Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը Անահիտ Բախշյանին չի պատասխանի

Հունվար 29,2013 11:06

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Facebook- ի իր էջում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին գրել է. «ՀՀ Կրթության նախարարը, լինելով բաց ու հասանելի քաղաքական գործիչ, պետք է ապահովի ուսանողների եւ նախագահի թեկնածուների հանդիպումը:

Հարգելի պարոն Աշոտյան, ոչ «Կրթության մասին», ոչ էլ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները չեն արգելում քաղաքական այնպիսի վճռորոշ իրադարձության ժամանակ, որպիսին ՀՀ նախագահական ընտրություններն են, թեկնածուների հանդիպումը ուսանողության հետ: Վերոնշյալ օրենքներն արգելում են քաղաքականացնել դասապրոցեսը, ուսանողներին քարոզել բուհի կառավարման խորհրդի նախագահի, ռեկտորի կամ որևէ դասախոսի կուսակցությունն ու առավել ևս պարտադրել դառնալ այդ կուսակցությունների անդամ: Դուք, քաղաքական առումով լինելով ակտիվ ուսանող, բուհի ուսխորհրդի նախագահ,որպես երիտասարդ նախարար Ձեր կենսագրությամբ նաև օրինակ երիտասարդների համար, ինչպե՞ս էիք մասնակցում երկրի քաղաքական այնպիսի կարևոր իրադարձությանը, որպիսին նախագահական ընտրություններն են: Դուք իրավունք ունե՞ք զրկել ուսանողներին շփվել նախագահի թեկնածուների հետ: Ուսանողները որտե՞ղ իրենց անհանգստացնող ու իրենց կողմնորոշող հարցերը պետք է տան թեկնածուներին, եթե ոչ բուհում` հանդիպումների ժամանակ: Եթե արգելում եք այդ հանդիպումները, ապա երիտասարդների հետ Դո՛ւք հանդիպեք ու կիսվեք Ձեր փորձով: Իմ կարծիքով, որպես ԿԳ նախարար անձամբ պետք է շահագրգիռ լինեք այդ հանդիպումներով ու ամեն ինչ անեք, որպեսզի երիտասարդներն անտարբեր քաղաքացիներ չլինեն, այլ իրենց գիտակից ընտրությամբ մեր Պետության ապագայի տերը դառնան»:

Aravot.am- ը ԿԳ նախարարին, որն այս պահին Լոնդոնում է, խնդրեց մեկնաբանել, տիկին Բախշյանի` իրեն ուղղված հայտարարությունը: Արմեն Աշոտյանն ասաց, որ այդ թեմային կանդրադառնա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բանավեճի ժամանակ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը խախտում է Սահմանադրությունը եւ քարոզչություն իրականացնում մանկավարժական համալսարանում, պարոն Հովհաննիսյանն էլ հայտարարել էր, որ ընդամենը Ազգային գրադարանում և երեք համալսարաններում ներկայացրել է իր որդու Կարին Հովհաննիսյանի գիրքը, ինչի մեջ որեւէ քարոզչություն չկա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031