էր սույն պետական մարմնին:
Հիշեցնենք, որ սույն նամակով, իբրեւ ընտրությունների իրավաչափության ապահովման գրավական, նախագահի թեկնածուն առաջարկում էր, որպեսզի հրապարակվեն Հայաստանից հեռացածների քանակային տվյալները, հրապարակվեն այն տվյալները, որոնք վերաբերվում են Հայաստանի քաղաքացիություն ընդունած, բայց Հայաստանում չբնակվող մարդկանց, թե քանի հոգի է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից եւ հրաժարումն իրավաբանորեն ձեւակերպված է:
Ի դեպ, նույն կառույցից թեկնածուին տեղեկացրել են, մինչեւ 2008 թվականը վիճակագրություն չի վարվել, ուստի անհայտ է այն քաղաքացիների ստույգ թիվը, ովքեր դադարեցրել են իրենց քաղաքացիությունը ՀՀ-ին: «Սա կարեւոր քայլ առաջ է իշխանությունների կողմից՝ մեր հարցերին արձագանքելու տեսանկյունից: Սա կարեւոր քայլ է, բայց ոչ բավարար, քանի որ այնուամենայնիվ հարյուր հազարավոր ընտրողների խնդիրը դեռեւս մնում է առկախ: Չկա Հայաստանում մի պետական մարմին, որն ունակ լինի տրամադրել հավաստի տեղեկատվություն այն մասին, թե անկախություն ստանալուց ի վեր որքա՞ն ընտրող է հեռացել»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թեկնածուն՝ հավելելով սեփական տեղեկատվությունը, որը պատրաստված է ՀՀ-ում պաշտոնական անձանց կողմից հրապարակված տեղեկությունների հիման վրա. «Առ 2010 թվականը մոտ 1 միլիոն 300 հազար մարդ հեռացել է Հայաստանից: Իսկ այնուհետ, եւս 200 հազարը»: Խոսքը մոտ 1 միլիոն 500 հազար մարդու մասին է, որոնց 2/3-ն, ըստ Մելիքյանի, քվեարկելու իրավունք ունեցողներ են: Այսինքն, այսօր փաստացի ՀՀ-ում ունենք մոտ 1 միլիոն 500 հազար «դեմ» քվեարկողներ: «Սրանք մեր թիմի կատարած համադրություններն եւ եւ կարծում ենք, որ իշխանությունը պետք է իր արձագանքը տա՝ ոչ թե քննարկելով կամ քննադատելով մեզ, այլ սեփականը ներկայացնելով»:
Երեկ Aravot.am-ի հետ զրույցում այս հարցին անդրադարձել էր նաեւ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը՝ ասելով, որ բարդ է հեռացածների եւ մնացածների բալանսի շուրջ խոսելը, քանի որ պետությունը համապատասխան վիճակագրություն չի վարել: Արման Մելիքյանը դա զարմանալի է համարում՝ հիշեցնելով, որ 2008-ի ընտրություններից հետո խոսվել է այն մասին, որ տվյալ խնդիրը կարեւոր է՝ ընտրությունների օրինականությունն ապահովելու տեսանկյունից: «Պարոն Հարությունյանը մեկ այլ կարեւոր բան էլ ասաց, որ ՀՀ-ից հեռացողները հեռանում են ոչ միայն ՀՀ անձնագրերով, այլ երկքաղաքացիության, այլ պետության անձնագրերով: Այսինքն, իրականում, ՀՀ-ից հեռացած ընտրողների թվաքանակը կարող է անգամ ավելի մեծ լինել, քան այն թիվը, որ ես բերեցի մեր ուսումնասիրություններից»:
Կարդացեք նաև
Բանախոսը չի կիսում Դ. Հարությունյանի կարծիքը, որ ԸՕ-ն թեկնածուներին վերահսկողական հնարավորություններ է ընձեռում: «Մենք շատ լավ գիտենք հետընտրական վերահսկողական հնարավորությունների նվազ սահմանները: Ինչ արվում է՝ արվում է մինչեւ քվեարկության օրը, երբ ընդդիմությունը՝ հավատալով իշխանությանը, իր կողմնակիցներին տանում է տեղամասեր ու դրանով խաղն ավարտվում է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ