Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ից ուզում են թողնել միայն անունը

Հունվար 29,2013 11:11

ՀԱԿ-ում արդեն տևական ժամանակ խորսակցություններ են շրջանառվում այն մասին, որ այդ կառույցը պետք է վերակազմավորվի կուսակցության: Դրա հստակ ազդակը եղավ ՀԱԿ ստվերային թոփ մենեջեր, մոսկվաբնակ Սմբատ Կարախանյանի` «Առաջին լրատվականին» տված հարցազրույցը, որտեղ նա խոսել էր այն մասին, թե ՀԱԿ-ից կհեռանան իրենց ինքնուրույնությունը պահպանել ցանկացող կուսակցություններն ու անհատները, իսկ նրանց փոխարեն կհայտնվեն նոր և ավելի երիտասարդ գործիչներ, և արդյունքում ՀԱԿ-ը կփոխի իր ձևաչափը:

Ինչո՞ւ առաջացավ ՀԱԿ-ը կուսակցությանների դաշինքից կուսակցության վերածելու անհրաժեշտությունը: Լևոն Տեր-Պետրոսյանի` չառաջադրվելու որոշումից հետո ՀԱԿ-ին անդամակցող կուսակցությունների դժգոհությունը` այս կառույցում որոշումների ընդունման ձևից ավելի մեծացավ: Ինչպես հայտնի է, ՀԱԿ-ում որոշումներն ընդունում էր մեկ մարդ` ՀԱԿ առաջնորդ հռչակված Լևոն Տեր-Պետրոսյանը: Բայց «Մաուգլի» մուլտֆիլմի օրինակով պետք է ասել, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ անդամները հասկացան, որ՝ «Акела промахнулся», այսինքն` առաջնորդը վրիպել է:

Բայց նրանք գերադասում էին դրա մասին բարձրաձայն չարտահայտվել` մտածելով, որ առաջնորդն այնքան էլ չի վրիպել, նա իրականում հաղթել է, ուղղակի նրա հաղթանակը գողացվել է կեղծված ընտրությունների միջոցով:

Բայց երբ հինգ տարի անց Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց մասնակցել նախագահական ընտրություններին և ապացուցել, որ ինքը շարունակում է մնալ առաջնորդ, արդեն շատերը սկսեցին հայտարարել, որ մեզ նոր առաջնորդ է պետք. «нам нужен новый вожак»:
Սմբատ Կարախանյանն ասում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս որոշ ժամանակ կմնա` որպես ՀԱԿ պատվավոր նախագահ, ինչպիսին է նա ՀՀՇ-ի համար: Իսկ ո՞վ պետք է լինի ՀԱԿ-ի նոր ղեկավարը: Որպես այդպիսին` Սմբատ Կարախանյանի համար ամենաընդունելի թեկնածուն, իհարկե, Լևոն Զուրաբյանն է, ում անունը նա չի տալիս, բայց ՀԱԿ-ում բոլորը հասկանում են, որ Կարախանյանի համար նախընտրելի թեկնածուն հենց Լ.Զուրաբյանն է:

Բայց ինչպե՞ս կարող է Կարախանյանը կամ որևէ այլ մեկը ՀԱԿ ղեկավար դարձնել Լևոն Զուրաբյանին, եթե այդ կառույցին մաս կազմող կուսակցություններից և ոչ մեկի ղեկավարը չի ցանականում ընդունել նրա առաջնորդությունը: Դա հնարավոր է միայն մի դեպքում, եթե ՀԱԿ-ը հրավիրվի համաժողով և կուսակցության վերակազմավորման վերաբերյալ որոշում կայացնի: Այդ դեպքում բոլոր այն կուսակցությունները և գործիչները, որոնք քիչ թե շատ ինքնուրույն գործելու կողմնակից են, կհեռանան ՀԱԿ-ից, իսկ այն, ինչ կմնա դրա տակ, կվերածվի կուսակցության: Ահա սա է Սմբատ Կարախանյանի առաջարկած սցենարը, որով նա առաջարկում է ՀԱԿ-ը մաքրել ոչ ցանկալի տարրերից: Արդյունքում` կմնան այն մարդիկ, ովքեր որևէ ամբիցիա չունեն և պատրաստ են ճանաչել Լևոն Զուրաբյանի լիդերությունը:

Թվում է` այս ծրագրի իրականացումը բավական դժվար է, քանի որ ՀԱԿ-ին անդամակցող կուսակցությունները կարող են բողոքել, որ իրենց հետ շատ վատ են վարվում. 5 տարի օգտագործում են, իսկ հետո` դեն նետում: Բայց նրանց որևէ մեկը չի էլ պատրաստվում լսել. ուղղակի կհայտարարվի կուսակցության վերակազմավորվելու համագումարի օրն ու ժամը, և բոլոր նրանք, ովքեր դեմ կլինեն դրան, չեն ներկայանա այդ միջոցառմանը: Որևէ մեկը չի ցանկանա հրապարակային արտահայտել իր դժգոհությունը, իսկ պատի տակ արված հայտարարություննները ոչինչ չարժեն:

ՀԱԿ վերնախավի ներկայացուցիչները հիմա հաշվում են, որ ՀԱԿ-ին անդամակցող կուսակցություններից գրեթե ոչ մեկը չի ինքնալուծարվի, բացառությամբ
մեկ-երկուսից, որոնք իրավաբանորեն նույնիսկ գոյություն էլ չունեն: Խորհրդարանական խմբակցության անդամներից նոր ՀԱԿ-ին կանդամակցեն միայն Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը, քան որ մյուս հինգ պատգամավորները տարբեր պատճառներով չեն ցանկանա դառնալ ՀԱԿ կուսակցության անդամներ:

Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը արդեն տևական ժամանակ է, խզել են հարաբերությունները խմբակցության և ՀԱԿ-ի հետ, Ստեփան Դեմիրճյանը բացառում է հոր ստեղծած և իրեն ժառանգություն թողած կուսակցությունը լուծարելու հնարավորությունը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը համարում է, որ ՍԴՀԿ-ն հայ քաղաքական կյանքի առաջին կուսակցությունն է և ենթակա չէ լուծարման, իսկ Գագիկ Ջհանգիրյանը մի առիթով հայտարարել է, որ ինքը չի ցանկանում կուսակցական դառնալ:
Արամ Մանուկյանի վիճակն այս դեպքում չափազանց բարդ է. նա հասկանում է, որ ՀՀՇ-ի լուծարման և ՀԱԿ-ին մաս դառնալու դեպքում` ինքը կորցնում է կուսակցության նախագահի կարգավիճակը, բայց նա ոչինչ չի կարողանալու անել և միակն է լինելու, որ ստիպված ընդունելու է Լևոն Զուրաբյանի առաջնորդությունը:

Այս գործընթացը շատ բնական է և օրինաչափ. մանավանդ, որ պետք է մի օր Լևոն Զուրաբյանը դուրս գա Լևոն Տեր-Պետրոսյանի ստվերից և փորձի ինքնուրույն գործել. գոնե ներհայաստանյան քաղաքական դաշտում, և այդ ժամանակ գուցե երևա, թե ինչպիսի քաղաքական գործիչ է նա և ինչպիսի հզոր ու հեղինակավոր կուսակցություն կարող է ստեղծել, անկախ այն հանգամանքից, որ ՀԱԿ-ի ապագային վերաբերվող հիմնական հայտարարություններն անում են ոչ թե ՀԱԿ ներկայացուցիչները, այլ Սմբատ Կարախանյանը:

«168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031