ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրապարակել են հայտարարություն այսօր Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ կայացած համատեղ հանդիպման մասին։
Նախարարների հետ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) եւ Իեն Քելլիի (ԱՄՆ) հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Համանախագահները եւ նախարարները քննարկել են խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքային առաջարկը, որը կողմերին են ներկայացրել 2012 թվականի հոկտեմբերին։
Նրանք նաեւ մտքեր են փոխանակել վստահության ամրապնդմանը նպաստող հնարավոր քայլերի մասին։
Կարդացեք նաև
Համանախագահները հիշատակել են 2012 թվականի ապրիլի 14-ի եւ հուլիսի 13-ի իրենց հայտարարությունները եւ նախարարների հետ քննարկել են դեպի Լեռնային Ղարաբաղ ու Լեռնայից Ղարաբաղից քաղաքացիական չվերթների հարցը։
Երկու արտգործնախարարները եւ համանախագահները ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խաղաղության հաստատման հարցով բանակցություններ անցկացնելու կարեւորությունը։
Արտգործնախարարները վերահաստատել են իրենց հավատարմությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ու բանակցությունների շարունակմանը։
Նախարարները եւ համանախագահները համաձայնել են նոր քննարկումներ անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում։
Արմեն Քոլոյան
«Ազատություն» ռադիոկայան