Կապանի սահմանամերձ Ներքին Հանդ գյուղը Ղարաբաղյան հակամարտության տարիներին շրջափակվել էր
Կապանի տարածաշրջանի Ներքին Հանդ գյուղը, լինելով սահմանամերձ բնակավայր, պաշտպանական և ռազմավարական տեսանկյունից կարևոր նշանակություն է ունեցել հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում:
1991-93թթ. պատերազմական գործողությունների ժամանակ զգալի տուժել է գյուղը, գյուղացիները 20 տարի անց էլ չեն մոռանում, թե ինչպես են ազերինները 1993.թ-ին ներխուժել գյուղ և հրդեհել այն, ապրումներն ու այդ օրերի մռայլ տեսարանները հիշողություններից ջնջելհանդեցիները չեն կարողանում:
Սեյրան պապն այդ օրերի հետ կապված դառը հիշողություններ ունի: Սեփական գյուղը պաշտպանող եւ հակառակորդի դեմ կռվի ելած թոռներին է կորցրել, որից հետո ինքը հանգիստ տեղը նստել չի կարողացել: Ասում է, որ վրեժը լուծելու եւ հոգու հանգստության համար զենքը ձեռքն է վերցրել եւ միացել կամավորական ջոկատին: Կորցրած հարազատներին չի կարողացել ետ վերադարձնել, բայց հոգին հանգիստ է որոշ չափով, քանի որ թշնամին արժանի հակահարվածը ստացավ, եւ որոշ ժամանակ անց գյուղը նորից բնակեցվեց:
Կարդացեք նաև
Գյուղի դասվար Գալյա Գասպարյանն այսօր հպարտությամբ է խոսում գյուղի կրած հաղթանակի մասին: «Յուրաքանչյուր մարդ պետք է պայքարի, որ հաղթի, եւ մենք հաղթել ենք: Չնայած շատ զոհեր ու կորուստներ ենք տվել հանուն մեր հող ու ջրի, բայց հիմա մենք հպարտ ենք, որ հայ ենք, որ մեր գյուղը պահում ենք», – հպարտությամբ ասաց տիկին Գալյան: Այժմ Ներքին Հանդի բնակիչներն ուրախությամբ են նշում, որ այդ տարիներից ձեռքբերված խաղաղությունը ներկա օրերում պատվով պահպանում է հայոց ազգային բանակը, որն այսօր մեծ շուքով նշում է իր կազմավորման 21-րդ տարեդարձը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ