Լրահոս
Օրվա լրահոսը

Գրեթե կասկած չունենք, որ փոխոստիկանապետ Մհերյանի սպանությունը կարելի է բացահայտել

Հունվար 29,2013 11:28

Մի քանի օրից, փետրվարի 3-ին կլրանա ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, ՀՀ նախագահի իրավական հարցերով նախկին օգնական, նախագահի հրամանով ստեղծված հակակոռուպցիոն ռազմավարություն իրականացնող խորհրդի մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահ Գևորգ Մհերյանի սպանության չորրորդ տարին: 2009 թ. փետրվարի 3-ին իր բնակարանի դիմաց դարանակալ մարդասպանի կրակոցներից զոհված փոխոստիկանապետի սպանության բացահայտման գործով, ըստ մեր ունեցած տեղեկությունների, դեռ առաջընթաց, համենայն դեպս, նշանակալի առաջընթաց չկա:

Իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը խնդրեց իր անունը չհրապարակել, մեզ հետ զրույցում թերհավատություն հայտնեց այս գործի բացահայտման առումով, քանի որ, ըստ նրա, օպերատիվ-քննչական խումբը ժամանակին ամբողջությամբ չի կատարել այն բոլոր գործողությունները, որ պետք է կատարեր, թանկարժեք ժամանակը բաց է թողել:

Նկատի ունենալով այս կարծիքը, մենք, այնուհանդերձ, գրեթե կասկած չունենք, որ մեծ ցանկության, կամքի և նպատակասլաց աշխատանքի դեպքում Գ. Մհերյանի սպանությունը կբացահայտվի: Միայն թե` դրա համար անհրաժեշտ կլինի բացատրություններ պահանջել նաև ՀՀ ոստիկանության և հատուկ քննչական ծառայության այն նախկին ու ներկա պաշտոնյաներից, որոնց, մեղմ ասած, տարօրինակ գործունեությանը, վերոնշյալ գործով կատարած ու չկատարած գործողություններին տողերիս հեղինակն անդրադարձել է հիշյալ սպանության առնչությամբ իր նախկին հրապարակումներում: Սակայն, դատելով ամենից, նրանցից բացատրություններ պահանջելու կամք կամ քաղաքական կամք առայժմ դեռ չկա: Դե ինչ, փորձենք նպաստել այդ գործին…

Գ. Մհերյանի սպանության գործի նախաքննությունն իրականացրած ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հատկապես կարևոր գործերի քննիչներ Ա. Վարդանյանը, Ս. Տոնոյանը, Վ. Ջանազյանը, ոստիկանապետի տեղակալի սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործով օպերատիվ խմբի ղեկավար, այն ժամանակ ՀՀ ոստիկանապետի տեղակալ (այժմ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար) Արմեն Երիցյանը Գ. Մհերյանի աշխատասենյակի զննում կատարելու վերաբերյալ 03.02.2008 թ. արձանագրությունում նշել են նաև, թե ինչ է հայտնաբերվել և առգրավվել փոխոստիկանապետի աշխատասենյակից:

Ըստ նշված արձանագրության, աշխատասենյակին կից օժանդակ սեղանիկի միջնամասում առկա ստորին հորիզոնական դարակից հայտնաբերվել և առգրավվել է նոթատետր, 15 դիսկետ, 10 լազերային սկավառակ, վճարման անդորագրի երկու խուրձ, իսկ աշխատասենյակի աջ կողմի վերևի 1-ին դարակից, ի թիվս այլ իրերի, նաև ծրար:

Ողջ հայտնաբերվածը և առգրավվածը փաթեթավորվել է, կնքվել ՀՀ հատուկ քննչական ծառայության փաթեթների համար նախատեսված թիվ 10 և 20 կլոր կնիքներով և ստորագրման ներկայացվել զննմանը մասնակցած ընթերականերին:

Հաջորդ օրը հիշյալ ծառայության ՀԿԳ քննիչ Ռ. Ամիրխանյանը կատարել է Գ. Մհերյանի ընդունարանից, աշխատասենյակից և հանգստյան սենյակում գտնվող չհրկիզվող պահարանից առգրավված փաստաթղթերի և իրերի զննում, որոնք տեղավորված են եղել տարբեր պոլիէթիլենային տոպրակներում և կնքված են եղել ՀՔԾ «փաթեթների համար թիվ 10 և 20» կնիքներով: Ընդ որում, ըստ Ռ. Ամիրխանյանի, կնիքները խախտված չեն եղել: Արդյունքում կազմվել է «Փաստաթղթերի զննում կատարելու վերաբերյալ» 04.02.2009 թ. արձանագրությունը: Դրանում, սակայն, որևէ բառ չկա Գ. Մհերյանի վերոնշյալ նոթատետրի ու աշխատասենյակի աջ կողմի վերևի 1-ին դարակից հայտնաբերված, առգրավված ծրարի մասին: Ո՞վ կարող է բացատրել, թե ինչ են պարունակել դրանք, ինչու և ինչպես են անհետացել փակ ու կնքված տոպրակներից: Արանքը հո մի նոր Դեյվիդ Կոպպերֆիլդ չի՞ եղել…

Ավելին. աշխատասենյակի զննում կատարելու վերաբերյալ արձանագրությունում նշված է նաև, որ Գ. Մհերյանի աշխատասենյակի աշխատասեղանի վրայից հայտնաբերվել է նաև «ՀՀ նախագահի աշխատակազմ» գրառմամբ փակ ծրար, իսկ «Փաստաթղթերի զննում կատարելու վերաբերյալ» արձանագրությունում այդ նույն ծրարի փակ լինելու վերաբերյալ արդեն ոչինչ չի նշված:

Հիշեցնենք, որ փոխոստիկանապետի սպանության ժամանակ Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վերադառնալուց հետո փետրվարի 5-ին շտապ հրավիրելով Անվտանգության խորհրդի նիստ, հիշյալ խորհրդի անդամներին, իրավապահներին հարցրեց, թե նրանց ի՞նչ օժանդակություն է անհրաժեշտ նշված հանցագործությունը բացահայտելու համար, որովհետև ակնհայտ է, որ այս ոճրագործությունը ցավ է պատճառել տասնյակ հազարավոր մարդկանց:

«Ցա՛վ, վրդովմունք, վիրավորանք, որովհետև ոճրագործների գնդակը ուղղված էր ոչ միայն կոնկրետ մարդու, պաշտոնյայի դեմ, այլև մի ողջ համակարգի դեմ, ողջ ոստիկանության դեմ, ողջ դատաիրավական համակարգի դեմ, և անկախ դրդապատճառից` մենք այդպես պետք է ընդունենք,- իր խոսքը շարունակելով, ասաց նախագահը:- Գևորգ Մհերյանի վերջին ամիսների գործունեությունն ուղղված է եղել կոռուպցիոն մեխանիզմների վերացման համար պայքարին, և սա էլ մենք պետք է գիտակցենք, պետք է գիտակցենք և համարժեք պատասխան տանք, սա պետք է գիտակցենք, և մեր գործողությունները պետք է բխեն նաև այս հանգամանքից»:

Չնայած ՀՀ նախագահի` ամենաբարձր մակարդակով օժանդակելու պատրաստակամությանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը և ոստիկանությունը դեռ չեն արդարացրել այն հույսերը, որ սպանված փոխոստիկանապետի հայրը և հանրությունն ունեին իրավապահ այդ մարմիններից: ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը, իր հերթին, այս հարցում չեղավ պահանջկոտ ու հետևողական: Գ. Մհերյանի սպանությունն առ այսօր մնում է չբացահայտված կամ էլ… պաշտոնապես չբացահայտված:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031