Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական պասիվություն Ախալքալաքում

Հունվար 29,2013 12:35

Խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանի բնակչության մի մասը բաժանվեց նախագահի կողմնակիցների և հակառակորդների։ Հաճախակի դարձան նախագահի կողմնակիցների կամ հակառակորդների ակցիաները։ Այդ առումով ինչ է տեղի ունենում Ախալքալաքում:

Խորհրդարանական ընտրություններից հետո երկրի բնակչությունը բաժանվել է երեք խմբի։ Մի մասը մնում է հավատարիմ Վրաստանի նախագահ
Միխեիլ Սաակաշվիլիին, երկրորդ խմբում նախագահի հակառակորդներն են և պահանջում են նրա պաշտոնաթողությունը, իսկ երրորդ խումբը քաղաքական գործընթացներին ընդհանրապես չի միջամտում։ Ընտրություններից հետո արմատապես փոխվեց իրավիճակը նաև Ախալքալաքում։Եթե նախկինում մեծամասնությունը նախագահի կողմնակիցներն էին, հիմա տեղացիների մեծամասնությունը իր դիրքորոշումը չի հստակեցրել։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) տվյալներով, ընտրություններից հետո Վրաստանի նախագահին պաշտպանում է երկրի բնակչության 29 տոկոսը, իսկ մինչև ընտրությունները այդ ցուցանիշը հասնում էր 61 տոկոսի։

Ախալքալաքի բնակիչները կրկին խուսափում են լրագրողների հետ անկեղծ խոսակցություններից։ Սակայն Ախալքալաքի փողոցներում հարցում անցկացրեցինք տարբեր տարիքի 20 քաղաքացիների։ Նրանցից հինգը ասացին, որ նախագահը պետք է պաշտոնաթող լինի, այդ գաղափարի դեմ էին նույնքան հարցման ենթարկվածներ։ Չորսի համար այդ թեման ոչ մի նշանակություն չունի, իսկ վեցը դեռ չեն պարզել, ցանկանում են, թե ոչ նախագահի պաշտոնաթողությունը։

-«Այս պայմաններում նա իրեն արդեն սպառել է։ Պետք է թողնի նախագահի պաշտոնն ու կառավարման սանձերը հանձնի կառավարությանը։ Թեպետ պետք է մնա ընդդիմության շարքերում և ընդդիմությունը գործելու է կառավարությանը վերահսկելու համար»,- ասաց հարցման ենթարկվածներից մեկը։

-«Պաշտպանում եմ նրա (Միխեիլ Սաակաշվիլիի) թեկնածությունը, քանզի տեսնում եմ, թե ինչեր է արել։ Համոզված չեմ, որ նոր իշխանությունը կկարողանա ինչ որ բան անել»,- պատասխանեց նախագահի կողմնակիցը։

-«Նոր իշխանության նկատմամբ վստահություն չունեմ, այդ պատճառով դեռ չգիտեմ, որն է լավը և որը՝ վատը»,- պատասխանեց ախալքալաքցի տիկինը, որը իր դիրքորոշումը դեռ չի հստակեցրել։

Ի տարբերություն Ախալքալաքի, Վրաստանի մյուս քաղաքների բնակիչներին դիրքորոշման հստակեցման գործում նպաստում են քաղաքական ու հասարակական տարբեր գործընթացները։ Այդ առումով Ախալքալաքում լռություն է։

Ոչ կառավարական «Հավատարմություն» կազմակերպությունը՝ Իմերեթիի նախկին նահանգապետ Թեմուր Շաշիաշվիլու ղեկավարությամբ, նախագահի պաշտոնաթողության պահանջով միլիոն ստորագրույթուն է հավաքել։ Ստորագրահավաքը ավարտվեց Վրաստանի նախագահի նստավայրի մոտ անցկացված հանրահավաքով։

Ի հակադրություն հակառակորդներին, ստորագրահավաք սկսեցին նաև նախագահի կողմնակիցները։ Այդ գործողությունը գլխավորում է «Հայրենասեր» շարժումը։

Երկու կողմերն էլ ստորագրությունների հավաքումը իրականացնում են ողջ Վրաստանի մասշտաբով։ Իսկ Սամցխե-Ջավախեթիում ստորագրությունների հավաքման գործընթացը Ասպինձայից այն կողմ չի անցել։ Քաղաքական ոչ մի ուժի ներկայացուցիչ Ախալքալաքի և Նինոծմինդայի՝ հայաբնակ մունիցիպալիտետների բնակավայրերում չի երևացել։

Թե Սամցխե-Ջավախեթիի բնակչությունը կոնկրետ որ գործընթացն է պաշտպանում կամ հակադրվում է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, անհայտ է։

«Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի» համակարգող Արտակ Գաբրիելյանը գտնում է, որ այդ հարցերում բնակչության պասիվությունը պայմանավորված է հայ ազգաբնակչության շրջանում դեռևս պահպանված վախի գործոնով։

-«Իրականում նշանակալից է ոչ թե Սաակաշվիլու անձնավորությունը, այլ երկիշխանությունը։ Ցանկացած տեսակի երկիշխանությունը կործանում է երկիրը։ Այն, որ մեր մոտ կար հակակառավարական տրամադրվածություն, դա բնական է։ Բոլորը գիտեին, որ ամեն ինչ կախված էր նախագահից։ Տրամադրվածությունը կա, սակայն կարելի է եզրակացնել, որ ողջ երկրում և տարածաշրջաններում պահանջում են նախագահի պաշտոնաթողությունը, իսկ մենք՝ ոչ, քանի որ մարդկանց մեջ վախը մնացել է։ Այն ազդեցությունը, վախի տեսանկյունից և ճնշումը, այլ շրջաններում չի եղել»,- ասաց Արտակ Գաբրիելյանը։

Իրականում, ինչն է ազդում Ախալքալաքի բնակչության դիրքորոշման վրա, վախը, թե հասարակական ու քաղաքական պասիվությունը՝ դժվար է որոշել։ Սակայն փաստ է, որ Ախալքալաքում քաղաքական ջերմաստիճանը կրկին ցածր է։

Քրիստինե Մարաբյան
Ախալքալաք

Հարավային դարպաս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031