Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր ազատամարտիկներին չէին հրավիրել բանակի օրվա տոնական միջոցառումներին

Հունվար 29,2013 11:26

Հայաստանի Հանրապետությունը երեկ տոնում էր ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-ամյակը։ Իշխանական ողջ էլիտան տոնում էր հայոց բանակի օրը։ Իսկ այն մարդիկ, որոնք տարիներ առաջ լուրջ ավանդ են ունեցել այսօրվա բանակի կազմավորման գործում, պետական որեւէ միջոցառման չեն հրավիրվել։

«Սասուն» ջոկատի հիմնադիր հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյան

 – Պարոն Միքայելյան, պետական տոնական միջոցառումների հրավեր ստացե՞լ եք։

– Ո՛չ։ Ձեր կարծիքով՝ պիտի հրավիրեի՞ն։

– Դե արցախյան պատերազմում մեծ դերակատարում եք ունեցել, տրամաբանական է, որ գոնե բանակի օրվան նվիրված միջոցառումներին պիտի մասնակցեիք։

– Մենք մեր ծառայությունն ենք հատուցել մեր հայրենիքին ու մեր ժողովրդին։ Հպարտ եմ, որ այսօր ունենք 21-ամյա բանակ, որի կայացման հիմքը եղել է մեր ժողովրդի միասնականությունը։ Եւ մեր բանակն ավելի ամուր կդառնա, եթե կարողանանք վերականգնել մեր ժողովրդի հավատը եւ համախմբվենք։ Իսկ ինչ վերաբերում է հրավերքին, ես նման բաներին ուշադրություն չեմ դարձնում, քանզի գնահատականը այսօրվա կայացած բանակն է։ Իսկ թե հետագայում ով ինչ է արել, կգնահատեն ժողովուրդը եւ պատմությունը եւ ոչ թե այսօրվա իշխող էլիտան։

«Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ, նախկին քաղբանտարկյալ Սմբատ Այվազյան

– Պարոն Այվազյան, Ձեզ հրավիրե՞լ են բանակի օրվան նվիրված միջոցառմանը։

– Ոչ։

– Իսկ եթե հրավեր լիներ, Դուք կընդունեի՞ք այն։

– Բարդ է ասելը, չգիտեմ։   Բանակը մեր բոլորինն է, մեր ընկերների,  հարազատների բանակն է, իրենցը չէ։ Ուղղակի  ճակատագրի բերումով այսօր իրենք են կազմակերպում այդ ամենը։  Բայց  ցանկություն չունեմ իրենց հետ նույն դահլիճում նույն միջոցառմանը մասնակցել։

– Իսկ ինչպե՞ս եք նշում բանակի օրը։

– Եռաբլուրում եմ եղել իմ մարտական ընկերների հետ։ Մենք մեր ընկերների հետ ենք եղել, այն ընկերների, որոնք բանակի կազմավորման   ակունքներում  են   եղել, լուրջ ներդրումներ են ունեցել։ Ինչպես նաեւ ներդրումներ են ունեցել բանակի զարգացման եւ հզորացման գործում։ Իսկ օրվա երկրորդ կեսին մենք մեր մարտական ընկերների հետ տոնը կնշենք արդեն սեղանի շուրջ։

ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ

Մյասնիկ Մալխասյան

– Պարոն Մալխասյան, Դուք եւս հայկական բանակի զարգացման գործում դերակատարում ունեք: Մասնակցե՞լ եք բանակի օրվան նվիրված միջոցառումներին։

– Ո՛չ, հիմա տղաս ծառայում է բանակում, ինքն է մասնակցել։ Պարտադիր չէ, որ ինչ-որ միջոցառման ներկա լինենք։ Բանակը եղել եւ մնում է անկախության խորհրդանիշը, մեծ երաշխավորը, ու այսօր հայոց բանակում մեր զավակներն են ծառայում: Կարծում եմ՝ այսօր յուրաքանչյուր զինվոր ամեն ինչ անում է իր երկրի պաշտպանության համար։ Ու այսօր մեր զավակներն են եկել մեզ փոխարինելու ու ծառայելու հայոց բանակին։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031