Հատված ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատրոնի եւ կինոյի դերասան Երվանդ Մանարյանի հետ հարցազրույցից:
– Առաջադրված թեկնածուներից ո՞ւմ եք համակրում։
– էդ դժվար խնդիր է։ Անկեղծ ասած՝ ես լսում եմ նրանց եւ որեւէ մեկին չեմ կարող ասել, որ անարժան է, բայց ո՞վ է ամենաարժանավորը, դա դժվար բան է։ Պիտի լսեն, պիտի մտմտան, մտածեն։ Էդ բոլորը կախված է, թե ընդհանրապես, ի՞նչ ընթացք կունենա քաղաքական դրվածքը մեզանում։ Միակ մարդը, որին լավ ճանաչում ենք, կրկնվող նախագահն է։ Հինգ տարի իշխել է Հայաստանում, արել է, չի արել, ինչ-որ արել է հիմա, նույնն էլ անելու է սրանից հետո։ Էդ մեկի մասին որոշակի կարծիք կա։ Մյուսներին դժվար է ասել։
Ես, օրինակ, ինքս զարմացած եմ, որ հանկարծ մի օր պարզվեց, որ ինչ-որ էպոսագետ կարող է իրեն առաջադրել, որպես նախագահի թեկնածու։ Բայց լսում եմ նրա մտքերը, տեսնում եմ, չէ, մտքեր կան։ Հիմա թե, ինչքանո՞վ կկարողանա դրանք իրագործել… Պատմությունը այդպես մի օրում չի կերտվում։ Շատ դժվար վիճակի մեջ ենք մենք, պիտի մի քիչ համբերություն ունենանք։ Անազնիվ մարդիկ չմտնեն էդ շարքը, մնացածը մենք կկարողանանք դասդասել, կարգավորել, լավը վատից ջոկել։ Սա է ամենակարեւոր խնդիրը։ Փորձված մարդիկ կան այնտեղ, ասենք՝ Հրանտ Բագրատյանի նման։ Փորձված մարդ է, նա շատ որոշակի կեցվածք ունի այդ հարցերում, նայում ես, ասում ես՝ այո, այստեղ միտք կա, այստեղ փորձ կա։ Որքանո՞վ է այսօրվան հարմար, էդ ուրիշ խնդիր է։ Կան բոլորովին անփորձ մարդիկ, բայց տեսնում ես, որ էդտեղ էլ մարդիկ հենց էնպես չեն մտել ընտրապայքարի մեջ՝ ինչ-որ մի բան շահելու համար։ Ուզում են ինչ-որ մի բան արած լինել։ Իրենց կարծիքով իրենց երկրի համար լավ բան են ուզում անել։
Կարդացեք նաև
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
«Հայկական ժամանակ»