Աչքալուսանք մարդկանց՝ «ընտրակաշառք լինելու է»
Այսօր ՀԱԿ եւ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը մի ուրախալի լուր հայտնեց բոլոր նրանց, ովքեր սպասում են ընտրակաշառքի եւ մտածում են, որ այս ընտրություններին դա չի լինելու. «Ես մի հարցազրույցում ասեցի, որ այս անգամ փող չեն տալու: Բայց սխալվեցի: Այս անգամ փողը չեն տալու, որ Սերժին ձայն տան, չէ: Դրա համար չեն տալու: Գումար են տալու, որ մարդկանց տնից դուրս հանեն, որ փողոցը դատարկ չլինի: Էս անգամ ասեմ ձեզ՝ կնիքները չեն ջնջվելու, մնալու են»,- Aravot.am-ի հետ զրույցում առաջիկա ընտրություններին սպասվող «նորամուծություններին» ծանոթացրեց պարոն Եղիազարյանը:
Ըստ նրա, այս ընտրությունները «խայտառակ բան» են լինելու. «Հիմա ցուցակներ են պահանջում՝ մարդկանց աշխատանքից վռնդելու պայմանով: Այդ ցուցակները հսկողների հետ տասնապետներ են նշանակում, ովքեր պետք է գնան ընտրատեղամասերի մոտ կանգնեն, ստուգեն մարդկանց ազգանուններով՝ գալի՞ս են, թե՞ չեն գալիս: Օրինակ, վարչության պետերի վրա դրել են 500 մարդ, որ պետք է գնան ստուգեն»:
Մեր հարցին՝ որտեղի՞ց գիտեք, ներքի՞ն ինֆորմացիա է, Գուրգեն Եղիազարյանը հարցին հարցով պատասխանեց. «Բարեկամ չունե՞ք, էս երկրից չե՞ք: Լավ, վարչության պետ բարեկամ չունեք, իսկ չունե՞ք, որ այս պետբյուջեից գումար է ստանում: Ով ունի մարդ, ծանոթ, բարեկամ, հարեւան, ով աշխատում է պետական տեղ, հարցրեք այդ մարդուց: Կասի՝ անունս չտաք, բայց էսքան ցուցակ ունեմ: Այս ընտրություններին մեռած վիճակ է լինելու, ընկած մարդ են հավաքում: Գյուղերում այն որ ասում են՝ գզիրն ընկած դռնեդուռ, ասում են՝ ով մարդ բերեց՝ փող եմ տալու: Որ ապահովեն, նկարահանեն, թե մարդ է եղել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ